11/08/2025

«Ազատության աջակցության ակտի» 907-րդ ուղղումը և Թրամփ – Փաշինյան – Ալիև հանդիպումը

«Ի՞նչ ստացավ Ադրբեջանը Վաշինգտոնի եռակողմ բանակցություններից»,- հռետորական հարց է հնչեցրել ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը և ինքն էլ թվարկել Իլհամ Ալիևի «միակողմանի ձեռբերումները»:

Որևէ իրադարձության, եթե անգամ դա Միացյալ Նահանգների նախագահի հովանու ներքո և նրան պատվո երաշխավորությամբ կայացած հայ-ադրբեջանական գագաթնաժողով է, քաղաքական ընկալումը և դրանից բխած գնահատականները կարող են կամ նույնիսկ պետք է տարբեր լինեն:

Բայց ազգային ամենահին կուսակցության Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցչի դեպքում, հավանաբար, արտառոց է այն ձևակերպումը, որ Վաշինգտոնի գագաթնաժողովը չեղարկեց «Ազատության աջակցության ակտի» 907-րդ ուղղումը, (ինքն, ի դեպ, օգտագործել է «բանաձև» անվանումը) , որը «սահմանափակում էր ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին ռազմական օգնությունը»:

«Ազատության աջակցության ակտը» Միացյալ Նահանգներն ընդունել է հետխորհրդային երկրներին տնտեսական աջակցություն ցուցաբերելու նպատակով, այդ օրենքն առհասարակ ռազմական աջակցության բաղադրիչ չունի, իսկ 907-րդ ուղղումը սահմանում է, որ ԱՄՆ կառավարությունը չի կարող Ադրբեջանին օգնություն տրամադրել, քանի դեռ նախագահը Կոնգրեսի երկու պալատներին չի զեկուցի, որ Ադրբեջանը հրապարակային քայլեր է ձեռնարկել, որպեսզի վերջ տա Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի շրջափակումներին և նրանց դեմ ռազմական ուժի գործադրմանը:

2001 թվականին, կապված ահաբեկչության դեմ պայքարի արդյունավետ կազմակերպման հետ, Կոնգրեսը Միացյալ Նահանգների նախագահին արտոնել է շրջանցել ուղղումը և Ադրբեջանի կառավարությանը ցուցաբերել օգնություն:

Այդ փուլից սկսած՝ ԱՄՆ-ը Ադրբեջանին տարեկան միջինը հարյուր միլիոն դոլար ֆինանսական աջակցություն է ցուցաբերել, այդ գումարների մի մասն, ի դեպ, Բաքուն օգտագործել է Կասպյան նավատորմիղի արդիականացման նպատակով: Ուղղումն անցյալ տարեվերջին կրկին գործողության մեջ է դրվել, երբ Ադրբեջանը մերժել է հայ-ադրբեջանական կարգավորմանը Վաշինգտոնի միջնորդությունը:

Այդ մասով Վաշինգտոնում ի՞նչ է տեղի ունեցել օգոստոսի 8-ին: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, օգտագործելով սահմանադրությամբ իրեն վերապահված իրավունքը, բանավոր հայտարարել է, որ մեկ տարով կասեցնում է «Ազատության աջակցության ակտի» 907-րդ ուղղումը վերստին ուժի մեջ դնելու մասին նախկին նախագահ Բայդենի որոշումը:

Ի դեպ, այդ իրողությունն ընդունում և հրապարակայնացնում են անգամ ադրբեջանցի փորձագետները:

Նրանցից «Հարավային Կովկասի ուսումնասիրությունների կենտրոնի» ղեկավար Ֆարհադ Մամեդովը Trend-ի համար մեկնաբանություն անելիս նույնիսկ խոստովանել է, որ «մեկ տարով 907-րդ ուղղման սառեցումը չի նշանակում իրավական ակտի վերջնական կասեցում, առավել ևս՝ չեղարկում»:

Նա շատ արդարացիորեն բացատրել է, որ ակտը չեղարկելու համար «հարկ է հասնել նախագահի, Ներկայացուցիչների պալատի և Սենատի միջև կոնսենսուսի, ինչը չափազանց բարդ ընթացակարգ է»:

Սա է 907-րդ ուղղման հետ կապված իրականությունը: Պարզապես շատ ցավալի է, որ Հայաստանի հեղինակավոր կուսակցության ղեկավարներից մեկը, որ նաև Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր է, այդ շատ կարևոր հարցում ցուցաբերել է, կարծում ենք, իր դիրքին ոչ հարիրի շտապողականություն:

Պետք է հաշվի առնել, որ հայաստանյան մամուլը Բաքվում ենթարկվում է «մանրադիտակային զննման»: Շատ տհաճ կլինի, եթե ադրբեջանական մամուլը ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցչին վաղը պատմա-իրավաքաղաքական փաստերի չիմացություն վերագրի:

Գուցե դա հրապարակային չարվի, բայց նստվածք, ամենայն հավանականությամբ, մնալու է: