08/07/2025

Էրդողանը մտավախություն ունի, որ իսրայել-իրանյան պատերազմը իր ձեռքից տանո՞ւմ է Մերձավոր Արևելքը

Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել է, թե Անկարան թույլ չի տա Մերձավոր Արևելքում նոր կարգ հաստատել Սայքս-Պիկոյի համաձայնագրի օրինակով, արյունոտ ճանապարհով գծված սահարաններով:

Այդ մասին նա խոսել է իսրայել-իրանյան պատերազմին անդրադարձի համատեքստում: Նա կոչ է արել իսլամական բնակչությանը չտրվել Իսրայելի «թույնին» և համախմբվել:

Սայքս-Պիկոյի համաձայնագիրը, որ գաղտնի պատրաստել ու ստորագրել էին Ֆրանսիան ու Բրիտանիան 2016-ին՝ համաձայնությունների գալով նաև Ռուսաստանի հետ, ըստ էության Օսմանյան կայսրության մերձավորարևելյան տարածքների բաժանման մասին էր:

Էրդողանը մտավախություն ունի, որ իսրայել-իրանյան պատերազմը իր ձեռքից տանու՞մ է Մերձավոր Արևելքը: Այն իհարկե Էրդողանի «ձեռքում» է այսպես ասած հավակնությունների տեսքով, որոնք իրացնելու ճանապարհով, իհարկե, նա փորձում է գնալ քայ առ քայլ, ակնկալելով վերականգնել Անկարայի ազդեցությունը Օսմանյան կայսրության մերձավորարևելյան տիրույթով:

Սակայն, Իրանի դեմ պատերազմը նա թերևս դիտարկում է այդ ծրագրերի ընթացքին լրջագույն հարված, բեկում, որ պատերազմի որեւէ ելքի պարագայում էլ կարող է հիմնավորապես փոխել մերձավորարեւելյան կոնֆիգուրացիան և իրողությունների տրամաբանությունը:

Եթե հաջողի Իսրայելը, ապա դա կնշանակի Թել Ավիվի ռեգիոնալ դերի ամրապնդում և ընդլայնում, ինչը բնականաբար արգելակ է լինելու Էրդողանի հավակնությունների համար: Եթե հաջողի Իրանը, ապա այդ դեպքում ամրապնդվելու է Իրանի ռեգիոնալ դերը:

Ընդ որում, երկու սցենարների պարագայում էլ կարող է օրինակ ռիսկի տակ հայտնվել Սիրիայում Անկարայի թվացյալ հաջողությունը: Եթե հակամարտությունն ավարտվի «ոչ ոքի», ապա դա էլ կարող է տեղի ունենալ գերտերությունների միջամտությամբ: Այստեղ էլ, իհարկե, կոնֆիգուրացիան կարող է լինել տարբեր, բայց բոլոր դեպքերում այդ պարագայում էլ Թուրքիան չի ակնկալի որեւէ բոնուս:

Ավելին, այդ պարագայում ինչ-որ բան պետք է ստանան թե Իրանը, թե Իսրայելը: Հասկանալի է, որ հիշեցնելով Սայքս-Պիկոյին, Էրդողանը ամենևին նկատի չունեի այդ պայմանագրի նույնական վերարտադրություն:

Խոսքը, իհարկե, տրամաբանության մասին է՝ Մերձավոր Արևելքը «օսմանյան կայսրության», տվյալ պարագայում էլ պարզապես Թուրքիայի նախագահ Էրդողանի հավակնությունների հաշվին վերաձևելու մասին:

Իհարկե, էական ուշադրության արժանին Էրդողանի խոսքում այն է, որ Անկարան դա «թույլ չի տա», սակայն մնում է հասկանալ՝ ինչպե՞ս: