21/06/2025

Իրանը ԱՄՆ-ին մեղադրում է խաբելու համա՞ր

Իրանի նախագահի մամուլի ծառայությունը տարածել է տեղեկություն, ըստ որի՝ Իրանի նախագահը Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ հեռախոսազրույցում ասել է, թե որ դեպքում Իրանը կվերադառնա ԱՄՆ հետ բանակցային գործընթացի:

Ըստ Իրանի նախագահի մամուլի ծառայության՝ Փեզեշկիանը Էրդողանին ասել է, որ ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Ուիտկկոֆը բանակցության ընթացքում Իրանի ներկայացուցիչ Արաղչիին հավաստիացրել է, որ Իսրայելը չի հարվածի առանց ԱՄՆ թույլտվության:

«Բայց բանակցային նոր ռաունդից առաջ Իսրայելը գրոհեց Իրանը, ինչը ցույց է տալիս, որ ԱՄՆ նրանց տվել է մեզ վրա հարձակվելու համաձայնություն: Եթե ԱՄՆ ուզում է վերսկսել բանակցությունը, ապա պետք է նախ դադարեցնի Իսրայելի ագրեսիան ռեգիոնի երկրների նկատմամբ», – Փեզեշկիանի խոսքն է տարածել Իրանի նախագահի մամուլի ծառայությունը:

Իրանը ԱՄՆ-ին մեղադրում է խաբելու համա՞ր: Բայց չէ՞ որ միջազգային հարաբերություններում մեղմ ասած շատ միամիտ է, երբ պետությունները կարող են այդպես խաբվել:

ԱՄՆ կարող էր Իրանին անել այդպիսի հավաստիացում, բայց Իրանն ունե՞ր դրան անվերապահ հավատալու և Իսրայելի հարվածին պատրաստ չլինելու կամ ամեն պահի դրան չսպասելու իրավունք: Թերևս՝ ոչ: Այդպիսի իրավունք չունի որևէ պետություն՝ անվերապահ հավատալ այսպես ասած դիմացինի որևէ հավաստիացման և չունենալ ցանկացած պահի այլ իրավիճակի բախվելու հանդեպ լիարժեք պատրաստվածություն:

Թե՞, այդուհանդերձ, Իրանն այդպիսով փորձում է ստեղծել տպավորություն, որ Իսրայելի առաջին հարվածն ուժգին ու անակնկալ, նաև այդպիսով խիստ ցավոտ է եղել, որովհետև Իրանը «հավատացել» է ԱՄՆ նախագահի ներկայացուցչին:

Բոլոր դեպքերում, այս իրավիճակները «դասագրքային» են գործնականում բոլոր պետությունների համար, հատկապես նրանց, որոնք ունեն կոնֆլիկտային պատմություններ և դրանք կառավարելու անհրաժեշտություն:

Հայաստանն այդ թվում է, հետևաբար օրինակը պետք է լինի ուսանելի: Ինչպիսի ընթացք էլ ունենա հայ-ադրբեջանական այսպես կոչված խաղաղության գործընթացը՝ փաստաթղթային, կամ բանավոր համաձայնությունների տրամաբանությամբ, այդուհանդերձ, Հայաստանն իրավունք չունի որևէ այդպիսի համաձայնություն կամ հավաստիացում դիտարկել իբրև հաստատուն իրողություն:

Հայաստանը պարտավոր է կասկածի տակ դնել ցանկացած հավաստիացում, ընդ որում ոչ միայն Ադրբեջանից կամ Թուրքիայից, այլ գործնականում նաև մնացյալ բոլոր խաղացողներից: Սա չի նշանակում անվստահություն և դեմարշ բոլորի հանդեպ: Խոսքը ««կասկածի կանխավարկածի» մասին է, որով միշտ պետք է առաջնորդվել զուտ պետական գործառույթների կազմակերպման համար:

Առավել ևս, որ այստեղ խնդիրը նույնիսկ այն չէ, որ որևէ մեկը կարող է մի բան խոսել և անել այլ բան՝ միտումնավոր: Ի վերջո, միջազգային քաղաքականությունը անգամ զուտ երկու սուբյեկտների գործընթացում մշտապես բազմազան է և բազմաշերտ, այդ երկու սուբյեկտներից յուրաքանչյուրը իր հերթին ունի այլ սուբյեկտների հետ երկկողմ ու բազմակողմ այլ հարաբերություններ, թեմաներ, օրակարգեր և այլն, հետևաբար խնդիրը միայն այն չէ, որ որևէ հավաստիացումը կարող է լինել խաբկանք:

Հավաստիացումը կարող է լինել անկեղծ, բայց ամենատարբեր շերտերի ազդեցության ներքո կարող են ձևավորվել նոր մոտիվներ ու առաջնահերթություններ: Իսկ այդ դեպքերում, իհարկե, պետություններն ու դրանց ղեկավարները օբյեկտիվորեն գնում են հենց դրանց հետևից:

Ըստ այդմ՝ պետք է ամեն վայրկյան պատրաստ լինել արմատական շրջադարձերի: Մեր ժամանակներում դա է էֆեկտիվ կառավարման հիմնարար ցուցիչներից մեկը: