Երեկ՝ վաղ առավոտից Սրբազան շարժման առաջնորդի, ընդդիմադիր ակտիվ գործիչների ու շարժման աջակիցների տներում իրավապահները խուզարկություններ իրականացրին, մեծ թվով մարդկանց բերման ենթարկեցին, որոնցից մի մասին ձերբակալեցին, մի քանիսին ազատ արձակեցին:
Հրապարակ թերթը գերլ է․ Բերման են ենթարկվել Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, Հրայր սարկավագը, Վահագն Չախալյանը, պատգամավոր Արթուր Սարգսյանը, այլք: Նախորդ օրն իշխանական կայքերից մեկում հրապարակվել էր մի փաստաթուղթ, որը Նիկոլ Փաշինյանը տեղադրել էր իր պաշտոնական էջում: Այդ փաստաթուղթն իբրեւ թե հեղաշրջման մանրամասն ծրագիրն է, որը փոխանցել էր ընդդիմության շարքերից իրենց աղբյուրը:
Այդ «հեղաշրջման ծրագրում» նշվում էր, որ Փաշինյանին վարկաբեկելու եւ ծաղրելու գործընթաց պետք է սկսվի, «շշուկների» տարածմամբ, բարոյական քարոզիչներով, ապատեղեկատվություն տարածելով եւ այլն: Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը, «Հրապարակի» հետ զրույցում անդրադառնալով այդ փաստաթղթին, ասաց, որ դա չափազանց պրիմիտիվ հնարք է: «Եթե ծանոթ եք հատուկ ծառայությունների ոճին, միշտ իմացեք` հեղաշրջումների իրագործման պլան ոչ ոք կյանքում երբեք չի գրում: Երբեք չեն գրում, վերցրեք ցանկացած հատուկ ծառայությունների վերաբերյալ գրքեր, հատուկ ծառայությունների վերաբերյալ փաստավավերագրական ֆիլմեր, գրականություն՝ կիմանաք: Հեղաշրջման պլանը երբեք չի գրվում, չի ֆիքսվում՝ դա բանավոր հիշվող գործողություն է, որտեղ կոնկրետ մարդիկ պետք է իմանան՝ ով ինչ է անելու եւ որ պահին ու որտեղ: Հեղաշրջման ծրագիրը թղթի վրա չեն տպում, որ հետո քսերոքսով բազմացնեն, թե ոնց պլանով շարժվեն: Երեւի դուք չեք հիշի. Խորհրդային Միության ժամանակ մուլտֆիլմ կար՝ գողություն ամերիկյան, գողություն ֆրանսիական եւ գողություն իտալական ձեւով: Գողություն իտալական ձեւովը գողության մի ձեւ էր, երբ ամբողջ քաղաքը գիտեր՝ Մարիոն գնում է բանկը թալանելու: Իրենք էին Մարիոյին վերցնում, որ գնար ու բանկը թալաներ, եւ հետո այդ թալանից ամեն մեկն իր բաժինը ստանում էր: Այսինքն, մուլտֆիլմում դա ծիծաղելի է նայել, բայց այս կյանքում անլուրջ է, չկա նման բան: Որտեղ որ տեսաք, որ գրված է՝ հեղաշրջման պլան, իմացեք, որ դա սարքված է»,- շեշտեց քաղտեխնոլոգը:
Ինչ վերաբերում է բովանդակությանը, ապա կարելի էր ավելի լավ կազմակերպել նման պլանի շարադրումը՝ նշում է Բադալյանը․ «Կարելի էր վարձել կինոսցենարիստ, բավականին լավ գումար տալ սցենարիստին՝ բավականին լավ սցենար կգրեր, կտար»: Հեղաշրջման պլանն անհրաժեշտ էր՝ «լեգիտիմացնելու» այսօրվա մասսայական կալանավորումները՝ շեշտում է քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը։
Շիրակի թեմի առաջնորդ, Գերաշնորհ Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը «Հրապարակի» հետ զրույցում այս ռեպրեսիվ գործողությունը որակեց որպես ամենասովորական բռնապետություն։ «Սահուն կերպով գնում է դեպի բռնապետություն։ Ինքն ուզում է ասել՝ ինչ կարելի էր իրեն, ուրիշներին չի կարելի` no, no, no։ Ինքը կարող է իրականացնել հեղաշրջում, հեղափոխություն անել` ուրիշը չի կարող։ Բոլոր բռնապետներն էլ այդպես են գալիս, այդպես բռնապետություն են հաստատում. սովորական բռնապետի պահվածք է, մասնավոր բան չկա»,- ասաց Սրբազանը։ Իսկ «հեղաշրջման» վերաբերյալ փաստաթուղթն էլ Շիրակի թեմի առաջնորդը որակեց մանկամիտ մի բան, որը կարծես թե գրված լիներ 16 տարեկան երեխայի կողմից։ Հարցին, թե արդյոք երկա՞ր է շարունակվելու այս ամենը, Սրբազանն ասաց` քանի դեռ նա իշխանության է, այս ամենը շարունակվելու է։ Իսկ հնարավո՞ր է՝ Փաշինյանն այնքան հեռուն գնա, որ փորձի Վեհափառին էլ ձերբակալել։ «Արցախը հանձնածը, հայրենիքը հանձնածը ամեն ինչ էլ կարող է անել։ Բայց հարցն անելը չէ, տակից դուրս գալն է կարեւոր, թե չէ՝ շատ բան կարելի է անել, բայց տակից դուրս գալ է պետք։ Դա ավելի կարեւոր է, քան թե անելը։ Եթե նման բան անի, ո՞նց կմարսի։ Հետո՝ պետք չէ կարճաժամկետ դիտել այդ հարցը, երկարաժամկետ է պետք դիտել»,- եզրափակեց Սրբազանը։
Քննչական կոմիտեն երեկ նաեւ հրապարակել էր լուսանկարներ. «Հանցավոր խմբի ղեկավարների եւ մասնակիցների բնակարաններում խուզարկությամբ հայտնաբերվել են հանցագործության համար նախատեսված մեծաքանակ առարկաներ եւ իրեր»: Կցված լուսանկարներում նաեւ ձեռագիր գրություններ կային` կոնկրետ մարդկանց անուններով՝ կոնկրետ պաշտոնների դիմաց: Այսպես կոչված, Սրբազան շարժման ստվերային կաբինետը: Այդ անունների մեջ կար նաեւ արտակարգ եւ լիազոր դեսպան, Դիվանագետների համահայկական խորհրդի համահիմնադիր Վահագն Մելիքյանի անունը` ԱԳ նախարարի դիմաց: «Հրապարակը» կապ հաստատեց արտակարգ եւ լիազոր դեսպանի հետ։ Նա ասաց, որ տեսել է ՔԿ-ի հրապարակած լուսանկարը, սակայն դրանից բացարձակապես տեղյակ չի եղել: Ինչ վերաբերում է Փաշինյանի գործողություններին, ասաց․ «Ցիրկաչություն է, թե ինչ է ուզում դրանով ասել՝ չեմ կարող»: Կհաջողվի՞ արդյոք կոտրել պայքարի ոգին, Մելիքյանն ասաց, որ պայքարողներից ու ժողովրդից է կախված, եթե ուզեն կոտրվել՝ կկոտրվեն: Իսկ Փաշինյանի քայլերը խոսո՞ւմ են վախի մասին։ «Միանշանակ՝ ցայտնոտ է իր մոտ»:






Բաց մի թողեք
10 անշարժ գույք, մեքենա, 11 մլն. դրամ տարեկան եկամուտ. ինչ է հայտարարագրել Սյունիքի փոխմարզպետը. Լուսանկար
ՔՊ վարչության հերթական նիստի ընթացքում ևս տարբեր ՔՊ-ականներ «կհարցաքննվեն»
Մեղադրյալներից մեկը Վճռաբեկ դատարանի դատավորներից մեկի 80-ամյա մայրն է․ Լուսանկար