Ազգային ժողովում շարունակվող քննարկումների ժամանակ, որոնք վերաբերում են «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանին քրեական հետապնդման ենթարկելու հարցին, ելույթ ունեցավ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը՝ գլխավոր դատախազին մեղադրելով կողմնակալության և քաղաքական մոտեցման մեջ։
Նա մատնանշեց, որ դատախազությունը չի կարողացել պատասխանել մի շարք պարզ հարցերի՝ այդ թվում՝ արդյոք Սեյրան Օհանյանի ենթադրյալ ապօրինի շինությունը կառուցվել է Մինասյանի պաշտոնավարման ժամանակահատվածում։ Բացի այդ, Վարդանյանը ընդգծեց, որ Մինասյանն այդ պահին ոչ լիազորություն է ունեցել շինությունը քանդելու, ոչ էլ օրինականացնելու «հանցավոր դիտավորությամբ», ինչպես պնդում են. «Ոչ մի կետ չկա օրենքում, որով նա պարտավոր էր կառավարություն ուղարկվող փաստաթղթում նշել, թե տարածքի վրա արդեն ինչ-որ բան կառուցված է։ Այս ամենը ցույց է տալիս՝ գործը դատական հեռանկարի մասին չէ, այլ քաղաքական հաշվեհարդարի մասին է»։
Նա քննադատեց դատախազության պահվածքը՝ նշելով, որ «զեկուցողի հոգեվիճակից» չեն կարողանում դուրս գալ։ «Գոնե նախկինում միայն Նիկոլ Փաշինյանին էիք զեկուցում, հիմա ողջ ՔՊ խմբակցության եք զեկուցու՞մ։ Այդքան իջե՞լ եք»,– հարցրեց պատգամավորը։
Քրիստինե Վարդանյանն ընդգծեց նաև, որ այսօր Հայաստանում ընդդիմադիր գործիչները հաճախակի են դառնում հետապնդումների թիրախ։ Նա հիշեցրեց վերջին ամիսներին տեղի ունեցած զարգացումները, այդ թվում՝ երկու սրբազանների կալանավորումը. «Ստացվում է՝ իշխանությունն ապրում է մի իրականությունում, որտեղ բոլորը հանցագործ են, իսկ իրենք՝ սուրբ ու անթերի»:

Բաց մի թողեք
Նոր քաղաքական խոսքի և համակարգային փոփոխությունների պահանջ. Հանրային դաշինք
Ինչու «Գելափի» հարցումները տարբերվեցին ընտրությունների արդյունքներից
Փաշինյանը կարող է քաղաքացիությունից զրկել իր դեմ քվեարկած հայերին