Շուշան Սարգսյանի Reflections և Dialogue մոնոօպերաներն ընդգրկվել են Recording Academy-ի 68-րդ «Գրեմմի» մրցանակաբաշխության «Լավագույն դասական ժամանակակից ստեղծագործություն» անվանակարգի երկար ցանկում։
Այդ առիթով հրավիրված մամուլի ասուլիսում Շուշան Սարգսյանն ասաց, որ ստեղծագործությունները թողարկվել են ԱՄՆ-ում և հասանելի են աշխարհի ավելի քան 150 երաժշտական հարթակներում։ Նա հիշեցրեց, որ հաշված օրեր անց պարզ կդառնա՝ արդյոք մոնոօպերաները կհայտնվեն մրցանակաբաշխության կարճ ցուցակում․ «Մոնոօպերան ոչ ստանդարտ ժանր է համարվում, ուստի շատ կարևոր է, թե ովքեր են այն կատարում»։
Սարգսյանի Reflections-ը սոպրանոյի, ջութակի և դաշնամուրի համար գրված կամերային մոնոօպերա է: Ստեղծագործությունը կատարում են Թերեզա Գևորգյանը (սոպրանո, Մեծ Բրիտանիա), Մարտին Շահբազյանը (դաշնամուր, ԱՄՆ) և Էրիկ Մանուկյանը (ջութակ, Հայաստան):
Այն հյուսվում է հիշողության, ձայնի և լռության բեկորներից՝ ստեղծելով ձայնային գոբելեն, որը թե՛ տարաժամանակ է, թե՛ արդիական։ Dialogue մոնոօպերան գրվել է բարիտոնի համար: Այն կատարում են Ակսել Դավեյանը (բարիտոն, Գերմանիա) և Մարտին Շահբազյանը (դաշնամուր, ԱՄՆ): Dialogue-ը մերժում է ավանդական ձևաչափերը՝ համադրելով խոցելիությունն ուժի, իսկ լռությունը՝ պոռթկման հետ։
Շուշան Սարգսյանը կարևորեց այն փաստը, որ աշխարհում առաջին անգամ է բարիտոնի համար մոնոօպերա գրվում․ «Այս գործերը յուրահատուկ են նաև այն առումով, որ հրաժարվել եմ տեքստից։ Մեր այբուբենի հնչյունների միաձուլման և տեղաշարժի վրա է հիմնված դրամատուրգիան։ Մեկը 10 րոպե է, մյուսը՝ 16։ Այդպիսով կոտրում ենք նաև օպերային արվեստում ընդունված կանոնները։ Ստեղծագործություններում նորարարություն կա, ուստի հայտնվել են անվանակարգում»։
Մոնոօպերաների շուրջ աշխատել է մի խումբ բարձրակարգ մասնագետների հետ։ Շուշան Սարգսյանը հիշատակեց պրոդյուսեր Յուրի Վոլոդարսկիին, որն ապրում է ԱՄՆ-ում․ «Եթե նա, նրա ընկերությունն ու հավատը չլինեին, մենք չէինք կարողանա մոնոօպերաները ներկայացնել «Գրեմմի»-ի։ Մրցանակաբաշխությանը ներկայացվելու համար ստեղծագործություններն անպայման պետք է թողարկվեն ԱՄՆ-ում և հենց ԱՄՆ-ից կազմակերպությունը պետք է դրանք ներկայացնի «Գրեմմի»-ի»։
Նա հավելեց՝ նախագծերն իրականացվել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության բարձր հովանու ներքո։
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը հայտնեց, որ Շուշան Սարգսյանը մասնակցել է նախարարության մրցութային դրամաշնորհային ծրագրին, և նրա նախագիծն արժանացել է հանձնաժողովի անդամների հավանությանն ու ֆինանսավորում է ստացել․ «Երբ Շուշանն իր ստեղծագործությունները ներկայացնում է միջազգային հարթակներում, նշանակում է, որ այն, ինչ ստեղծվում է այսօր, մրցունակ է, նշանակում է՝ մենք մեկուսացված չենք, մեր երաժշտությունը, կատարողական արվեստը քարտեզագրված են, մրցունակ են, և մեր ստեղծագործողները նույն չափանիշներով որակական արդյունք են տալիս, ինչպես ցանկացած զարգացած երկրի կոմպոզիտոր, իսկ այս մրցանակաբաշխության երկար ցուցակում հայտնվելու հանգամանքը շատ կարևոր է և փաստում է, որ մեր օրերում ամեն ինչ հնարավոր է, և պետությունը կկանգնի յուրաքանչյուր ստեղծագործողի կողքին, որը կներկայանա հետաքրքիր ծրագրերով»։
ԿԳՄՍ փոխնախարարը կարևորեց այն, որ Շուշան Սարգսյանի ստեղծագործություններն ունեն հայկական շունչ, սակայն կոտրված են լեզվական խոչընդոտները և հեշտությամբ են դառնում միջազգային երաժշտարվեստի կարևոր մասնիկ։
Ջութակահար Էրիկ Մանուկյանն էլ շատ ուրախ է նախագծի մի մասը լինել։ Նա վաղուց է ճանաչում Շուշան Սարգսյանին և հաճույքով է համագործակցում նրա հետ։
Ես՝ լինելով միջազգային պրոդյուսեր ու ԱՄՆ/ԵՄ Ջազ – Բլյուզ ասոցացիայի նախագահը, կարծում եմ, որ այս ամենում շատ մեղմ ասած՝ անճշտություններ կան, եթե ոչ կեղծիք ու սուտ։ Բանն այն է, որ Գրեմմի մրցանակաբաշխությանը հնարավոր չէ դիմել, իրենց չեն դիմում ամբողջ աշխարհի որևէ երաժիշտներ, նրանք պարազպես ապահովում են իրենց ստեղծած երաժշտության հանրայնությունը այնպես, որ այն հասանելի լինի Գրեմմիին, իսկ նրանք դրանք կվերցնեն և կընդգրկեն որևէ անվանակարգում, դա իրենց հայեցողությունն է միմիայն, մինչդեռ Շուշան Սարգսյանն ասում է, որ իրենք դիմել են, ավելին՝ ՄԻՏՔ․am-իս հարցին ի պատասխան ասում է, որ տեխնիկա են բերել, Հայաստանում որակյալ ձայնագրություն ստացել, դիմել են Գրեմմիին ու ընդգրկվել մրցանակաբաշխության «Լավագույն դասական ժամանակակից ստեղծագործություն» անվանակարգի երկար ցանկում։
ՄԻՏՔ․am-ը հարցրեց նաև, թե ինչու է ամբողջ ձայնագրությունը բաց ներկայացված Սպոտիֆիում, երբ նման բան որևէ մեկը չի անում, ինչին ի պատասխան Շուշան Սարգսյանը պատասխանեց, թե իբր դա Գրեմմի մրցանակաբաշխության «Լավագույն դասական ժամանակակից ստեղծագործություն» անվանակարգի երկար ցանկում ընդգրկվելու նախապայմանն է, ինչը, ներեցեք, բայց կեղծիք է։ Ամեն տարի ես բազմաթիվ երաժիշտների խթանմամբ եմ զբաղվում, սակայն որևէ մեկը՝ լինի Գրեմմիի ներկայացված, թե՝ ոչ, 1,10 ոպե – վայրկյանից ավելի չի ներկայացնում իր որևէ ձայնագրություն Սփոթիֆիում, եթե իհարկե լուրջ նպատակներ ունի ու ցանկանում է լրջորեն խթանել իր երաժշտությունը։
Թեև՝ հավուր ճշմարտության, պետք է ասեմ, որ մինչ մամուլի ասուլիսին գնալը Սփոթիֆիում ամբողջությամբ ու երկու անգամ լսել եմ ձայնագրությունն ու շատ հավանել, իրոք ինքնատիպ է, սակայն ում կողմից է փող լվացվում ու հանուն ինչի, ասուլիսում ասվածից հիասթափված ստիպված եմ արձանագրել, ավելին՝ առաջ գնալու, ուսումնասիրելու ցանկություն, ներեցեք, բայց չկա։ Ի վերջո, հայ աղջիկ է, կարող է իր ասպարեզը գտնել, հուսամ՝ ոչ ջազ ծլվլացող հայ երգչուհի երիտասարդների պես, որ խայտառակություն են աշխարհում։
Սիմոն Սարգսյան
Հ․Գ․ Ստորև՝ Արմենպրես լրատվական գործակալության տեսանյութն ու լուսանկարը մամուլի ասուլիսից․
Բաց մի թողեք
Իսկ դուք հասկացել եք կյանքը. այսօր Ջոն Լենոնի ծնունդն է՝ լիցքավորվել նրանով ու նրա երաժշտությամբ. Տեսանյութեր
Ռոք աշխարհում այսօր տոներից մեկն է․ Տեսանյութեր
ԵՄ-ն մշակութային և ստեղծագործական ոլորտներում աջակցության մասին՝ ընդհանուր 7 միլիոն եվրո է հատկացրել