16/10/2025

Փաշինյանն ավելի ճիշտ կաներ, եթե հայ ժողովրդին այս դժոխային խաչմերուկից դուրս գալու արվեստը սովորեցնելուց հրաժարվեր

Այսօր ազգովի ու պետությամբ հայտնվել ենք մի խաչմերուկում, որը «երթեւեկության» ոչ մի կանոնով ու կարգով չի կարգավորվում: Բայց մեր դժբախտությունը, այնուամենայնիվ, այդպիսի խաչմերուկում մեր հայտնված լինելը չէ:

Այդ կամ այդպիսի խաչմերուկում այսօր շատերն են գտնվում: Մեր դժբախտությունն այն է, որ մեր երկրի վարչապետը, որն այնքան էլ քիչ բան չի արել, որպեսզի մենք հայտնվենք ոչ մի կարգուկանոնով չկարգավորվող այս խաչմերուկում, հիմա էլ իր «իրական Հայաստան»-ներով, իր «խաղաղության խաչմերուկ»-ներով, իր «չորրորդ հանրապետություն»-ներով մեզ կանգնեցրել է առանց այն էլ բանուկ այդ խաչմերուկի հենց ամենաբանուկ մասում ու սովորեցնում է, որ եթե մեզ չորս կողմից հրմշտում ու հարվածում են, եթե մեզ չորս կողմից քաշում-քշքշում են, ապա դա անում են ոչ թե նրա համար, որ մենք մեր հույսը չեղած ու չգործող «երթեւեկության» կանոնների վրա ենք դրել, այլ՝ որովհետեւ մենք ճիշտ տեղում չենք կանգնել` սխալ տեղում ենք կանգնել:

Սակայն իրականում մեր սխալը ոչ թե ճիշտ տեղում կանգնած չլինելն է, ոչ թե սխալ տեղում կանգնած լինելն է, այլ՝ այն, որ մենք՝ այս երկրի վարչապետի գլխավորությամբ, բավականին երկար ժամանակ է՝ չենք հասկացել ու շարունակում ենք չհասկանալ, որ այսպիսի խաչմերուկներում հայտնվածի համար ամենամեծ սխալը, թերեւս, ոչ թե «լավ տեղ» չգտնելն է, այլ, ընդհանրապես՝ կանգնելն ու առաջ չգնալը:

Չենք հասկացել, որ այսպիսի խաչմերուկներից դուրս գալու համար մենք մեր հույսը պետք է ոչ թե չեղած ու չգործող ինչ-որ «երթեւեկության» կանոնների կամ թե ինչ-որ խորհրդավոր «լավ տեղի» վրա դնենք, այլ այդ համընդհանուր հրմշտոցի ու քաշքշուկի միջով՝ քաշելով ու քաշքշվելով, հարվածելով ու հարվածներ ստանալով, բայց չընկնելով ու չկանգնելով առաջ՝ դեպի խաչմերուկի վերջը գնանք:

Այս իմաստով, Փաշինյանն ավելի ճիշտ կաներ, եթե հայ ժողովրդին այս դժոխային խաչմերուկից դուրս գալու արվեստը սովորեցնելուց հրաժարվեր եւ փոխարենը՝ պետության գործերով զբաղվեր:

Ասում ենք՝ ավելի ճիշտ կաներ՝ պետության գործերով զբաղվեր, որովհետեւ հավատում ենք, որ երբ սկսեր երկրում եւ երկրի շուրջ ընթացող քաղաքական ու տնտեսական գործընթացներին ոչ թե սոփեստի, այլ պետական գործչի աչքերով նայել, ապա, ուշացումով, բայց գուցե հասկանար, որ ստեղծված վիճակի աբսուրդն ամենեւին էլ այն չէ, որ հայ ժողովուրդն այս խաչմերուկում կանգնելու իր ճիշտ տեղը չի գտնում, այլ այն է, որ ինքն իր ճիշտ տեղում չի գտնվում:

Կհասկանար եւ այն ժամանակ գուցե հայ ժողովրդին ճիշտ տեղը գտնել սովորեցնելու փոխարեն ինքն իր ճիշտ տեղը գտնելու գործով զբաղվեր:

Գալուստ ՍԱՐԳՍՅԱՆ