Բաքվի դատարանում նախօրեին շարունակվել է Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների և մյուս գերիների գործով կեղծ դատավարությունը։ Երեկվա «լսումների» ժամանակ ներկայացվել են Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության հին հարցազրույցների և ելույթների վրա հիմնված ձայնագրություններ, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
Նշվում է, որ մեղադրող կողմը այս հայտարարությունները համարում է «ժողովուրդների միջև ազգամիջյան, էթնիկական և կրոնական ատելություն հրահրելու, Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ պայքարելու, պատերազմի և ահաբեկչության կոչ անելու հիմք»:
Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, Արցախի խորհրդարանի նախկին խոսնակ Դավիթ Իշխանյանը և Արցախի նախկին ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը իրենց անհամաձայնությունն են հայտնել նախորդ հարցազրույցների կամ առցանց ռեսուրսներից և սոցիալական ցանցերից վերցված հայտարարությունների հիման վրա կազմված փաստաթղթերում պարունակվող բազմաթիվ դրույթների վերաբերյալ։ Ավելին, Իշխանյանը պահանջել է ներկայացնել Լեռնային Ղարաբաղի բանակի շտաբի պետի տեղակալ Կամո Վարդանյանի կողմից ստորագրված գաղտնի փաստաթղթի պատճենը։ Բաքվում հայ գերիների գործով «դատական լսումները» կշարունակվեն հոկտեմբերի 20-ին։
Հիշեցնենք` հունվարի 17-ից Ադրբեջանում ընթանում է Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով «դատավարությունը»: Մեղադրյալների թվում են նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը և այլք: Նախկին պետնախարար և բարերար Ռուբեն Վարդանյանի գործը քննվում է առանձին վարույթով:






Բաց մի թողեք
Ազգը՝ կարոտ կաթողիկոսի եռանդին, կաթողիկոսը՝ կարոտ ազգի սիրուն
Քննչական կոմիտեում և ԱԱԾ-ում ձևավորված «հետին թվով գաղտնալսումների» սխեման. AntiCor-ի բացահայտումը
«Ուկրաինացի երեխաներն Անթալիայում դժոխք են վերապրել». թուրքերը բռնաբարել են, հղիացրել ․․․