16/09/2025

«Գևորգիս աղջիկներից եմ իր կարոտն առնում». պայմանագրային զինծառայող Գևորգ Հովհաննիսյանը վիրավորվել է նոյեմբերի 9-ին Շուշիում, անմահացել՝ նոյեմբերի 18-ին. Լուսանկարներ

«Շատ աշխույժ, ուրախ երեխա էր Գևորգս»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Անժելան՝ Գևորգի մայրիկը։ 

Նա երեք որդի և մեկ դուստր ունի։ Տղաներից ամենափոքրը Գևորգն է։ Նա ծնվել է Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում։ Որդու ծնունդից որոշ ժամանակ անց ընտանիքը տեղափոխվել է Վարդենիս համայնքի Արփունք գյուղ։ Գևորգը սովորել է տեղի միջնակարգ դպրոցում։

Մայրիկն ասում է՝ որդին գերազանց առաջադիմություն չի ունեցել։ «Բայց, իհարկե, անտարբեր չէր դասերի նկատմամբ։ Չեմ կարող ասել, որ ունեցել է յուրահատուկ սիրելի առարկաներ, իր համար դրանք բոլորը հավասար էին։ Լավ վարքով աշակերտ է եղել։ Դպրոցում իրեն բոլորը շատ էին սիրում ու գնահատում, ինչպես ասում են՝ շատ էին տեղ տալիս Գևորգիս։ Հիմա էլ Արփունքի դպրոցում փակցված է իր լուսանկարը»։

Դպրոցն ավարտելուց երկու տարի անց՝ 2009 թվականին Գևորգը զորակոչվել է պարտադիր զինվորական ծառայության։ Ծառայել է Տավուշի մարզի Մեհրաբի N զորամասում։ «Մինչ բանակ զորակոչվելը, հետո արդեն նաև ծառայությունից վերադառնալուց հետո ինձ էր օգնում գյուղատնտեսական աշխատանքներում։ Հիմնական զբաղմունքը դա էր, ինչպես ասում են՝ գյուղի գործ»։

2013 թվականին Գևորգն անցնում է պայմանագրային զինվորական ծառայության Արտանիշի N զորամասում: «Սիրում էր զինվորականի մասնագիտությունը։ Սիրով ծառայում էր, երբեք որևէ հարցում չդժգոհեց։ 2016 թվականի Քառօրյա պատերազմին էլ մասնակցեց։ Մեր ընտանիքի տղամարդիկ այդ շրջանից են ծառայել։ Ամուսինս ծառայել է, թոշակի անցել, մեծ տղաս հինգ տարի ծառայելուց հետո դուրս եկավ պայմանագրային ծառայությունից, հետո մեկնեց Ռուսաստանի Դաշնություն։ Գևորգն էլ, կարծես, այդ ճանապարհով գնաց»։

2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսվեց 44-օրյա պատերազմը։ Տիկին Անժելան վերհիշում է այդ օրերը։ «Այդ օրերին վատառողջ էր։ Ասացինք՝ մի գնա։ Արձագանքեց՝ ես չգնամ, մյուսը չգնա, բա ո՞վ է մեր երկիրը պաշտպանելու։ Այնքան նվիրված էր երկրին, զինվորական գործին, իր համազգեստին, որ անգամ վատառողջ լինելն իրեն հետ չպահեց ռազմաճակատ մեկնելուց»։

Գևորգի պատերազմը տևել է ուղիղ 44 օր։ Նա եղել է Քարվաճառում, Շուշիում։ Մասնակցել է ռազմական գործողություններին ամենաթեժ կետերում։ Այդ օրերին մշտական կապի մեջ է եղել ընտանիքի անդամների հետ։ «Զրուցում էինք, ամենակարևորի մասին էի իրեն հարցնում։ Ծնողն ի՞նչ կարող է ասել՝ ցավդ տանեմ, լավ մնա, ցավդ տանեմ, զգույշ մնա։ Իսկ Գևորգն էլ միշտ ասում էր՝ մա՛մ, ամեն ինչ լավ է։ Ես չեմ իմացել, որ նա Շուշիում է։ Ինձ ասում էր, որ Քարվաճառում է։ Չէր ուզում, որ անհանգստանայի, իմանայի, որ պատերազմի թեժ կետերում է։ Շատ հետո եմ իմացել, որ նա մինչև Շուշի է հասել»։

Գևորգը նոյեմբերի 9-ին Շուշիի մատույցներում էր։ Հենց այնտեղ էլ գանգուղեղային բեկորային ծանր վնասվածք է ստացել՝ անօդաչու թռչող սարքից արձակված արկի հարվածի հետևանքով։ Ծանր վիրավորում ունեցող Գևորգը հոսպիտալացվում է, տեղափոխվում Երևան։ Կյանքի համար պայքարը Գևորգը շարունակում է ևս ինն օր։ Սակայն նոյեմբերի 18-ին երևանյան բժշկական կենտրոններից մեկում, այդպես էլ գիտակցության չգալով, անմահանում է։ Նրա վնասվածքն անհամատեղելի է լինում կյանքի հետ։

Ապրելու ուժի մասին։ «Գևորգս երկու դուստր ունի։ Իրենցից եմ տղայիս կարոտն առնում։ Փոքր աղջիկը 2020 թվականին է ծնվել, ութ ամսական էր, երբ այս ամենը պատահեց մեզ հետ։ Մեծ աղջիկը վեցերորդ դասարանում է սովորում։ Բնականաբար, նա ունի հիշողություններ հայրիկից։ Շատ է հայրիկից հարցնում, կարոտում է, ուզում է, որ հայրիկն իր կողքին լինի։ Ոչ մի կերպ, կարծես, չենք կարողանում իրեն համոզել, որ հայրիկն իր հետ է, իրեն տեսնում է վերևից, ուրախանում իր հաջողություններով։ Միշտ ասում է՝ չեք հասկանում, որ կարոտում եմ պապայիս։ Հիշում է հայրիկին, թե ինչպես են միասին խաղացել, ժամանակ անցկացրել, զգում է նրա կարիքը»։

Հ. Գ. – Գևորգ Հովհաննիսյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ Հուղարկավորված է Չարենցավանի պանթեոնում

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ