17/10/2025

Հայ – ադրբեջանական «համաձայնությունից» Թբիլիսիի անհանգստությունը

Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքը հայտնում է, որ հուլիսի 11-ին Իլհամ Ալիևը հյուրընկալել է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Մարիամ Կվրիկաշվիլիին:

Այդ հանդիպման մասին որևէ մանրամասնություն չի հաղորդվում, բայց այցի ժամկետը և ընդունելության բարձրագույն մակարդակը թույլ են տալիս ենթադրել, որ Կվրիկաշվիլին Բաքու է գործուղվել որպես Վրաստանի վարչապետ Կոբախիձեի հատուկ բանագնաց:

Նախօրերին Արաբական միացյալ էմիրություններում կայացել են Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի առաջին դեմ առ դեմ պաշտոնական բանակցությունները: Մինչ այդ, իհարկե, Փաշինյանը և Ալիևը երկկողմ շփումներ ունեցել են, բայց՝ բացառապես միջազգային կամ տարածաշրջանային միջոցառումների շրջանակներում, երբեմն նույնիսկ՝ «ոտքի վրա» ռեժիմում:

Փաշինյան-Ալիև ուղղակի բանակցություններին արձագանքել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարը, ԱՄՆ պետական դեպարտամենտի խոսնակը, Եվրամիության ներկայացուցիչը:

Աբու-Դաբիի հայ-ադրբեջանական «համաձայնության» շուրջ բավական անկողմնակալ դիտարկում է հրապարակել Թուրքիայի «Անադոլու» պետական լրատվական գործակալությունը: Պաշտոնական Թբիլիսին Փաշինյան-Ալիև բանակցությունների շուրջ որևէ տեսակետ դեռևս չի հնչեցրել, թեև Վրաստանը նախկինում պատրաստակամ էր «կողմերին խաղաղության պայմանագրի ստորագրման հարթակ տրամադրել»:

Դիտարժան է, որ Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարը Բաքու է մեկնել Աբու-Դաբիի հայ-ադրբեջանական «համաձայնությունից» ընդամենը մեկ օր անց: Այդ հանդիպման շուրջ միջազգային արձագանքների «մեխը» Հայաստանի տարածքում հաղորդուղու հարցն է:

Բաքվի իշխանությունների տեսակետներն արտահայտող minval.az-ը, մասնավորապես, տեսակետ է փոխանցել, որ այդ երթուղով բեռնափոխադրումների իրականացումը «Հայաստանին լուրջ շահույթներ կբերի և կնպաստի նրա անվտանգության մակարդակի բարձրացմանը»:

Ներկայումս Չինաստան-Կենտրոնական Ասիա-Եվրոպա բեռնափոխադրումներն իրականացվում են այսպես կոչված՝ «միջին միջանցքով», որին մաս է կազմում նաև Վրաստանը՝ որպես տրանզիտային երկիր:

Հայաստանի հարավում նոր երթուղինն, անշուշտ, ապրանքաշրջանառության ծավալների մի զգալի մասը «կվերցնի իր վրա», ինչը, գուցե, ֆինանսական առումով Վրաստանին «չի հարվածի», բայց անկասկած կթուլացնի նրա տարածաշրջանային և միջազգային դերը:

Վրաստանի գործող կառավարությունը, պետք է նկատել, լավագույն ժամանակներ չի ապրում: Անպատասխան են մնացել ԱՄՆ հետ հարաբերությունների վերբեռնման նրա կոչերը, իսկ Եվրախորհրդարանն օրերս Վրաստանի վերաբերյալ թերևս ամենակոշտ բանաձեւն է ընդունել, որտեղ երկիրն անվանված է «օկուպացված»:

Եվրախորհրդարանը Վրաստանի միակ օրինական ներկայացուցիչ է ճանաչել նախկին նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին:

Մինչև բոլորովին վերջերս Վրաստանը և Ադրբեջանը քաղաքակրթական ընտրությամբ «նույն նավակում էին»: Ռուս-ադրբեջանական լարվածությունը, կարծես, Բաքվի ընկալումներում փոփոխություն է արձանագրել:

Նաև դրանով է պայմանավորված Փաշինյան-Ալիևի դեմ առ դեմ հանդիպումը: Վրաստանն, իհարկե, Հարավային Կովկասում նոր լարվածությամբ հազիվ թե շահագրգռված լինի, բայց հայ-ադրբեջանական «համաձայնությունից» Թբիլիսիի անհանգստությունը երևում է: Կվրիկաշվիլին նաև Երևա՞ն կայցելի: