2025 թ. հուլիսի 3-ին Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց օրենսդրական փաթեթ, որով սահմանվում է վարչական պատասխանատվություն՝ Երևանում հասարակական տրանսպորտից օգտվելիս ուղևորավարձը չվճարելու կամ այլ անձի տոմսն օգտագործելու համար:
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը Ազգային ժողովում նշել է, որ օրենսդրական նախաձեռնությունը բխում է այն իրողությունից, որ Երևանում հասարակական տրանսպորտից օգտվող քաղաքացիների շուրջ 25-30%-ը չի վճարում ուղեվարձը։
«Դա մնացած 70-75%-ի մոտ առաջացնում է արդարացի դժգոհություն։ Կարծում ենք՝ այս հարցը պետք է լուծել, և որքան հնարավոր է՝ արագ»,- ասել է Ա․ Սիմոնյանը։
Օրենսդրական փոփոխությամբ նախատեսված է տուգանք՝
- 15․000 դրամի չափով (39$), եթե ուղևորը չի վճարել ուղեվարձը կամ օգտվել է մեկ այլ անձի տոմսից։
- 3․000 դրամի չափով (մոտ 8$), եթե քաղաքացին գնել է տոմս, սակայն մեկ րոպեի ընթացքում չի մոտեցրել այն վավերացման սարքին։
Ի՞նչ տուգանքներ են գործում այլ երկրներում
«Փաստերի ստուգման հարթակը» ուսումնասիրել է այլ երկրներում հանրային տրանսպորտից օգտվելիս չվճարելու դեպքում կիրառվող տուգանքի չափերը։
Ուղևորավարձը չվճարելու դեպքում նախատեսված է տուգանք՝ 20 լարիի չափով (մոտ 3․000 դրամ կամ 7.5$)։
Մեկ ամսվա ընթացքում չվճարելու դեպքում այն կրկնապատկվում է՝ դառնալով 40 լարի (մոտ 6․000 դրամ կամ 15$)։
Ադրբեջան (Բաքու) (Վարչական իրավախախտումների մասին օրենսգիրք, Հոդված 319)
Ներքաղաքային և միջմարզային հանրային տրանսպորտում առանց տոմսի երթևեկության դեպքում տուգանքի չափը 5-30 մանաթ է՝ կախված հանրային տրանսպորտի տեսակից։ Ավտոբուսների դեպքում, օրինակ, տուգանքի չափը կազմում է 5 մանաթ (1125 դրամ/3$)՝ ներքաղաքային, 15 մանաթ (3380 դրամ/9$)՝ միջքաղաքային երթևեկության դեպքում։ Երկաթգծային տրանսպորտով երթևեկելու ու չվճարելու պարագայում տուգանքը 30 մանաթ է (6800 դրամ/18$)։
Մոսկվայում հանրային տրանսպորտում առանց տոմսի երթևեկության համար նախատեսված տուգանքը կազմում է՝
- 2․000 ռուբլի (մոտ 10․000 դրամ կամ 26$)
- 4․000 ռուբլի (մոտ 20․000 դրամ կամ 52$), եթե ուղևորը օգտվում է այլ անձանց արտոնյալ տոմսից։
ՌԴ այլ քաղաքներում սահմանված են տուգանքի տարբեր սահմանաչափեր։
Կիևում անտոմս երթևեկության դեպքում ուղևորը պարտավորվում է վճարել տուգանք՝ չվճարված տոմսի 5-20-ապատիկի չափով՝ կախված տրանսպորտի տեսակից։
Այսպես, օրինակ, մայրաքաղաքի հասարակական տրանսպորտով (ավտոբուս, տրամվայ, տրոլեյբուս, ֆունիկուլյոր, մետրո) անտոմս երթևեկության համար ուղևորները պետք է վճարեն տուգանք՝ ուղևորատոմսի 20-ապատիկի չափով։ Ուղեվարձի արժեքի 8 գրիվնայի պարագայում այն կազմում է 160 գրիվնա (1․500 դրամ կամ 4$)։ Էլեկտրագնացքով երթևեկելու և չվճարելու դեպքում տուգանքի չափը կազմում է 300 գրիվնա (2750 դրամ կամ 7$)։
Հանրային տրանսպորտում առանց տոմսի երթևեկելու համար նախատեսված տուգանքի չափը կազմում է 1500 չեխական կրոն (27․000 դրամ/70$)։ Այն կարող է նվազեցվել մինչև 1000 (18․000 դրամ/46$) չեխական կրոնի՝ տեղում կամ 15 օրացույցային օրվա ընթացքում վճարելու դեպքում։
Այսպիսով, հանրային տրանսպորտում ուղեվարձը չվճարելու համար Երևանում սահմանված նոր վարչական տուգանքները թվային արտահայտմամբ ամենաբարձրն են տարածաշրջանում՝ հարևան Վրաստանի և Ադրբեջանի ցուցանիշների համեմատ։
Գայանե Մարկոսյան


Բաց մի թողեք
Սոցփաթեթ այլևս չի տրամադրվի․ ինչ կլինի քաղաքացիների կուտակած գումարների հետ
Կոտայքում մեքենաներ են բախվել, անչափահասներ են տեղափոխվել հիվանդանոց. Լուսանկար
Հարսանեկան արարողության մասնակից անչափահասները «Ինֆինիտի»-ով վթարի են ենթարկվել․ կան զոհ և վիրավոր. Լուսանկար