Դժվար է ասել՝ վաշինգտոնյան նախնական համաձայնություններ ձեռք կբերվեին արդեն անցյալ տարեվերջի՞ն, եթե Իլհամ Ալիևը չմերժեր Բլինկեն-Միրզոյան-Բայրամով հանդիպումը, բայց գրեթե անհավանական է, որ Թրամփ-Փաշինյան-Ալիև գագաթնաժողովը կազմակերպվել է երեք-չորս կամ նույնիսկ հինգ ամսվա «դիվանագիտական բուռն գործունեության արդյունքում»:
Ավելի տրամաբանական է թվում, որ Ալիևը մեծ հույսեր է կապել Թրամփ-Պուտին «սիամականության» վարկածի հետ և հաշվարկել, որ Թրամփի նախագահության շրջանում կհաջողվի կոտրել Սյունիքի նկատմամբ իր հավակնություններին Արևմուտքի դիմադրությունը, հայ-ադրբեջանական սահմանին ԵՄ դիտորդական առաքելության մանդատը չի երկարաձգվի, և այդ ժամ Հայաստանը կկանգնի կամ երրորդ պատերազմն ընդունելու, կամ «Զանգեզուրը հանձնելու» երկընտրանքի առջև, մնացածն արդեն կլինի «տեխնիկայի հարց»:
Տրամաբանորեն հետևում է, որ Ալիևը «Զանգեզուրի հարցում» Պուտինի հետ նախնական համաձայնություն ունեցել է: Այստեղ մեծ խելք և բացառիկ տեղեկացվածություն պետք չէ: Այն, ինչ օգոստոսի 8-ին տեղի է ունեցել Թրամփի հովանու ներքո, կարող էր երեք տարի առաջ արձանագրվել Պուտին-Փաշինյան-Ալիև մոսկովյան հանդիպմամբ:
Նման համաձայնության, որ Սյունիքի հաղորդուղիները պետք է գտնվեն Հայաստանի իրավազորության ներքո, իսկ հաղորդակցությունը կարգավորվի հայաստանյան օրենսդրությամբ, նախանշաններ մոսկովյան հարթակում առնվազն երեք հանդիպումներից ոչ ոք չի նույնիսկ չի կռահել:
Ամերիկյան նոր վարչակազմն, ամենայն հավանականությամբ, ուսումնասիրել է Հարավային Կովկասի, Կասպյան-Սևծովյան տարածաշրջանի վերաբերյալ նախորդի կազմած «դոսյեները» և դրանք վերանայելու անհրաժեշտություն չի տեսել:
Որոշ «նրբերանգներ», գուցե, մտցվել են, բայց սկզբունքային ուղղություն և առաջնահերթություններ, կարծես, էականորեն չեն փոխվել: Այստեղ, թերևս, որոշակի դեր խաղացել է Թրամփի և Էրդողանի անձնական հարաբերությունների հանգամանքը, մի բան, որ Բայդենի դեպքում բացակայում էր:
Ըստ այդմ, Ալիևը հասկացել է, համոզվել, որ նոր աշխարհակարգի պուտինյան «դոկտրինը», մեղմ ասած, կենսունակ չէ, որ նրա հետ քաղաքական «սիամականությունը» վտանգ է սպառնում ոչ միայն Ադրբեջանի պետական, այլև և ավելի շատ՝ իր անձնական շահերին:
Շատերը համարում են, որ Թրամփն Ալիևին քսաներկու տարի իշխելու համար «գովել է»: Կարծում ենք, ԱՄՆ նախագահն ակնարկել է նրա լեգիտիմության խոցելիությունը, մի բան, որ Ալիևը շատ ճիշտ է հասկացել:
Բավական է անգամ թռուցիկ ծանոթանալ Ադրբեջանի որոշ ընդդիմադիր գործիչների, Եվրոպայում ադրբեջանական վտարանդիության ներկայացուցիչների գրառումներին և հոդվածներին, որպեսզի պարզ լինի, թե որքան են նրանք ոգևորված Ալիևի հասցեին Թրամփի «գովասանքից». բոլորը միաձայն պնդում են, որ բռնապետական Ադրբեջանը չի կարող Միացյալ Նահանգների լիարժեք գործընկեր լինել, որ Վաշինգտոնի երկկողմ հանդիպումն «ավանս է»:
Չափազանց բարդ է կանխատեսել, թե Ալիևն ինչպե՞ս է Պուտինի «կոշտ գրկախառնումներից ազատվելու»: Այստեղ քաղաքականությունը և անձնական բիզնես-կապերը միահյուսված են: Ալիևին հաջողվել է ՌԴ Քննչական կոմիտեի «ճիրաններից փրկել» նախկին խնամուն և փեսային, Արազ և Էմին Աղալարովները տեղափոխվել են Բաքու, մոտ ապագայում, երևի, Տաշքենդի մոտ կսկսեն զբոսաշրջային քաղաք կառուցել:
Բայց Ալիևն ինքը Մոսկվայում, Ռուսաստանում բազմաթիվ «պոչեր, պոզեր և կճղակներ» ունի: Նրա քաղաքական էմանսիպացիայի գինն այդ ամբողջ հարստությունը Պուտինին թողնե՞լն է:
Բաց մի թողեք
Ռուսաստանը զիջումների է գնացել 5 շրջանների համար. Զելենսկիի հետ կքննարկվի տարածքների հարցը. Ուիթքոֆ
«Թրամփն ասել է, Թրամփը կանի» մտայնությունը, կամ՝ Ալիևի «մոսկովյան շրջադարձը»
Իրանը և Հայաստանը՝ ընդհանուր պատմության և ապագայի արտացոլում. Աբբաս Արաղչիի հոդվածը