Երեկ հայտնի դարձավ, որ Մասիսի համայնքապետ, «Պատիվ ունեմ» խմբակցության վարչապետի թեկնածու Դավիթ Համբարձումյանը դատապարտվել է 6 տարի 3 ամիս ժամկետով ազատազրկման։
Դատավոր Ժորա Չիչոյանը վերացրել է արդեն իսկ կիրառված գրավն ու որպես խափանման միջոց է ընտրել կալանքը։
Այս ամենի ֆոնին մինչ ընդդիմադիրները սկսեցին հայտարարել, որ սա քաղաքական հետապնդում է, ՔՊ-ն էլ քարոզչամեքենան գործի դրեց՝ պնդելով, թե «Պատիվ ունեմ»-ը հատուկ նպատակով Համբարձումյանին առաջադրեց վարչապետի պաշտոնում, որ այսօր կհայտարարի վերջինիս նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում։
Սրան զուգահեռ փաստաբանները սկսեցին հիմնավոր փաստերով ներկայացնել, որ դատարանի այս որոշումն անհիմն է։
Մասնավորապես, փաստաբան Գայանե Պապոյանը փաստեր ներկայացրեց, որ նույն Ժորա Չիչոյանը առանձնապես խոշոր չափով «Մեթամֆետամին» իրացնողի նկատմամբ պատիժ է նշանակել տվյալ հոդվածով սահմանված պատժի նվազագույնի չափով՝ 6 տարի, իսկ ահա Համբարձումյանի դեպքում, երբ անհամեմատ նվազ վտանգավոր թմրամիջոցի մասին է խոսքը, և որտեղ սանկցիան 4-7 տարի է, նշանակել է 6 տարի 3 ամիս ժամկետով ազատազրկում, այսինքն՝ առավելագույնին մոտ ժամկետով։
Ստացվում է ըստ Ժորա Չիչոյանի բացառապես դրական բնութագրվող, բացառիկ հարգանք վայելող, ժողովրդի կողմից ընտրված, նախկինում չդատված, խնամքին անչափահաս երեխաներ ունեցող անձին պետք է պատժել ավելի խիստ, քան թմրամիջոց իրացնողին։
Ինչևէ, այս ամենը Դավիթ Համբարձումյանն ընդունում է որպես պարզ մարտահրավեր, որն ուղղված է իրեն պայքարից հետ պահելուն։
Այսօր նա ֆեյսբուքյան իր էջում հայտարարել է, որ աշխատանքային այցով գտնվում է ՌԴ-ում և հոկտեմբերի 28-ին վերադառնալու է հայրենիք։ Իր պլաններում ոչինչ չի փոխվել։
Այսինքն՝ ՔՊ քարոզչամեքենայի տարածած հերթական փուչիկը, թե Համբարձումյանը կխուսափի Հայաստան վերադառնալուց, ևս պայթեց։
Նշենք, որ Հանրապետություն մուտքից անմիջապես հետո Մասիսի համայնքապետը կկալանավորվի։
Չնայած դրան, Համբարձումյանն իր գրառման մեջ վստահեցրել է, որ պայքարը շարունակելու է. «…Շարունակելու եմ ամեն ինչ անել, որպեսզի Հայաստանը օր առաջ ազատվի դավաճան իշխանություններից։ Իմպիչմենտը եղել և շարունակում է մնալ Նիկոլից օր առաջ ազատվելու միակ տարբերակը։ Ուստի կոչ եմ անում ընդդիմությանն ու հայրենասեր բոլոր քաղաքացիներին միավորվել այդ օրակարգի շուրջ և հնարավորինս շուտ կյանքի կոչել վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացը։ Վստահեցնում եմ՝ դրա համար անհրաժեշտ բոլոր պայմանները կան։ Դա է ուզում նաև մեր ժողովուրդը։ Ուստի պետք է պայքարել և հասնել հաղթանակի։
… Նիկոլից ու նրա կամակատար դատաիրավական համակարգից փախչելու միտքն անգամ բացառում եմ։ Շուտով կլինեմ Հայաստանում և բոլորս միասին կպայքարենք իմ, Սրբազան Հայրերի, այլ քաղբանտարկյալների և մեր ամբողջ երկրի ազատության համար։ Աստծով»:






Բաց մի թողեք
Տաքսու ուղևորը ուղեվարձը վճարել է կեղծ 20 հազար դրամանոցով. ոստիկանները հայտնաբերել են նրան
Օտարերկրյա քաղաքացիների առևանգում․ ՔԿ-ն նոր մանրամասներ է հայտնել
Հաղորդումներ ենք ներկայացրել, վտարել Ստեփան Ասատրյանին․ Արա Զոհրաբյան