23/07/2025

Սամվել Կարապետյանը ՀԷՑ-ը պետականացնելու գործով հաղթել է ՀՀ կառավարությանը միջազգային դատարանում

Սամվել Կարապետյանը և իր ընտանիքը հաղթել են Հայաստանի Հանրապետության կառավարության դեմ նախաձեռնած արբիտրաժային հրատապ գործը։ Արբիտրաժային գործի քննությունը Կարապետյանների ընտանիքը նախաձեռնել է Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտում (SCC)` Հայաստանի Հանրապետության կառավարության և Կիպրոսի Հանրապետության կառավարության միջև 1995թ․ հունվարի 18-ին կնքված Ներդրումների խրախուսման և պաշտպանության համաձայնագրով սահմանված կարգով։

Գործի քննությանը մասնակցել է նաև Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչը։

2025 թվականի հուլիսի 22-ին Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտի նշանակած հրատապ արբիտրաժը պարտավորեցրել է Հայաստանի Հանրապետությանը ձեռնպահ մնալ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության նկատմամբ վերջերս ընդունված «էներգետիկայի մասին» և «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» ՀՀ օրենքներով սահմանած դրույթների կիրառումից, ինչպես նաև «ՀԷՑ» փակ բաժնետիրական ընկերության բռնագրավման հետագա քայլերից»։

Արբիտրաժը եկել է այն եզրահանգման, որ անհրաժեշտ է կիրառել ապահովման անհետաձգելի միջոցներ, քանզի Հայաստանի Հանրապետության գործողությունները «Հայաստանի և Կիպրոսի միջև գործող փոխադարձ ներդրումների փոխադարձ պաշտպանության համաձայնագրին համապատասխանելու լուրջ կասկածներ են առաջացնում»։ Արբիտրաժը նաև նշել է, որ «ապահովման անհետաձգելի միջոցների բացակայության պայմաններում հայցվորների համար դժվար է լինելու ստանալ վնասի ամբողջական հատուցում, եթե նրանք կորցնեն ընկերության նկատմամբ վերահսկողությունը, կամ, ինչն ավելի վատ է՝ դադարեն լինել դրա սեփականատերը»։

Արտակարգ արբիտրաժի որոշումը Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ենթակա է պարտադիր կատարման։

Սամվել Կարապետյանի պաշտպանության խորհուրդ

Ի պատասխան մամուլում տեղ գտած հրապարակումների.

«Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտի 22.07.2025թ. թիվ EA 2025/121 վճռի վերաբերյալ հայտնում ենք, որ հրատապ գործով քննված հարցերի (վեճի) շրջանակն այլ է, քան ժամանակավոր կառավարիչ նշանակելու որոշման նպատակները և վերջինիս կողմից իրականացվելիք գործողությունների շրջանակը: Մասնավորապես, ժամանակավոր կառավարչի նշանակմամբ հետապնդվող նպատակն է, ի թիվս այլնի,

· միտումնավոր եղանակով էներգետիկ ճգնաժամի ստեղծման ռիսկերի կանխարգելումը,

· հանրային կարգի ապահովումը, պետական անվտանգությանը սպառնացող հնարավոր ռիսկերի վերացումը,

· ՀԷՑ-ում տեղի ունեցած չարաշահումների քողարկման բացառումը և հետագա չարաշահումների կանխարգելումը:

Հարգանքով վերաբերվելով օտարերկրյա արբիտրաժների որոշումներով կիրառվող ապահովման միջոցներին, միևնույն ժամանակ բոլորը պարտավոր են առաջնորդվել նաև ՀՀ օրենսդրությամբ և միջազգային պայմանագրերով, որոնցով սահմանված են արբիտրաժային որոշումների ճանաչման և կատարման կարգերը և ընթացակարգերը»:

ՀՀ կառավարություն