19/10/2025

Տեր Արամին պետք է ոչ թե հայհոյել, այլ լսել ու հենց իր խոսքերով պատասխանել իրեն

Տեր Արամին պետք է ոչ թե հայհոյել, այլ լսել ու հենց իր խոսքերով պատասխանել իրեն։ Տեսեք ինչ ասում, երբ լրագրողն ասում է, որ մարդիկ մատնության համար իրեն են մեղադրում․ «Ես իմ բողոքի ձայնն եմ բարձրացրել։

Հրապարակ թերթը գրել է․ Ո՞ւր մնաց արդարությունը, որ պետք է հասարակ քահանայի խնդրի  հետևից չգնան, պիտի եպիսկոպոս լինի՞, որ գնան»։ Հենց այս փոքրիկ դրվագը վկայություն է, որ նա խնամիական հարաբերություն ունի  իշխանության հետ։

Փաստացի արձանագրում է՝ տեսեք ի՜նչ սրտացավ իշխանություն ունենք, որ նույնիսկ հասարակ քահանայի բողոքի հետևից գնում է։ Թող այդպես լինի։ Բայց նման հայտարարություն անելուց առաջ քահանան չի՞ մտածում, որ Հայաստանի հարյուր հազարավոր քաղաքացիներ  բողոքում են այս իշխանությունից, որոնք նաև իր հոտի մասն են կազմում, ու ոչ ոք նրանց չի լսում, ոչ ոք նրա բողոքի հետևից չի գնում։

Այդ ո՞նց է լինում, որ մի քահանայի բողոքի հետևից գնում են, իսկ հարյուր հազարավոր մարդկանց բողոքի հետևից ոչ ոք չի գնում։ Եվ նա, ումից բողոքում են, մնում է իր տեղում, իսկ բողոքավորներին ձերբակալում են։ Հարցի պատասխանը բոլորը գիտեն, բայց թող քահանան փորձի բացատրել, եթե կարող է։ Մյուս հարցը ավելի խորքային է։

Քահանան ասում է․ «Հուդան ու՞մ մատնեց՝ Հիսուսն արդար էր, մեղավոր չէր, հիմա դուք ուզում եք ասեք, որ էս եկեղեցու մեջ կա մեկը, որ արդա՞ր է, մեղք չի՞ գործում՝ հասարակ սարկավագից մինչև Կաթողիկոս»։ Փաստորեն սա քահանայի կողմից պարզ խոստովանական ցուցմունք է հենց իր նկատմամբ՝ եկեղեցում կա՞ մեկը, որ արդար է։

Հուսով եմ Հիսուսը ինքը չէ։  Եթե այդքանը գիտի, եթե ինքը իրեն մեղավոր է համարում, այդ դեպքում ինչու՞ է մատնությամբ զբաղվում։ Այս հարցի պատասխանն էլ կուզեի իմանալ։ Ելնելով Սուրբ Գրքից՝ եկեղեցու հայրերն ընդունում են, որ մարդը մեղավոր է նախապես. ո՛չ թե որևէ մեղքը գործելուց հետո է նա դառնում մեղավոր, այլ մեղք է գործում, որովհետև մեղսավոր է ի ծնե՝ իր մեջ կրելով սկըզբնական մեղքն, որին թողություն է տրվում Հիսուս Քրիստոսի միջոցով, նրան հավատալով, ապաշխարելով և Մկրտությամբ Սուրբ Հոգին ընդունելով: Հոգևոր հայրերը ևս մարդ են։

Ըստ Աստվածաշնչի, մահը հետևանքն է մեղքի, եթե հոգևոր հայրերի համար ևս մահ կա, ուրեմն պարզ է՝ նրանք Հիսուս չեն, մեղավոր են։  Հիմա հարց՝   Տեր Արամը իր մեղքը խոստովանելուց հետո կապաշխարի՞։ Կարծում եմ, այո։ Հոգևոր մարդը իր մեղքը խոստովանելուց հետո՝ կապաշխարի։