08/11/2025

Լոնդոնը և Անկարան ՆԱՏՕ-ի «համակարգում առանձին առանցք են ձևավորում»

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վերադարձել է այն մտքին, որ երբ պատերազմող կողմերը շարունակում են կռվել, պետք է «այդ հնարավորությունը նրանց տալ»:

Խոսքը ռուս-ուկրաինական պատերազմի մասին, որտեղ, ըստ ԱՄՆ նախագահի, Ռուսաստանը մարդկային ահռելի կորուստներ ունի, «գուցե մեկ միլիոն, հնարավոր է՝ ավելի շատ»: Թրամփի տեղեկություններով, «ավելի լավ վիճակում չէ նաև Ուկրաինան»:

Միացյալ Նահանգների նախագահն, ընդսմին, տպավորություն ունի, որ Վլադիմիր Պուտինը հակված է ԱՄՆ-ի հետ առևտրային կապերի գհաստատման: Ըստ երևույթին, նման ուղերձ Կրեմլը Սպիտակ տանը փոխանցել է Պուտինի հատուկ ներկայացուցիչ Դմիտրիևի միջոցով, որ վերջերս մի քանի օր անցկացրել է Վաշինգտոնում և, հավանաբար, ամերիկյան գործարար շրջանակների հետ շփումներ է ունեցել:

Թրամփը նաև հայտարարել է, որ այս փուլում Ուկրաինային Tomahawk հրթիռներ մատակարարելու մտադրություն չունի: Ավելի վաղ ամերիկյան մի քանի լրատվամիջոց հայտնել է, որ Պենտագոնը Ուկրաինային Tomahawk հրթիռների մատակարարմանը կողմ է, որոշում պետք է կայացնի Թրամփը:

Այս ֆոնին Bloomberg-ը, հղում անելով իրազեկ աղբյուրներին, հայտնել է, որ Մեծ Բրիտանիայի կառավարությունը Storm Shadow հեռահար հրթիռների «նոր խմբաքանակ է առաքել Ուկրաինա»: Այդ մասին գրել է «Նեզավիսիմայա գազետան»:

Ըստ տեղեկությունների, Լոնդոնը նման որոշում կայացրել է, երբ «համոզվել է, որ Թրամփն Ուկրաինային Tomahawk չի մատակարարի»: Մեծ Բրիտանիայի կառավարությունը հրթիռների քանակի մասին տեղեկություն չի տարածել:

Աղբյուրները Bloomberg-ին ասել են, որ Լոնդոնը «ձմռանն ընդառաջ որոշել է համալրել Ուկրաինայի պաշտպանական զինանոցը»:

Ուկրաինային սպառազինությունների մատակարարման խոստում տվել են նաև եվրոպական այլ երկրներ: Արևմտյան փորձագետները կարեւորել են Իտալիայի կառավարության դիրքորոշման փոփոխությունը: Ուկրաինային հրետանային արկեր կարող է տրամադրել նաև Սերբիան:

Վերջին մի քանի օրերին ուկրաինական ուժերը խորքային հարվածներ են հասցրել Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին, էներգետիկ ենթակառուցվածքներին: Ամենախոշոր հարձակման թիրախ է դարձել Տուապսեի նավանահանգիստը, որտեղ շարքից դուրս են բերվել նավթալցման մի քանի կայանքներ:

Բրիտանական աղբյուրները հաշվարկել են հոկտեմբեր ամսվա ընթացքում Ռուսաստանի տարածքային նվաճումները՝ ընդամենը 257 քառակուսի կիլոմետր: Իհարկե, անկախ փորձագետներն արձանագրում են նաև ուկրաինական ուժերի «գերմաշվածությունը»:

Այդուհանդերձ, ոչ ոք նույնիսկ տպավորություն չունի, թե ռուս-ուկրաինական պատերազմը մոտ ապագայում կդադարի: Դիվանագիտությունը մատնված է պարապուրդի կամ քննարկումներ ընթանում են միայն փորձագետների մակարդակով:

Այս իրավիճակում արտառոց հայտարարություն է արել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը: Ստամբուլում իսլամադավան մի քանի երկրների արտգործնախարարների հետ հանդիպումից հետո նա ասել է, որ Ստամբուլում ռուս-ուկրաինական բանակցությունների չորրորդ փուլ անցկացնելու համար Թուրքիան պատրաստակամ է:

Այն դեպքում, երբ ԱՄՆ և Ռուսաստանի նախագահների հանդիպումը չեղարկված է և, ամենայն հավանականությամբ, մինչև տարեվերջ կողմերի նոր համաձայնության չեն գա, թուրքական կողմի նախաձեռնողականությունը թողնում է միայն քարոզչական հնարքի տպավորություն:

Մյուս կողմից, սակայն, չպետք է ուշադրությունից դուրս թողնել, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Սթարմերը մի քանի օր առաջ բանակցություններ է վարել Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ:

Այդ առթիվ արեւմտյան մամուլում կարծիք է հնչել, որ Լոնդոնը և Անկարան ՆԱՏՕ-ի «համակարգում առանձին առանցք են ձևավորում»:

Իսկ ավելի վաղ տեղեկություն է տարածվել, որ Մեծ Բրիտանիան ուկրաինական կարգավորման «չորս կետից բաղկացած առաջարկություն է մշակել»: Մեծ Բրիտանիան և Թուրքիան «փոխարինո՞ւմ են» ԱՄՆ-ին: