11/08/2025

Լիբանանը մտնում է նոր պատերազմի մեջ, ինչ սպասել տարածաշրջանում

Լիբանանի կառավարությունը զինված ուժերին պարտավորեցրել է մինչև տարեվերջ «երկրում առկա ամբողջ զենք-զինամթերքը վերցնել կենտրոնացված պահպանության տակ»: Իսրայելական աղբյուրները հայտնում են, որ «Հըզբալա» ռազմականացված կառույցի ներկայացուցիչ նախարարները լքել են կառավարության նիստը:

Օգոստոսի 6-ին «Հըզբալա»-ն հանդես է եկել սպառնալի հայտարարությամբ և կառավարությանը տեղեկացրել, որ չի պատրաստվում զինաթափվել: Շիադավան կազմակերպությունը հասցեական մեղադրանք է հնչեցրել երկրի նախագահ Աուինի և վարչապետ Սալամի հասցեին՝ նրանց վերագրելով Իսրայելի և Միացյալ Նահանգների «կամակատարություն»:

«Հըզբալա»-ն դիմել է Լիբանանի ժողովրդին և վստահեցրել, որ կառավարության որոշումը չի կատարի, իսկ առկա դրությունը համեմատել է «ամառային անցողիկ ամպի» հետ և վստահեցրել, որ շարունակելու է պայքարել «Իսրայելի օկուպացիայի և ԱՄՆ-ի նրբաճողականության դեմ»:

Լիբանանի և Իսրայելի միջև հրադադարի պայմաններից ամենագլխավորը «Հըզբալա»-ի և մյուս ոչ կառավարական խմբավորումների զինաթափումն է, որից հետո միայն իսրայելական կողմը երկրի հարավային շրջաններից դուրս կբերի իր զինված ուժերը:

Իսրայելի կոշտ նախապայմանն է, որ սահմանին Լիբանանի ոչ կառավարական ռազմական ներկայություն չի կարող լինել:

«Հըզբալա»-ի մերժողական հայտարարությունը համընկնում է «փոխանակման գործարքից» պաղեստինյան ՀԱՄԱՍ-ի հրաժարվելուն և Գազան ամբողջովին օկուպացնելու Իսրայելի կառավարության մտադրության մասին տարածվող տեղեկությանը:

Լիբանանի կառավարությունը որքանո՞վ կարող է հետևողական լինել «Հըզբալա»-ի զինաթափման հարցում: Իրավիճակն, ամենայն հավանականությամբ, չափազանց բարդ է:

Ըստ վերջին տեղեկությունների, նախագահ Աունը մտադիր է օգոստոսի 7-ին քննարկումներ անցկացնել կառավարության և երկրի քաղաքական «բոլոր խմբակցությունների հետ»:

Եթե «Հըզբալա»-ն զենքը ցած չդնի և Լիբանանի հարավում անցնի Իսրայելի դեմ ռազմական գործողությունների, ապա Նաթանյահուի կառավարությունը կխզի հրադադարի համաձայնագիրը և պատերազմը կվերսկսվի:

Հնարավոր է, որ կառավարական և «Հըզբալա»-ի ռազմական ուժերի բախումներ սկսվեն, ինչը կարող է հանգեցնել քաղաքացիական պատերազմի:

Լիբանանի կացությունը Հայաստանի համար կարևոր նշանակություն ունի ոչ միայն Մերձավոր Արևելքի կարգավորումն ընդհանուր առմամբ գնահատելու, այլև այն տեսակետից, որ Բեյրույթում զգալի հայկական ներկայություն կա, որ երկրի քաղաքական կյանքի դերակատար է:

Բեյրութում անցյալ դարի 70-80-ական թվականներին ծայր առած քաղաքացիական պատերազմը Միջին Արևելքի հայության վրա ծանր հետևանքներ է թողել: Լիբանանի հայության ապագայի քաղաքական առաջին պատասխանատուն, իհարկե, այդ երկրի իշխանություններն են, բայց ոչ պակաս դեր ունեն նաև ազգային կառույցները, Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը:

Ոչ մի երաշխիք չկա, որ «Հըզբալա»-ն Լիբանանը չի տանի նոր պատերազմի: