25/08/2025

Քաղաքականության և արվեստի խաչմերուկում. բացվել է Արամ Մանուկյանի գեղանկարչական աշխատանքների ցուցահանդեսը․ Լուսանկարներ

Նկարիչների միության ցուցասրահի պատերն այսօր զարդարված էին ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանի վրձնած նկարներով։ 1990 թվականի օգոստոսի 23-ին Հայաստանի անկախության մասին փաստաթուղթն ընթերցած Արամ Մանուկյանի համար օրը խորհրդանշական է ոչ միայն ցուցահանդեսի տեսանկյունից։

Արամ Մանուկյանը նշեց` նկարների ցուցադրություն լինելուց զատ սա ակցիա է`  ի պաշտպանություն մեր հռչակագրի, որը վտանգված է։

«Նկարել սկսել եմ  50 տարի առաջ։ Ամբողջ մանկությունս և պատանեկությունս անցկացրել եմ անտառներում՝ բնության գրկում։ Պատկերացրեք՝  ինչ է նշանակում ապրել բնության մեջ և չփորձել անմահացնել աչքիդ տեսածը»,- նշեց Արամ Մանուկյանը։

Պետք է պահպանենք արժանապատվության փաստաթուղթը, որի համար սերունդներ են կյանք տվել․ բացվեց Արամ Մանուկյանի ցուցահանդեսը 

Նրա խոսքով` այսօրվա ցուցահանդեսը մեկ այլ խորհուրդ ունի, և օրվա ընտրությունն էլ պատահական չէ։

«Ցուցահանդես էլի է եղել 7 տարի առաջ, բայց այսօրվա խորհուրդը ավելի կարևոր է։ Սա կոչ է մեր ժողովրդին` միավորվելու և փրկելու այն հռչակագիրը, որը այսօր փորձում են մեր ձեռքից խլել»,- ասաց Արամ Մանուկանը։

Նրա խոսքով` ժողովուրդը պետք է պահպանի իր արժանապատվության ծննդականը։

«Դա պատմական, սերունդների զոհաբերման փաստաթուղթ է, և որևէ մեկը, ոչ մի ժամանակահատվածում, իրավունք չունի դիպչելու դրան։  Չպետք է թույլ տանք խնդիրը հասնի հանրաքվեի՝ ինչին ձգտում է իշխանությունը»,- եզրափակեց նա։

Անկախության հռչակագրի օրինակը՝ յուրաքանչյուր գրքում, Նկարիչների միության պատերն էլ «Անկախության գույնով» են պատված։ Անկախության հռչակագրի 35-ամյակն այս տարի հենց այսպես՝ գրքի շնորհանդեսով ու ցուցահանդեսով է որոշել նշել Արամ Մանուկյանը՝ նա, ով 1990 թվականի օգոստոսի 23-ին առաջինն ընթերցեց Հայաստանի Անկախության հռչակագիրը։

Պետք է պահպանենք արժանապատվության փաստաթուղթը, որի համար սերունդներ են կյանք տվել․ բացվեց Արամ Մանուկյանի ցուցահանդեսը 

«Համեստ գիրք է, բայց անհրաժեշտ է այնքանով, որ էս արժեքները չեն մատուցվում, չեն գովաբանվում, չեն գովազդվում, չեն տարածվում», – «Ազատության» հետ զրույցում ասաց Մանուկյանը:

150 էջից բաղկաղած գիրքը փաստաթղթերի ժողովածու է՝ անկախության հռչակման գործընթացի, Գերագույն խորհրդի ընդունած փաստաթղթերի մասին։ Անկախության մասին մտորումներ Հրանտ Մաթևոյանից, Աղասի Այվազյանից, Գոհար Գասպարյանից, Օհան Դուրյանից, Էդվարդ Միրզոյանից, Համո Սահյանից, Վիկտոր Համբարձումյանից և այլ մեծերից.

«Ինձ համար թանկ փաստաթղթեր եմ ես հրապարակել, մի մասը նույնիսկ առաջին անգամ հրապարակվեցին, Սուրբ Էջմիածնի արխիվից ես էդ փաստաթղթերը վերցրեցի՝ Կաթողիկոսի կոնդակներն են, որոշումներն են, ուղերձներն են անկախության հետ կապված, մեռոն եփելու արարողությունն է, որ ամբողջ մեր եկեղեցու պատմության մեջ [առաջին անգամ] Վազգեն Առաջինը անկախության մեռոն եփեց և աշխարհին տարածեց, ցրեց, և էդ փաստաթղթերի լուսապատճեններն են»:

Պետք է պահպանենք արժանապատվության փաստաթուղթը, որի համար սերունդներ են կյանք տվել․ բացվեց Արամ Մանուկյանի ցուցահանդեսը 

Սա գրքի երկրորդ հրատարակությունն է: Առաջինը հինգ տարի առաջ էր, սպառվեց։ Իսկ վերահրատարակելու անհրաժեշտությունը, Մանուկյանի խոսքով, թելադրեց ժամանակն ու ժամացույցի սլաքները փոխել փորձող իշխանությունը:

«Նիկոլ Փաշինյանն էր պատճառը՝ իր քաղաքականությամբ, որ արդեն շուրջ երկու տարի է՝ հարձակում է սկսել հռչակագրի վրա: Իհարկե նախաձեռնողը ինքը չէր՝ Ալիևն էր, ինքը Ալիևի պահանջները ներկայացնում է որպես սեփական, ներքին պահանջներ, ներքին, ներպետական խնդիր, ինչը ընդամենը ծիծաղելի է, բոլորը գիտեն, որ հռչակագրի հանելը Սահմանադրությունից դա արտաքին պահանջ է, արտաքին ճնշում է, և էսօրվա իշխանությունները գնացել են դրան: Գրքով նաև, նաև էս ցուցահանդեսով՝ իմ խնդիրը այն է՝ մասսայական դաշտ ստեղծել, տրամադրություն ստեղծել», – ասաց Մանուկյանը՝ ընդգծելով. – «Հռչակագիրն ինքը պաշտպանության կարիք ունի: Տարօրինակ է, հասկանո՞ւմ եք, 35 տարի է անցել , և հանկարծ մենք պաշտպանում ենք Անկախության հռչակագիրը իշխանություններից»:

Անկախության հռչակագրին հղումը Սահմանադրությունից հանելը հենց Բաքվի նախապայմանն է հայ – ադրբեջանական խաղաղության համաձայնագիրը ստորագրելու համար։ Ադրբեջանում խնդրահարույց են համարում հռչակագրում Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի միավորման մասին տողը:

Պետք է պահպանենք արժանապատվության փաստաթուղթը, որի համար սերունդներ են կյանք տվել․ բացվեց Արամ Մանուկյանի ցուցահանդեսը 

Արամ Մանուկյանը կարծում է՝ գործը սահմանադրական հանրաքվեի չի հասնի. «Ստացվում է՝ Ալիևի պահանջով Հայաստանը իր Սահմանադրությունը փոխում է, դա նվաստացնող է, դա բարդույթ է բերելու: Եվ երկրորդը՝ հանկարծ եթե ստացվում է, որ չի անում, չի ընդունում, ինչը հավանական է, ինչի՞՝ ժողովուրդը չի քվեարկում, դեմ է քվեարկում էդ փոփոխությանը, և ստացվում է՝ Նիկոլ Փաշինյանի քարոզը, որ «եթե հանկարծ սա չանեք, պատերազմ լինելու», էդ էլ ստացվում է՝ դու ժողովրդին շանտաժ ես անում, որ քո Մայր օրենքը փոխի՞, եթե ոչ՝ պատերազմ է լինելու: Որպեսզի էս երկու սցենարը չաշխատեն, չպետք է թողնել՝ այս փաստաթուղթը, այդ ոչուփուչ փաստաթուղթը, որը կոչվի նոր Սահմանադրություն, գնա հանրաքեի, որովհետև երկու ելքն էլ հայ ժողովրդի համար, Հայաստանի պետականության համար ցավալի է»:

Մանուկյանը վստահ է՝ այս 35 տարիների մասին գրքով, նկարով, պատկերով խոսելու կարիք կա այսօր, գալիք սերունդը պետք է իմանա՝ ինչ տեղի ունեցավ անկախություն ճանապարհին։

Անկախությունը նաև գույն ունի, ինչը քաղաքական գործիչ Մանուկյանը հանրության աչքից թաքուն տարիներ շարունակ հավաքել է և որոշել հենց Անկախության հռչակագրի ընդունման օրն այդ երանգները ներկայացնել։

«Հա, էդ էն ակտիվ փուլն էր, որ խորհրդարանում անընդհատ վեճերի մեջ էինք, և էդ լարված, էդ պրկված ելույթներից հետո, լարված վիճակից հետո փորձում էի նկարել, որ էդ բանը թողնեմ՝ էդ էներգիան, էդ լարվածությունը, էդ մութը, էդ ագրեսիան թողնեմ, և էս ձևի նկարներ էին ծնվում:

Ես պրոֆեսիոնալ չեմ, էլի, սա քաղաքականության հետ զուգահեռ գնացող մի գործընթաց է եղել ամբողջ ընթացքում, իսկ դրա իմաստը, հոգեբանական իմաստը հետևյալն է՝ չչարանալ: Էդ Հրանտ Մաթևոսյանից եմ սովորել՝ մարդը երբ սկսում է ատել, ինքնաոչնչացման է գնում, իսկ քաղաքականության մեջ շատ դժվար է չատելը: Էս գործը ինձ փրկել է: Ասում են՝ քաղաքականությունն ուր, նկարչությունն ուր։ Այդ երկուսը իրար հետ ինձ սնել են ու պահել են բարձր, մաքուր։ Չեմ թաթախվել»։

Նկարիչների միության Մարտիրոս Սարյան սրահում 1987-ից մինչև օրս արված աշխատանքներ են. Լոռվա սարերն՝ ատամի մածուկով պատած, կնոջը նվիրած ծաղիկները՝ շրջանակների մեջ հավերժացրած, ազատության ու անկախության որոնումները…

«Բայց վերջը, մեկ է, վերջը գնում է լուսավոր: Ոչ շատ լույս, հասկանո՞ւմ եք, տիեզերք է, մութը, դառը գույներ են, բայց մեկ է՝ լույսը կա, գնում է տիեզերք, լավատեսությունը հաղթում է՝ դժվար: Հիմա էլ էս պատմությունն է՝ ամբողջ իշխանությունով ընկել են հռչակագրի վրա ու ոչնչացնում են քո ինքնությունը, բայց իրենք անցողիկ են, էս է, լույսը հաղթելու է», – ասում է Արամ Մանուկյանը: