08/07/2025

Բնակարաններ, ավտոմեքենաներ, հանգստի համար՝ միլիոնավոր դրամներ. Լևոն և Սիրուշո Քոչարյանների հայտարարագիրը

ՀՀ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը 2025 թվականի մայիսի 30-ին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացրել 2024 թվականի իր գույքի և եկամուտների տարեկան հայտարարագիրը:

Ըստ այդմ՝ նա հայտարարագրել է մեկ միանձնյա սեփականությամբ ավտոկայանատեղի Երևանում, որը գնել է 2009 թվականին։ Վերջինս միանձնյա սեփականությամբ մեկ բնակարան ունի Երևանում, որը որպես նվիրատվություն ստացել է 2009 թվականին։

2012 և 2013 թվականներին Քոչարյան կրտսերը ձեռք է բերել համատեղ սեփականությամբ բազմաբնակարան շենքի ոչ բնակելի երկու տարածք։

Քոչարյանը հայտարարագրել է երկու շարժական գույք․ 2019 թվականին ձեռք բերած նույն թվականի արտադրության և 2013 թվականին ձեռք բերած նույն թվականի արտադրության «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաներ։

Վերջինիս թե՛ անշարժ, թե՛ շարժական գույքերը տարեվերջին պահպանվել են։

Նա 90 օրից ավելի փաստացի օգուտ է ստանում կամ տնօրինում է 2020 թվականի արտադրության «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենա։

Լևոն Քոչարյանը բաժնեմասեր ունի 5 ընկերությունում․ «Մուդելայզեր ԱԲ»-ում՝ 100 հազար եվրո արժեքով, «Էքսզել աութդորս» ՍՊԸ-ում՝ 300 հազար դոլար արժեքով։ Նա 5 հազար ռուբլիով Ստեփանյան Սամվելից ձեռք է բերել բաժնեմաս, 1 մլրդ 74 մլն դրամ արժեքով բաժնեմաս է գնել Շահինյան Հովիկից։ Վերջինս 31․8 մլն դրամ արժեքով 2015 թ-ին իր եղբոր՝ Սեդրակ Քոչարյանից, բաժնեմաս է նվեր ստացել։

Այս բոլոր ընկերությունները Ռոբերտ Քոչարյանի որդին հավատարմագրային կառավարման է հանձնել նույն անձի՝ Էդուարդ Արսենյան Աշոտի ԱՁ-ին։

Նա 244 միլիոն 452 հազար 574 ռուբլի հանձնված և վերադարձված փոխառություններ ունի «Զեմկոմինվեստ» ՍՊԸ-ում, 4 միլիոն 270 հազար՝ Հայաստանի ուժային եռամարտի ֆեդերացիա ՀԿ-ից, 9 հազար դոլար՝ Հայաստանի ուժային եռամարտի ֆեդերացիա ՀԿ։

Որպես դրամական միջոց Լևոն Քոչարյանը ներկայացրել է 153 հազար 129 դրամ, որը տարեվերջին դարձել է 1 հազար 151 դրամ, 314 հազար 885 դրամ, որը տարեվերջին դարձել է 1 հազար 800 դրամ, 6 հազար 700 շվեդական կրոն, և 10․15 դոլար, որոնք տարեվերջին պահպանվել են։ 36․79 դոլար, որը տարեվերջին դարձել է 3 հազար 485 դոլար, 12 միլիոն 363 հազար 650.9 դրամ, որը տարեվերջին դարձել է 3 միլիոն 63 հազար դրամ։

Նրա կանխիկ դրամը կազմել է 3 միլիոն, որը տարեվերջին դարձել է 1 միլիոն 500 հազար դրամ։

Վերջինիս տարեկան ընդհանուր եկամուտները կազմել են 135 միլիոն 205 հազար 952 դրամ, որից 9 միլիոն 637 հազար 516 դրամը նա ստացել է «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմ»-ից՝ որպես աշխատավարձ, 30 միլիոն 568 հազար 436 դրամը՝ «Թարգեթ գրուպ»-ից՝ որպես վարձակալության դիմաց ստացված վճարը կամ այլ հատուցումը։

70 միլիոնը վերջինս ստացել է «Նաիրի ինշուրանս» ԱՍՊԸ-ից՝ որպես շահաբաժին, 25 միլիոն որպես շահաբաժին՝ «Սփեյս մենեջմենթ»-ից։

Լևոն Քոչարյանն ու նրա ընտանիքի անդամների 2024 թվականին հանգստի համար ճանապարհածախս են նշել 3 միլիոն 600 հազար դրամը։ Նա հայտարարագրել է նաև 4 միլիոն 50 հազար դրամ, որը ներկայացրել է որպես ուսման կամ այլ դասընթացների համար վճարվող վարձավճար։

Քոչարյանի կինը՝ երգչուհի Սիրուշոն կամ Սիրանուշ Քոչարյանը, ևս 2025 թվականի մայիսի 30-ին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացրել 2024 թվականի իր գույքի և եկամուտների տարեկան հայտարարագիրը:

Նա նույնպես հայտարարագրել է 2012 և 2013 թվականներին գնված համատեղ սեփականությամբ բազմաբնակարան շենքի ոչ բնակելի տարածք։

Վերջինս անշարժ գույք չի հայտարարագրել։

Սիրուշոն 2010 թվականին 100 հազար դրամի բաժնեմաս է ձեռք բերել, 2018 թվականին՝ 800 դոլարի բաժնեմաս։ Այդ բաժնեմասերի գնման գործարքի մյուս կողմի անվանումը կամ անունը, ազգանունը, հայրանունը, հասցեն նա չի բացահայտել։

Որպես դրամական միջոց նա ներկայացրել է 890 դոլար, որը տարեվերջին դարձել է 10 հազար 013 դոլար, 10 հազար 167 դոլար, որը տարեվերջին դարձել է 10 հազար 638 դոլար, և 1 միլիոն 169 հազար 432 դրամ, որը տարեվերջին դարձել է 2 միլիոն 070 հազար 011 դրամ։

Երգչուհին որպես կանխիկ դրամ է ներկայացրել 2 միլիոն դրամը, որը տարեվերջին դարձել է 3 միլիոն։

Սիրուշոյի տարեկան ընդհանուր եկամուտները կազմել են 51 միլիոն 422 հազար 567.69 դրամ, որից 81 հազար 161.85 դոլարը նա ստացել է որպես շահաբաժին «Armat LLC»-ից, 7 միլիոն 560 հազար դրամ եղել է նրա աշխատավարձը «Սիրուշո փրոդաքշն»-ից, 9 միլիոն 497 հազար 500 դրամ նա ստացել է «Մյուզիք հոլլ»-ից՝ որպես քաղաքացիաիրավական այլ պայմանագրերից ստացված եկամուտ, 3 միլիոն 203 հազար 787 դրամ՝ «Նաիրի ինշուրանս» ապահովագրական ընկերությունից՝ որպես աշխատանքի վարձատրություն և/կամ դրան հավասարեցված այլ վճարումներ։

Սիրուշոն ու նրա ընտանիքի անդամների 2024 թվականին հանգստի համար ճանապարհածախս են նշել 2 միլիոն 800 հազար դրամը։