11/08/2025

Հաշվարկվա՞ծ է «հակազդեցության գործոնի» պոտենցիալը

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը «զանգահարել է իր թուրք պաշտոնակից Հաքան Ֆիդանին, որպեսզի իրազեկի առաջիկայում Սպիտակ տանը կայանալիք (Թրամփ-Փաշինյան-Ալիև) հանդիպման մասին»:

Լրատվամիջոցի տեղեկացվածությամբ, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Վաշինգտոնում «կստորագրեն «մտադրությունների մասին արձանագրություն», այլ ոչ թե՝ խաղաղության պայմանագիր»:

Ադրբեջանական Trend –ն իր հերթին Վաշինգտոնում գումարվելիք գագաթաժողովի մասին տեղեկությունը զուգահեռում է ԱՄՆ պետքարտուղարի և Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարի հեռախոսազրույցին, որի ընթացքում կողմերը քննարկել են հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացը, միաժամանակ երկուստեք հավաստիացրել, որ «թույլ չեն տա, որ Իրանը միջուկային զենք ունենա»:

Բաքվի իշխանամերձ haqqin.az-ի փոխանցմամբ, հավանական է, որ Փաշինյանը և Ալիևը «խաղաղության պայմանագիր ստորագրեն», բայց ամերիկյան իրազեկ աղբյուրները պնդում են, որ կողմերն, ամենայն հավանականությամբ «կստորագրեն փոխըմբռնման մասին հուշագիր և կպարտավորվեն հասնել խաղաղության»:

Այլ տեղեկատվությամբ այս պահի դրությամբ չկա: Նկատի ունենալով, որ Ադրբեջանում «ազատ ոճի» լրագրություն չկա, հիշյալ երեք աղբյուրների տեղեկություններից արդեն բավարար վստահությամբ կարելի է ասել, որ պաշտոնական Բաքուն օգոստոսի 8-ի վաշինգտոնյան գագաթաժողովի գումարումը հաստատում է:

Պարզ չէ, թե ԱՄՆ նախագահի միջնորդությամբ այդ հանդիպումից ակնկալիքը ո՞րն է: «Խաղաղության պայմանագրի» դեռևս մարտ ամսին համաձայնեցված տեքստի վերջնական ստորագրման հավանականությունը, երևի, նվազ է:

Ավելի իրատեսական է թվում, որ կողմերը կստորագրեն կամ «մտադրությունների մասին արձանագրություն» կամ «փոխըմբռնման հուշագիր»:

Ի՞նչ բովանդակության փաստաթուղթ և ո՞վ է նախապատրաստում: Կոմունիկացիան Հայաստանի և Ադրբեջանի մի՞ջև է, Վաշինգտոնն առանձին-առանձին բանակցում է Երևանի և Բաքվի հե՞տ, ԱՄՆ-ը և Ֆրանսիան որևէ սկզբունքներ համաձայնեցրե՞լ են:

Օգոստոսի 6-7-ին Մոսկվա է մեկնում ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սիթիվեն Ուիթկոֆը: Նրա դիվանագիտական «քեյսում» Թրամփ-Փաշինյան-Ալիև գագաթաժողովի մասին Պուտինին իրազեկելու հարց ներառնվա՞ծ է:

Սրանք կարևոր «նյուանսներ» են, բայց գլխավորը ստորագրման նախապատրաստվող կամ քննարկման ներկայացվող փաստաթղթի իրավա-քաղաքական կարգավիճակն է: Խոսքն, այսպես ասած՝ «ջենթմենական պայմանավորվածությա՞ն», թե կողմերի օրենսդրությամբ սահմանված կարգով վավերացման ենթակա և, հետևաբար, պարտադիր իրավական ուժ ունեցող փաստաթղթի՞ մասին է:

Եթե բանակցությունների սեղանին «մտադրությունների մասին արձանագրություն» կամ «փոխըմբռնման և խաղաղության հասնելու պարտավորության մասին հուշագիր» է, ապա դրամաբանորեն այն պետք է ունենա «ճանապարհային քարտեզ և ժամանակացույց»: Ինչպես ասում են՝ «սատանան մանրուքների մեջ է»:

Չափազանց կարևոր է, թե ԱՄՆ նախագահ Թրամփն ի՞նչ և ո՞ր չափի կարևորություն է տալիս իր նախաձեռնության գործնականացմանը: Նրա համար, իհարկե, այդ գագաթաժողովի կազմակերպումն իսկ «արդյունք է»: Բայց հաշվարկվա՞ծ է «հակազդեցության գործոնի» պոտենցիալը: