21/06/2025

Որոշել է տան վարձը չտալով փախչել, բայց մինչ փախուստն էլ առավելագույնս փչացնում է վարձակալած գույքը

Երկու օր առաջ Փաշինյանը վերադարձել է Պրահայից, ուր մեկնել էր հունիսի 13-ին՝ Իսրայել-Իրան պատերազմի բռնկման օրը: Երեկվա դրությամբ նա դեռ որեւէ բառ չէր ասել այս զարգացումների, մասնավորապես՝ Հայաստանին սպառնացող վտանգների մասին: 

Հրապարակ թերթը գրել է․ Փաշինյանը ոչ մի քայլ չի արել՝ Հայաստանի դաշնակիցների ու բարեկամ երկրների հետ իրավիճակը քննարկելու, երկրի անվտանգությանը սպառնացող զարգացումների՝ թուրք-ադրբեջանական ռազմական ներթափանցման սցենարի դեպքում աջակցություն ակնկալելու ուղղությամբ:

Նա չի անդրադարձել այն խնդրին, թե ինչ քայլեր պետք է կատարի Հայաստանը, եթե էսկալացիան հասնի այն մակարդակին, որ, օրինակ, իրանահայ համայնքից մեր հայրենակիցները հայրենիք գան, կամ` իրանցի փախստականներ փորձեն անցնել ՀՀ սահմանը: Խնդիրների այս ցանկը սպառիչ չէ:

Փոխարենը Ֆեյսբուքում Փաշինյանը հասցրել է դեռ միայն 6 ստատուս գրել, օրինակ, իր ու կնոջ կրթարշավի մասին, այն մասին, որ Ավշար բնակավայրի Շիրազի փողոցում 0,966 հա մակերեսով հողամասի 416,6 քմ մակերեսի նախկին կոլտնտեսության շենքի նկատմամբ համայնքի սեփականությունն է վերականգնվել…

Սա, իհարկե, աբսուրդ կթվար որեւէ երկրի դեպքում, որի անմիջական բարեկամ-հարեւանի դեմ հարձակում է սկսվել, որտեղ թիրախում նաեւ քո հայրենակիցներն են, որոնց մի մասը նաեւ քո քաղաքացիներն են, որի հարեւանությամբ բռկված պատերազմը ժամերի ընթացքում կարող է տեղափոխվել ՀՀ տարածք: Սա աբսուրդ կթվար բոլոր երկրների, բայց ոչ Նիկոլի ժամանակների Հայաստանի համար:

ՔՊ-ական իշխանության՝ իրավիճակին անհաղորդ ու անդարդուցավ կեցվածքը ո՛չ առաջին, ո՛չ էլ, ցավոք, վերջին դեպքն է համարում ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը: «Եզակի դեպք չէ, որ ՀՀ ներկայիս իշխանություններն արհամարհում են Հայաստանի անվտանգային խնդիրները, էլ չասած, որ հաճախ հենց իրենք են այդպիսի խնդիրներ ու ճգնաժամեր ստեղծում։

Նույնկերպ անտարբեր են այս օրերին Ապարանում, Շիրակում եւ հյուսիսի այլ մարզերում բնական աղետների հանդեպ, թեպետ չէի զարմանա, եթե Թուրքիայում լիներ նման աղետ, միանգամից օգնություն ուղարկեին։ Եվս մեկ օրինակ, երբ ՀՀ-ում իշխանության ղեկը գրկած ուժը չի կատարում իր ուղիղ պարտականությունները. արդեն ամսից ավելի է՝ Վրաստանը թույլ չի տալիս հայկական ալկոհոլ արտահանել Ռուսաստան, եւ ՀՀ իշխանություններից որեւէ բացատրություն, որեւէ ադեկվատ արձագանք չկա»,- «Հրապարակ»-ի հետ զրույցում արձանագրում է Կարեն Վրթանեսյանը։

Իրանի ապակայունացումը, մեր զրուցակցի խոսքով, աղետալի հետեւանքներ կարող է ունենալ Հայաստանի համար՝ սկսած փախստականների ներհոսքից, վերջացրած Հայաստանի դեմ Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների վերսկսմամբ։ «Չմոռանանք նաեւ, որ Իրանը Հայաստանին արտաքին աշխարհի հետ կապող 2 բաց ճանապարհներից մեկն է։ Առանձին թեմա է նաեւ իրանահայությանն աջակցելու հարցը. լուրեր կան, որ արդեն տուժել է համայնքին պատկանող գույք, եւ ո՞վ գիտի, թե էլ ինչ փորձություններ են սպասվում։

Այնուամենայնիվ, նիկոլական ռեժիմը գերադասում է չնկատել այդ ամենը։ Ընդհանրապես, նիկոլական ռեժիմի վերաբերմունքը Հայաստանին կարծես անբարեխիղճ վարձակալի վարք լինի, որն արդեն որոշել է տան վարձը չտալով փախչել, բայց մինչ փախուստն էլ առավելագույնս փչացնում է վարձակալած գույքը»,- պատկերավոր օրինակ է բերում ռազմական փորձագետը։

Նորմալ հայկական իշխանությունները, Կարեն Վրթանեսյանի խոսքով, առնվազն դեռ ռուս-ուկրաինական պատերազմի առաջին իսկ օրերից կմշակեին ու կգործարկեին պարենի՝ մի քանի տարվա պաշարներ ստեղծելու ծրագիր, զուգահեռ՝ գյուղատնտեսության ոլորտին զարկ կտային։ «Երկրորդը՝ բանակի վերազինում եւ իրական բարեփոխումների ծրագիր՝ հաշվի առնելով ե՛ւ 44-օրյա պատերազմի, ե՛ւ արդեն Ուկրաինայում ռազմական գործողությունների փորձը։

Նշեմ, որ վերջին 3 տարին հիմնովին փոխել են ռազմական գործողությունների տրամաբանությունը։ Այս ամենը Հայաստանում հաշվի չի առնվում, մեծ հաշվով, 2020-ից ի վեր, Նիկոլ Փաշինյանը զբաղվել է բանակը կազմաքանդելով։ Արցախը հանձնելն էլ կտրուկ վատթարացրել է ՀՀ վիճակը թե՛ ռազմական անվտանգության առումով, թե՛ պարենային, ջրային եւ էներգետիկ անվտանգության տեսակետից»,- ասում է Կարեն Վրթանեսյանն ու հարցնում՝ Իրանի ապակայունացման դեպքում ո՞ր ճանապարհով են Հնդկաստանից սպառազինության այդքան գովազդված գնումների համար զինամթերք ու պահեստամասեր ներկրելու։

«Այդ համակարգերի վրա ահռելի գումարներ են ծախսվել, արդյո՞ք չի կրկնվելու «Սու-30-ներ ունեինք, բայց համապատասխան հրթիռներ չունեինք» պատմությունը` այս անգամ արդեն հնդկական զենքի համար»,- Փաշինյանի համար օդում կախված հարց է թողնում մեր զրուցակիցը։ Երրորդ կարեւոր խնդիրը, ինչպես շեշտում է Վրթանեսյանը, քաղաքացիական պաշտպանության հարցն է՝ 44-օրյա պատերազմի օրերից ի վեր շենքերի մուտքերի մոտ փակցվում են թռուցիկներ, որոնց վրա պետք է գրված լինեն ռմբապաստարանների հասցեները, բայց դրանց մեծ մասի վրա մոտակա ռմբապաստարանի հասցեի դաշտը դատարկ է թողնված։

«Խնդիրներն այնքան շատ են, որ, անկեղծ ասած, հնարավոր էլ չէ բոլորը թվարկել։ Բայց №1 խնդիրն այն է, որ ՀՀ ներկայիս իշխանություններն իրենց առավելագույնս դիստանցավորում են Հայաստանի եւ հայության անվտանգային խնդիրները լուծելուց, հակառակը՝ նոր խնդիրներ են ստեղծում, իսկ եղածները՝ խորացնում»,- եզրափակում է մեր զրուցակիցը։