17/07/2025

Սամվել Կարապետյանը նորից հայտարարություն է տարածել, նրա խցի մոտ հսկողություն է սահմանվել

Սամվել Կարապետյանի պաշտպանության խորհուրդը նրա անունից հաղորդագրություն է տարածել․

«Ինչ հաջողվեց ներկա իշխանություններին՝ մաս 4-րդ.

Կարճ ժամանակահատվածում ամբողջովին ոչնչացնել Սփյուռքի ներկայությունը Հայաստանի Հանրապետության կյանքում: Աբսուրդ է, որ արգելվում է Ֆրանսիայից, Հոլանդիայից, Ռուսաստանից և այլ երկրներից մեր հայրենակիցների մուտքը Հայաստան՝ նրանց ճանաչելով persona non grata: Կարճ ժամանակահատվածում հնարավոր նվազագույնին հասցնել Սփյուռքի գործարարների հայրենասիրական ցանկությունները՝ հայրենի հողում ներդրումներ կատարելու, հայրենի հողում աշխատատեղեր ստեղծելու: Ի վերջո, մեր Սփյուռքը ոչ միայն հայրենիքում տնտեսական, բիզնես արժեք ստեղծելու չափազանց մեծ ներուժ է, այլ նաև՝ լոբբիստական հզոր ուժ: Փոքր խմբակի՝ այլ երկրների ներքին գործերին իր ՀԿ-ների միջոցով միջամտող թոշակառուի մեծամիտ պահվածքի շնորհիվ է նաև այս ամենը:

Երբեմն այնպիսի անընդունելի տպավորություն է ստեղծվում, որ Սփյուռքը Հայաստանի Հանրապետության կարիքը չունի, Հայաստանն էլ՝ Սփյուռքի, ինչից մեր երկիրը կորցրեց ամենամեծ և ամենաարժեքավոր դաշնակցին Հայաստանի զարգացման համար: Մեր երկիրը գրեթե կորցրեց ամենաթանկ և անչափելի կապիտալը՝ մեր Սփյուռքը, և նրանք հաջողությամբ հասան այնպիսի կետի, որում Հայաստանը Սփյուռքից զրո ներդրում ունի:

Սփյուռքը կրկին Հայաստանի հենասյուներից մեկը պետք է լինի։

Պայքարելու ենք: Շարունակելի…»։

Իբրև թե պետական հեղաշրջման կոչ անելու, իսկ, իրականում, եկեղեցուն աջակցելու համար հունիսի 18-ին կալանավորված Սամվել Կարապետյանը սկսել է բանտից ակտիվ քաղաքական հայտարարություններ տարածել՝ բաց նամակի տեսքով, որոնք անհանգստություն են պատճառում նրան կալանավորած իշխանություններին։

Արդեն չորրորդ հայտարարությունն է տարածել ռուսաստանաբնակ հայ միլիարդատերը «Արմավիր» ՔԿՀ-ից, որոնց վերջում պարտադիր նշում է․ «Պայքարելու ենք։ Շարունակելի․․․»։

Ակնհայտ է, որ Սամվել Կարապետյանը քաղաքական պայքարի հայտ է ներկայացնում բանտից, ինչը, բնականաբար, չի կարող դուր գալ նրա հիմնական ախոյանը դարձած Նիկոլ Փաշինանին ու նրա թիմին։ Հատկապես խնդրահարույց է դիտվել Կարապետյանի երեք հայտարարարությունից երկրորդը, որում նա նշում է․ «Ամեն օր միջանցքներում և տեսակցության վայրերում հանդիպելով կալանավորներին՝ զարմանում եմ, թե ինչքան ծաղկուն տարիքի տղաներ են այստեղ գտնվում և վստահ եմ, որ նրանցից շատերն ինձ նման անօրինական որոշումների հիման վրա, իսկ ոմանք՝ ոչ մեծ հանցագործությունների արդյունքում են հայտնվել այստեղ։ Եվ չվախենալով հսկիչների ներկայությունից՝ բղավում են, որ իրենց վերջին հույսը ես եմ»։

Այս հայտարարությունից հետո որոշակի խստացումներ են մտցվել խցում միայնակ պահվող և կարանտինում գտնվող Սամվել Կարապետյանի՝ առանց այդ էլ խիստ սահմանափակ շփումներում։ Մենք տեղեկացանք, որ «Արմավիր» ՔԿՀ-ում հսկողություն են սահմանել Սամվել Կարապետյանի խցի մոտ, որ այլ տեղամասերից ՔԿՀ աշխատակիցներ չմոտենան նրա խցին, չփորձեն շփվել նրա հետ, նաև կալանավորներ կամ դատապարտյալներ չփորձեն մոտենալ, թեկուզ դռան հետևից փորձեն զրույցի բռնվել նրա հետ։ Այս ամենը բացառելու համար խոշոր գործարարի խցի մոտ և կարանտինային տեղամասում՝ առհասարակ, հսկողություն է սահմանվել։

Սա, իհարկե, չի նշանակում, որ Սամվել Կարապետյանն իսպառ մեկուսացման մեջ է, և որևէ մեկի երեսը չի տեսնում, ոչ ոք նրա հետ չի շփվում։ Նրա տեղամասի աշխատակիցները, իհարկե, շփվում են Սամվել Կարապետյանի հետ, եթե ինչ-որ բանի կարիք է ունենում, փորձում են լուծել դրանք, պարզապես վերևից ցուցում է եղել, որ հնարավորինս սահմանափակեն շփումները, որ ավելորդ աժիոտաժ չառաջանա կամ ինչ-որ տրամադրություններ չգեներացվեն նրա հետ շփումներով։ Թեպետ, ինչպես ինքն է իր հայտարարույթան մեջ նշել, նա կալանավորների հետ, ամեն դեպքում, միջանցքներում կամ տեսակցության սենյակում առիթ ունենում է շփվելու, քանի որ տեսակցության սենյակն ընդհանուր է։

Մենք տեղեկացանք նաև, որ Սամվել Կարապետյանը ազատ ժամանակ հիմնականում գիրք է կարդում, երբեմն հրաժարվում է առհասարակ զբոսանքի դուրս գալուց և նախընտրում է մնալ խցում։ Հեռուստացույց չունի, քանզի կարանտինում է գտնվում, և արտաքին աշխարհից այս առումով լիարժեք մեկուսացման մեջ է, միայն փաստաբանների միջոցով է տեղեկանում իր հետ կապված նորություններին և օրվա անցուդարձին։

Ի դեպ, Սամվել Կարապետյանի փաստաբաններն ամեն օր՝ օրը մի քանի անգամ տեսակցում են նրան, կարելի է ասել՝ ամբողջ օրը «Արմավիր» ՔԿՀ-ում են։ Այլ անձինք, քննիչի որոշմամբ, նրան տեսակցելու իրավունք չունեն։ Երկու օրից կլրանա Սամվել Կարապետյանի՝ կարանտինում մնալու ժամկետը, և նրան կտեղափոխեն արդեն այլ խուց, որտեղ նա այլևս միայնակ չի լինի։