22/07/2025

Մենք մինչև վերջ եկեղեցու կողքին ենք կանգնելու, անգամ մեր կյանքի գնով․ Պետրոսյան

Դեռ մեկ ամիս առաջ «ՀայաՔվե» քաղաքացիական միավորումը հայտարարել էր, որ Մայր Աթոռի դեմ իշխանության գրոհին դիմադրելու նպատակով եկեղեցին պաշտպանելու նախաձեռնություն են սկսում, քանի որ եկեղեցականների կյանքին վտանգ է սպառնում:

Նախաձեռնությունը մասնավորապես նշել էր. «Թշնամու օրակարգն սպասարկող Նիկոլ Փաշինյանը հարձակվել է հայ ժողովրդի գլխավոր սրբության՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի վրա։ Կատարելով Բաքվի բռնապետ Իլհամ Ալիևի և Կովկասի մուսուլմանների վարչության ղեկավար Ալլահշուքյուր Փաշազադեի ուղիղ ցուցումները՝ Փաշինյանը փորձում է տապալել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու 1725-ամյա նվիրապետության կարգը և պատրաստվում է գնալ վտանգավոր արկածախնդրության։ Նրա վերջին կոչը ՀՀ սահմանադրության կոպտագույն խախտում է. այն ուղիղ ֆիզիկական սպառնալիք է ստեղծում Վեհափառ Հայրապետի և Մայր Աթոռի միաբանների համար։ Մեր հայրենակիցներին կոչ ենք անում մերժել հավատ և քրիստոնեական բարոյականություն չունեցող դավաճանի ազգակործան, սրբապիղծ օրակարգը, լինել արթուն և զգոն՝ անհրաժեշտության դեպքում Մայր Աթոռը պաշտպանելու համար։ Մայր Աթոռին ֆիզիկական վտանգ սպառնալու դեպքում ինքներս կլինենք պաշտպանության առաջին շարքերում»:

Նիկոլ Փաշինյանն այժմ նորից եկեղեցին գրոհելու կոչեր է անում` հայտարարելով, որ Էջմիածնի գլխավոր հրապարակում հավաք է նախաձեռնելու: «ՀայաՔվե» քաղաքացիական միավորման անդամ Արամ Պետրոսյանից «Հրապարակը» հետաքրքրվեց` ի՞նչ վտանգերով է հղի Փաշինյանի վերոնշյալ կոչը, «ՀայաՔվեն» դարձյա՞լ եկեղեցու կողքին է` եկեղեցականների ֆիզիկական անվտանգությունը պաշտպանելու համար:

Արամ Պետրոսյանը Հրապարակի հետ զրույցում նշել է.

– Իհարկե, աջակցում ենք: Վերջին շրջանում դադարել էինք հերթապահել, սակայն քանի որ նոր սադրանքներ են փորձում իրականացնել` եկեղեցու դեմ, մենք նորից մեր աջակցությունը կհայտնենք եկեղեցուն: Մենք մինչև վերջ եկեղեցու կողքին ենք կանգնելու, անգամ մեր կյանքի գնով: Այստեղ ոչ մի «կրիմինալ» չկա: Հայ ենք, պիտի կանգնենք Հայ առաքելական եկեղեցու կողքին:

– Տեղեկություններ կան, որ գուցե նաեւ հենց վաղը Փաշինյանը` իր քարոզիչների ու գրոհայինների հետ հարձակվի Վեհարանի վրա: Ե՞րբ եք պատրաստվում գնալ Էջմիածին, ի՞նչ եք ծրագրում:

– Այն ժամանակ հերթափոխությամբ էինք իրականացնում աշխատանքները: Այսօր երեկոյան մեր անելիքների մասին կորոշենք:

– Ի՞նչ եք կարծում` կլինե՞ն բախումներ: Եկեղեցու շուրջ օղակը Փաշինյանը գնալով սեղմում է:

– Նա բախումների մասնագետ է: 2008 թվականին էլ իր սիրտը փառավորվել էր բախումներից, արյունից, Աստված մի արասցե, որ մեր ազգը նորից գնա նման բախումների: Դա ամենավտանգավոր բանն է, որ կարող է լինել: Մեր նպատակը բախումը չէ, մեր նպատակը հասարակությանը հաշտեցնելն է:

– Օրեր առաջ Գլխավոր դատախազություն հաղորդում էիք ներկայացրել` Փաշինյանի հայտարարությունների մասով: Կա՞ որևէ արձագանք:

– Ես որպես իրավաբան հայտարարում եմ, որ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններում կան ակնհայտ հանցագործության տարրեր: Բայց քանի որ ես իրավապահ մարմնի ներկայացուցիչ չեմ, այդ հարցին չեմ կարող լուծում տալ: Դատախազությունը դեռևս ոչ մի արձագանք չի տվել ներկայացված հաղորդմանը: Բայց այ ընդդիմադիրներին ինչ-որ մի անմեղ խոսքի համար, կամ երեք տարի առաջ արած հայտարարությունների համար տանում են կալանքի: Հաշվի չեն առնում` ով ով է, զոհվածի ծնող է, անչափահաս երեխաների մայր է, առողջական խնդիրներ ունի, թե ոչ, իրենց համար լրիվ մեկ է, մարդիկ հրաման կատարող են, բայց Նիկոլ Փաշինյանի բոլոր հայտարարությունները հանդուրժում են:

– Քանի որ եկեղեցականների կյանքին, ըստ էության, վտանգ է սպառնում, չարժե՞ նաև ոստիկանություն դիմել:

– Եկեղեցականները պետք է դիմեն, քանի որ, այո, նրանց կյանքին իրոք վտանգ է սպառնում: Նիկոլի ամեն մի ասածի տակ կա մեծ սպառնալիք: Մենք չորս հոդվածով հաղորդումներ ենք ներկայացրել, անձնական կյանքի գաղտնիությունից մինչև բռնության կոչեր: Ոչ միայն դատախազություն ենք դիմել, այլ` Հակակոռուպցիոն կոմիտե, ինչպես նաև Քննչական, սակայն ոչ մի կողմից արձագանք չկա: Վստահ եմ, որ գրպանային իրավապահները չեն գործելու օրենքով, բայց քանի որ Հայաստանը իրավական պետություն է, մենք առաջ ենք շարժվելու միայն սահմանադրական ճանապարհով:

Մենք մինչև վերջ եկեղեցու կողքին ենք կանգնելու` անգամ մեր կյանքի գնով