Վաշինգտոնում ԱՄՆ նախագահի հետ բանակցություններից հետո եվրոպական առաջնորդներից ամենաուշագրավ հայտարարություն արել է Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը:
Նա վկայակոչել է խորհրդա-ֆիննական 1944 թվականի աշնանը Մեծ Բրիտանիայի «վկայությամբ» ստորագրված զինադադարի համաձայնագիրը, որ վերջ է դրել մոտ չորս տարի տևած պատերազմին:
Խորհրդաֆիննական խաղաղության պայմանագիրը վերջնական տեսքով ստորագրվել է երեք տարի հետո՝ 1947 թվականին և ամրագրել Ֆինլանդիայից Խորհրդային Միության տարածքային ձեռքբերումները:
Նման դեպքերում պատմական պատահական զուգահեռներ չեն անցկացվում, մանավանդ որ Ստրուբը շատ թափանցիկ ասել է, որ եթե Ֆինլանդիան ԽՍՀՄ հետ հաշտության է հասել, ապա Եվրոպան էլ կարող է Ռուսաստանի հետ համաձայնեցնել ուկրաինական պատերազմի ավարտը:
Փաստացի ուկրաինական կարգավորմանը ներգրավված կողմերից ոչ ոք չի հերքում, որ «տարածքների փոխանակման» հարցն օրակարգում է, բայց բոլորը համերաշխորեն վերջնական որոշում ընդունելու իրավասությունը պատվիրակում են Ուկրաինային:
Այս ֆոնին արևմտյան մամուլում տեղեկություն է հայտնվել, որ Մեծ Բրիտանիայում Ուկրաինայի դեսպան Զալյուժնին «պատրաստվում է նախագահական ընտրությունների»: Ըստ շրջանառված լուրերի՝ նա արդեն նախընտրական շտաբ է ձևավորում և հրավիրում է պրոֆեսիոնալ խորհրդականների:
Զալյուժնին պատերազմի առաջին փուլում Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր հրամանատարն էր և հրաժարական տվեց այն բանից հետո, երբ հայտարարեց, որ ռազմական գործողությունները թեւակոխել են «տեխնոլոգիական մրցակցության փուլ»:
Ուշագրավ է, որ Խորհրդային Միության հետ վերջինիս պայմաններով զինադադար կնքելու նախաձեռնության հեղինակը Ֆինլանդիայի ԶՈՒ գլխավոր հրամանատար ֆելդմարշալ Մաներհեյմն է, որ 1944 թվականի օգոստոսին ստանձնել է երկրի նախագահի պաշտոնը:
Մաներհեյմի առաջարկությունը Հելսինկիեում առանձնակի վիճարկման առարկա չի դարձել, Ֆինլանդիան փաստացի տարածքային զիջումների գնով պահպանել է քաղաքական անկախությունը:
Հակառակ դեպքում կարող էր ենթարկվել մերձբալթյան երկրների կամ Գերմանիայի ճակատագրին:
Ի՞նչ հեղինակություն ունի Զալյուժնին Կիևում՝ բարդ է ասել: Բայց տրամաբանական է, որ Ուկրաինայի «կապիտուլյացիան» Վլադիմիր Զելենսկին չի ստորագրի:
Ե՞րբ կարող է Ուկրաինան նոր նախագահ ընտրել: Դա կարող է տեղի ունենալ միայն ռազմական դրության ռեժիմը չեղարկելուց հետո: Իսկ դրա համար անհրաժեշտ է հասնել պատերազմի դադարեցմանը կամ կայուն հրադադարի հաստատմանը:
Անշուշտ, մեկ տեղեկության վրա չի կարելի ուկրաինական «Մաներհեյմի տեսություն» երևակայել, բայց, ինչպես ասում են՝ անկրակ ծուխ չի լինում:
Բաց մի թողեք
Մերձավոր Արևելքում հնարավոր է նոր՝ իսրայելա-եգիպտական սրացում
Արևմտյան ղեկավարները Պուտինին առաջարկում են «ոսկե միջին» գտնել
Ռուսաստանը զիջումների է գնացել 5 շրջանների համար. Զելենսկիի հետ կքննարկվի տարածքների հարցը. Ուիթքոֆ