18/10/2025

Տուգանվում են Երևանից Թբիլիսի ուղևորափոխադրում իրականացնող գրեթե բոլոր մեքենաները

ՀՀ կառավարությունը և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը

Այսօր վաղ առավոտից Վրաստանի Հանրապետության տրանսպորտային դեպարտամենտի կողմից տուգանվում են ՀՀ-ից դեպի Թբիլիսի ուղևորափոխադրումներ իրականացնող գրեթե բոլոր մեքենաները, թե՛ միկրոավտոբուսները, և թե՛ մինիվենները։ Յուրաքանչյուր մեքենա տուգանվում է 5.000 լարի (մոտ 750.000 դրամ)։

Երբ կեսօրին բախվեցինք այս խնդրին և տուգանվեց մեր առաջին մեքենան, ենթադրեցինք, որ խնդիրը հետադարձ ուղևորներ վերցնելու մեջ է։ Սակայն օրվա ընթացքում տուգանվեցին նաև մեր այն մեքենաները, որոնք ուղևորներին Երևանից դեպի Թբիլիսի հասցնելուց հետո, առանց որևիցե ուղևոր վերցնելու, վերադառնում էին դեպի Երևան։

Հայտնվելով այս իրավիճակում, փորձեցինք ճշտումներ կատարել Երևան-Թբիլիսի ուղևորափոխադրումներ կատարող այլ կազմակերպությունների հետ։ Պարզվեց, որ խնդիրը չի սահմանափակվում մեզանով. տուգանվում են գրեթե բոլորը, անկախ նրանից, թե ինչ իրավական հիմքերով են իրականացնում այդ ուղևորափոխադրումները։

Ստեղծված խնդիրը իր մասշտաբով աննախադեպ է մեր աշխատանքային 14 տարիների ընթացքում. երբևէ չենք բախվել նման խնդրի։ Ուստի ակնկալում ենք ՀՀ պատկան մարմինների արագ արձագանքը. հակառակ դեպքում, ամեն օր 2–3 մլն դրամ տուգանվելով՝ ընդամենը 15–20 օր անց, Երևան-Թբիլիսի բոլոր ուղևորափոխադրող ընկերությունները, այդ թվում նաև մենք, կհայտնվենք շատ ծանր վիճակում։

Իսկ ուղևորափոխադրումները դադարեցնելը կնշանակի մեր տարիների աշխատանքի զրոյացում և, որն ավելի կարևոր է, Հայաստանը դեպի արտաքին աշխարհ կապող հիմնական ուղղության պարալիզացում, որը իր հերթին առավել ծանր իրավիճակում կդնի մեր առանց այլ բլոկադայի մեջ գտնվող երկիրը։

Խնդրի առաջացման հիմքում տեսնում ենք հավանական երկու տարբերակ. կամ թշնամական պետությունների ներգործության արդյունքում աշխատանքներ են տարվում ՀՀ-ն վերջնական բլոկադայի հասցնելու համար, կամ հակամրցակցային մեթոդներով դաշտ են բացում որևէ խոշոր խաղացողի համար, որը հավանական կլինի վրացական որևէ ընկերություն։ Չեմ բացառում նաև, որ այդ ենթադրյալ կազմակերպության հետևում կարող են լինել թուրքական կամ ադրբեջանական ներդրումներ։

Վերջում տեղեկացնում ենք, որ անկախ ստեղծված իրավիճակից մենք շարունակում ենք մեր աշխատանքը, իսկ այս խնդրին բախված բոլոր ընկերություններին և անհատ վարորդներին առաջարկում ենք խնդիրը լուծել միասնական ուժերով։ Մենք բողոքարկելու ենք բոլոր տուգանքների արձանագրությունները՝ վրացական օրենքների համաձայն, և առաջարկում ենք դա անել համատեղ։

Արտյոմ Ասրիյանի Ֆեյսբուքի էջից