Ալյասկայում Վլադիմիր Պուտինի հետ մոտ երեք ժամ տևած բանակցություններից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույցներ է ունեցել Ուկրիանայի և Եվրոպական մի շարք երկրների առաջնորդների հետ:
Օգոստոսի 16-ին Եվրամիությունը և Մեծ Բրիտանիան հանդես են եկել հայտարարությամբ, որի տեքստն արտակարգ հանդիպմանը համաձայնեցրել են դեսպանների մակարդակով:
Հայտարարության առաջին իսկ կետով ստորագրող կողմերը «բացառում են Կիևին սպառազինությունների մատակարարման կամ Ուկրաինայի Եվրամիության և ՆԱՏՕ-ին անդամակցության որևէ սահմանափակում»:
Եվրամիությունը և Մեծ Բրիտանիան ողջունում եմ հակամարտությանը վերջ տալուն ուղղված՝ Միացյալ Նահանգների նախագահի ջանքերը, բայց պնդում են, որ Ուկրաինան պետք է անվտանգության երկաթե երաշխիքներ ստանա:
Առ այդ, Եվրամիությունը կշարունակի Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցային ճնշում գործադրել՝ մինչև չի հաստատվի արդարացի և ամուր խաղաղություն:
Եվրամիությունը և Մեծ Բրիտանիան գտնում են, որ Ուկրաինան ինքը պիտի իր տարածքների վերաբերյալ որոշում ընդունի, իսկ միջազգային սահմանները չպետք է փոխվեն ուժի գործադրմամբ:
Սա այն դեպքն է, երբ պետք է առաջնորդվել «հակառակ տրամաբանության սկզբունքով», այսինքն՝ եզրակացնել, որ այն, ինչ Եվրամիությունը և Մեծ Բրիտանիան վճռականապես մերժում են կամ համարում Ուկրաինայի իրավասության ենթակա հարց, դրված է եղել Թրամփ-Պուտին բանակցությունների սեղանին, ինչի շուրջ «գործարքը չի կայացել», բայց ընդհանուր «ընկալում ուրվագծվել է»:
Եթե ԵՄ-Մեծ Բրիտանիայի համատեղ հայտարարության տեքստը գնահատենք որպես դիվանագիտական միասնական տեսակետ, ապա ակնհայտ է, որ ստորագրող կողմերը նախ քաղաքական նպատակ են հետապնդել և փաստացի բացահայտել են այն, ինչ Վաշինգտոնը և Մոսկվան դեռևս գաղտնի են պահում:
Ըստ այդմ՝ հասկացվում է, որ Վլադիմիր Պուտինը պատերազմը դադարեցնելու և համապարփակ խաղաղության պայմանագիր ստորագրելու հետևյալ նախապայմաններն է առաջարկել. Ղրիմի, Դոնբասի, Խերսոնի և Զապորոժիեի մարզերի ռուսաստանապատկանության ճանաչում, Ուկրաինային սպառազինությունների մատակարարման դադարեցում, իրավական երաշխիքներ, որ Ուկրաինան չի անդամակցի Եվրամիությանը և ՆԱՏՕ-ին, ՌԴ նկատմամբ ԵՄ պատժամիջոցների չեղարկում:
Ընդսմին, հայտարարության դիվանագիտական տոնայնությունից հասկացվում է, որ Դոնալդ Թրամփը գոնե ընդհանուր գծերով ընդունել է Վլադիմիր Պուտինի «հիմնավորումները»: Եվրամիությունը և Մեծ Բրիտանիան, ընդհակառակը, Պուտինի նախապայմանները մերժում են, իսկ տարածքների հարցում որոշման ընդունումը՝ ճանաչում Ուկրաինայի բացառիկ իրավազորություն:
ԱՄՆ-ի նախագահին մեծ փորձություն է վիճակվում. կամ հերքել Պուտինի հետ սեպարատ համաձայնությունը, կամ կոտրել միասնական Եվրոպայի դիմադրությունը: Իր «մերկությունը ծածկելու» խնդիր Պուտինը չունի:
Բաց մի թողեք
Ինչո՞ւ Սյունիքում ուժային հավասարակշռություն հաստատելու հրապարակային նպատակադրվածությամբ շրջանառվում է մի նախագիծ ․․․
Չպետք է «միամիտ լինել» և տպավորություն ստեղծել, թե Կոնգրեսում շրջանառված բանաձևը «Հայաստանի կամ Արցախի մասին է»
Ռուսաստանի դեմ «դժոխային պատժամիջոցներ կիրառելու հարցը կքննարկվի G7-ի գագաթաժողովում»