10/08/2025

Ռուս-ամերիկյան ճակատագրականությունը հաղթահարելի՞ է, ե՞րբ, ինչպե՞ս

Վլադիմիր Պուտինը արդեն երրորդ անգամ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնացին ընդունում է առանց արտաքին գործերի նախարար Լավրովի:

Ամերիկյան կողմի հետ այդ բացառապես խորհրդապահական քննարկումներին չի հրավիրվում նաև Ուկրաինայի հետ բանակցություններում Ռուսաստանի պատվիրակության ղեկավար Մեդինսկին, չնայած նա նույնպես Պուտինի օգնականներից է:

Կարելի է ենթադրել, որ ռուս-ամերիկյան բանակցություններում առկա է մի չափազանց զգայուն «շերտ», որի մասին Վլադիմիր Պուտինը գերադասում է դեռևս չծավալվել: Այս առումով ուշագրավ է, որ նրա օգնական Ուշակովը Կրեմլի հանդիպման օրակարգը բաժանել է երկու մասի:

Առաջին տեղում, ինչպես նա է ձևակերպել՝ «ուկրաինական ճգնաժամն է», երկրորդը վերաբերում է «ռուս-ամերիկյան ռազմավարական համագործակցության հնարավորությանը»:

Ուշակովն ասել է, որ Ուիթկոֆը Դոնալդ Թրամից «որոշակի ազդակներ է փոխանցել և նույնը ստացել» Ռուսաստանի նախագահից: Պուտինի օգնականը, սակայն, նույնիսկ ընդհանուր գծերով չի ներկայացրել այդ փոխադարձ ազդակների բովանդակությունը:

Նա պատճառաբանել է, որ հատուկ բանագնաց Ուիթկոֆը Պուտինից ստացած ազդակների մասին դեռևս Դոնալդ Թրամփին չի զեկուցել:

Ուշակովի խոսքերով՝ երբ Ուիթկոֆը կզեկուցի Թրամփին և Մոսկվային կտեղեկացնի ԱՄՆ նախագահի դիրքորոշման մասին, այդ ժամանակ ինքը, գուցե, հավելյալ մանրամասնությունների մասին կխոսի: Ընդհանուր առմամբ նա Պուտին-Ուիթկոֆ երկխոսությունը գնահատել է «օգտակար և կառուցողական»:

Ինչու՞մ է կայանում այդ «օգակարությունը»: Արևմտյան մի շարք աղբյուրների տեղեկացվածությամբ, Կրեմլում Ուիթկոֆին «կարող են անակնկալ մատուցել և առաջարկել, որ ուկրաինական ռազմաճակատներում օդային հարձակումների ժամանակավոր հրադադար հաստատվի»: Որքանո՞վ է հավաստի այդ տեղեկությունը, ոչ մի աղբյուր չի հաստատում:

Փորձագետների մի զգալի մասը, սակայն, դա համարում է «դիվանագիտական թակարդ, որտեղ կարող է հայտնվել Ուկրաինայի նախագահ Զելենսկին»: Փաստացի պատերազմի օդային միջոցները Ռուսաստանին որևէ ցավոտ հարված հասցնելու միակ հնարավորությունն են, ցամաքային պատերազմում ռուսական զորքերը մեծ գերակշռություն ունեն:

Այս իրավիճակում Ուկրաինայի ռազմա-քաղաքական ղեկավարությունը հազիվ թե օդային հրադադարի, ընդ որում՝ ժամանակավոր, առաջարկն ընդունի: Քաղաքական առումով դա Ռուսաստանին նվեր կլինի, եթե, իհարկե, ռուս-ուկրաինական պատերազմի մասին Դոնալդ Թրամփի պատկերացումներն նույնն են, ինչ փետրվարին, երբ նա հրապարակային անարգանքի ենթարկեց Ուկրաինայի նախագահին:

Բայց, երևի, ամենակարևորն այն է, որ Ուիթկոֆի մոսկովյան այցը թուլացնում կամ շատ զգալիորեն չեզոքացնում է «դատաստանի օրվա» սպառնալիքը: Պուտինն, իհարկե, չի ենթարկվի Թրամփի վերջնագրին, բայց, երևի, նրան դիվանագիտական մանևրի հնարավորություն կտա: Օգոստոսի 8-ն, այո, «ճակատագիր չէ», բայց ռուս-ամերիկյան ճակատագրականությունը հաղթահարելի՞ է, ե՞րբ, ինչպե՞ս: