Վլադիմիր Զելենսկին ֆրանսիական մամուլին հարցազրույցում չի բացառել, որ ուկրաինական կարգավորումը կարող է տեղի ունենալ «կորեական բաժանման օրինակով»:
Ռուսաստանի փորձագիտական հանրության արձագանքը միանշանակ բացասական է. «Ռուսաստանը սահմանադրությամբ իրեն պատկանող տարածքներում մարիոնետային պետություն չի ստեղծվի»:
Մոսկվայում Զելենսկու հայտարարությունն ընկալվել է որպես Ռուսաստանի «տարածքային ձեռքբերումներն իրավաբանորեն ճանաչելուց խուսափելու հնարք»:
Սեպտեմբերի 5-ին Վլադիվոստոկի տնտեսական համաժողովի ելույթում Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ «առանցքային հարցերում Ուկրաինայի հետ պայմանավորվել, երևում է, չի հաջողվի, եթե անգամ քաղաքական կամք դրսևորվի»:
Ավելի վաղ արձանագրել էինք, որ Անքորիջի պայմանավորվածությունները փլուզվել են: Պուտինի այդ չափազանց կոշտ հայտարարությունը վկայում է ասվածը: Ռուսաստանի նախագահը Վլադիվոստոկ է ժամանել Պեկինից, որտեղ անցկացված զորահանդեսի միջազգային խորհրդանիշ է դարձել Ռուսաստանի, Չինաստանի և Հյուսիսային Կորեայի առաջնորդների համատեղ լուսանկարը՝ որպես Մոսկվա-Պեկին-Փհենյան ռազմավարական դաշինքի բացահայտում:
Այս ֆոնին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ռյուտեն Վլադիմիր Պուտինին անվանել է ոչ ավելի, քան «Տեխասի նահանգապետ»՝ հիմք ընդունելով, որ ԱՄՆ այդ նահանգի տարեկան ՀՆԱ-ն 37 տոկոսով գերազանցում է Ռուսաստանին: Ռյուտեն ասել է, որ պետք չէ Պուտինին «չափից դուրս լուրջ ընդունել, մանավանդ՝ որպես գերտերության առաջնորդի»:
Նախօրեին, ինչպես Bloomberg-ի իրազեկ աղբյուրներն են տեղեկացրել, եվրոպական առաջնորդները և Եվրահանձնաժողովի նախագահը «ծանր խոսակցություն են ունեցել ԱՄՆ նախագահի հետ, որ ամեն անգամ խոստանում է Ռուսաստանի դեմ «դժոխային պատժամիջոցների» սահմանել, բայց իրականում ոչինչ չի անում»:
Այլ աղբյուրներ պնդում են, որ Ելիսեյան պալատում հանդիպման մեկնարկից քսան րոպե անց ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Ուիթկոֆը «բանակցությունների սրահից հեռացել է»:
Ռուսաստանի տեխնոլոգիական, տնտեսական հետամնացության մասին կարելի է խոսել անգամ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի մակարդակով: Իրական քաղաքական ռեժիմում առայժմ կամք թելադրում է Մոսկվան:
Հարցն այն է, թե դա ի՞նչ ազդեցություն է թողնելու հետխորհրդային տարածքի, Հարավային Կովկասի և հատկապես հայ-ադրբեջանական կարգավորման վրա, երբ բոլորի առջեւ ծառացած է էքզիստենցիալ հարց. «Թերագնահատե՞լ Պուտինին, թե՞ միայն չգերագնահատել»:

Բաց մի թողեք
«Կույր կետեր». Մայիսյան անօդաչու թռչող սարքերի մասին տագնապը ընդգծում է լիտվացիների համար օդային հարձակման ապաստարանների վատ հասանելիությունը
Ալբանիայում շարունակվում են Թրամփի ընտանիքի հետ կապված հանգստավայրի դեմ բողոքի ցույցերը
Մագյարը պնդում է, որ Ուկրաինայի հետ կնքված փոքրամասնությունների իրավունքների վերաբերյալ համաձայնագիրը կվերացնի ԵՄ անդամակցության վետոն