17/07/2025

Էրդողանը կկանգնի տարածաշրջանը «հոշոտողների» կողքի՞ն, իսկ Իրանը կկապիտուլացվի՞

Ոչ մի դիտողունակ փորձագետ կամ քաղաքական մեկնաբան, երևի, չէր կասկածում, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կարտոնի Իրանի դեմ ամերիկյան հարձակումը:

Արտառոցը, ավելի ճիշտ՝ խորհրդանշական-ենթատեքստայինը հարվածների ժամանակի ընտրությունն է՝ հունիսի լույս 22-ի գիշերը, որ, ուզենք, թե ոչ՝ ասոցացվում է Խորհրդային Միության դեմ հիտլերյան Գերմանիայի հարձակման հետ:

Արդյոք դա «կոնսպիրալոգիական ուղերձ» է Ռուսաստանի նախագահ Պուտինին՝ Մոսկվայում թող եզրակացնեն:

Ավելի ուշագրավ է, որ Դոնալդ Թրամփն Իրանի դեմ ամերիկյան ուղղակի հարձակման հրաման է տվել, երբ Ստամբուլում աշխատանքներն է շարունակում ԻՀԿ արտգործնախարարների արտահերթ խորհրդաժողովը, որի բացման խոսքում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Իսրայելն անվանել է «ավազակապետություն», իսկ Նաթանյահուին բաց տեքստով համեմատել Հիտլերի հետ:

Տարածաշրջանին եւ միջազգային խաղաղության սպառնացող վտանգները դիմագրավելու համար Թուրքիայի նախագահն իսլամական «ումմային» առաջարկել է դաշինք կազմել և դառնալ «ուժային ինքնուրույն բևեռ»:

Թուրքիայի նախագահը փաստացի Մերձավոր Արևելքի «իսլամական քարտեզ է գծել», երբ հայտարարել է, որ Ստամբուլի, Դամասկոսի, Բաղդադի, Թեհրանի, Գազայի և Երուսաղեմի, Մեքքայի և Մեդինայի ճակատագրերը նույնական են:

Որքանո՞վ է նա անկեղծ՝ պարզ կլինի ԻՀԿ արտգործնախարարների խորհրդաժողովի ամփոփիչ փաստաթղթից. «Անադոլուն» անոնսավորել է, որ կընդունվի «Ստամբուլի հռչակագիր»: Էրդողանի հայտարարության քաղաքական տրամաբանությամբ՝ Իրանին ոչ միայն իսրայելական, այլև արդեն ուղղակի ամերիկյան հարվածները «խոցում են նաև Ստամբուլը»:

ԱՄՆ նախագահը չէր կարող տեղյակ չլինեն Իսրայելի դեմ Էրդողանի քարոզչական «ղազավաթին»: Այդուհանդերձ, նա արտոնել է Իրանի դեմ ամերիկյան հարվածները: Ինչի՞ հետ գործ ունենք:

ԱՄՆ-ը զգուշացնում է, որ իսլամական «ումմայի» ստրուկտուրացումը, ուժի ինքնուրույն բեւեռի վերածումը չի՞ հանդուրժի, դրան հակադրում է Մերձավոր Արևելքի իսրայելա-ամերիկյան «նոր քարտե՞զը»:

Իսրայելական մամուլը փոխանցում է Իրանի դեմ ամերիկյան հարվածներից հետո վարչապետ Նաթանյահուի սոցցանցային գրառումը. «Նախագահ Թրամփ, շնորհավորանքներս: Իրանի միջուկային օբյեկտները Միացյալ Նահանգների հոյակապ և արդարացի ուժի օգնությամբ թիրախավորելու ձեր համարձակ որոշումը կփոխի պատմությունը»:

Սա Մերձավոր Արևելքի ռազմա-տնտեսա-քաղաքական վերաձեւման անոնս է: Ինչպես կարձագանքի Էրդողանը, կկանգնի տարածաշրջանը «հոշոտողների» կողքի՞ն, բայց Իրանը կկապիտուլացվի՞: