17/06/2025

Ստեղծված իրավիճակում ինչ կարող են անել Հնդկաստանն ու Հայաստանը

Տեղի է ունեցել Հայաստանի ԱԳ նախարարի հեռախոսազրույցը Հնդկաստանի արտգործնախարար Սուբրամանյամ Ջայշանկարի հետ: Ըստ տեղեկության՝ քննարկվել է տարածաշրջանում ստեղծված իրավիճակը, երկուստեք շեշտվել է ճգնաժամային պայմաններում մշտական կապի և սերտ համագործակցության կարևորությունը:

Սա բավականին էական հանգամանք է ոչ միայն այն պատճառով, որ վերջին տարիներին ձևավորվել է հայ-հնդկական ռազմա-քաղաքական ինտենսիվ երկխոսություն և ռազմա-տեխնիկական գործակցություն:

Իրանի դեմ Իսրայելի սանձազերծած պատերազմի պայմաններում, Հնդկաստանի հանգամանքը Հայաստանի հետ երկխոսության ֆոնին ուշագրավ է նրանով, որ Դելին բավականին սերտ հարաբերություն ունի Թել Ավիվի հետ:

Օրինակ՝ Պակիստան-Հնդկաստան լարվածության պայմաններում, Իսրայելը անթաքույց աջակցություն էր հայտնում Հնդկաստանին: Հնդկաստան-Իսրայել կապը խորացել է վերջին տարիներին:

Այդ ֆոնին, հաշվի առնելով այն, թե ինչ ռիսկեր են բխում մեր ռեգիոնում՝ Իրանի հանդեպ Իսրայելի հնարավոր գործողությունների համատեքստում, Հնդկաստանի հետ աշխատանքի հանգամանքը ստանում է առանձնակի, երկակի կարևորություն:

Կարևորություն, որովհետև Հնդկաստանը իր աշխարհաքաղաքական հետաքրքրությունների բերումով Հայաստանը դիտարկում է Կովկասում առաջնային գործընկեր՝ հետևաբար ինքնին այդ հանգամանքը կարևոր է դառնում անվտանգային միջավայրում ռիսկերի աճի կառավարման համար և կարևորություն, որովհետև Հնդկաստանը սերտ հարաբերություն ունենալով Իսրայելի հետ, կարող է նպաստել կոնկրետ այդ հանգամանքից եկող ռիսկերը կանխարգելելուն:

Հայտնի է, որ Իսրայելը Ադրբեջանի հետ իր հարաբերությունը, անկասկած, դիտարկում է նաև հենց Իրանի դեմ համատեքստում: Եվ այստեղ, իհարկե, առաջանում են բազմաշերտ ռիսկեր, որոնք կարիք ունեն կառավարման:

Հատկանշական է, որ Հայաստանի և Հնդկաստանի արտգործնախարարներն առկա պայմաններում կարևոր են համարել մշտական կապի և սերտ գործակցության հանգամանքը: Սա թերևս հուշում է նաև, որ քննարկվել է որևէ կոնկրետ բովանդակություն և այդ առնչությամբ որոշակի գործընթացի հավանականություն: