Մենք բազմիցս ընդգծել ենք, որ «Զանգեզուրի միջանցքն» ուղղված չէ Հայաստանի ինքնիշխանության դեմ: Նպատակն այն է, որպեսզի միջազգային իրավունքին և ձեռք բերված պայմանավորվածություններին համաձայն Ադրբեջանի տարածքի արևմտյան մասի և Նախիջեւանի միջև ստեղծվի անխոչընդոտ տրանզիտային հաղորդակցություն:
Գտնում ենք, որ «Զանգեզուրի միջանցքը» կնպաստի տարածաշրջանի տնտեսական ինտեգրմանը և «Միջին միջանցքի» շրջանակներում լրացուցիչ երթուղիների ստեղծմանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում են Բաքվի իշխանական լրատվամիջոցները, հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այհան Հաջիզադեն:
Մեջբերված խոսքում առկա է քաղաքական նորամուծություն: Քառասունչորսօրյա պատերազմին հաջորդած գրեթե հինգ տարիներին Բաքուն մշտապես խոսել է Ադրբեջանի հիմնական մասի և Նախիջևանի միջև անխոչընդոտ հաղորդակցության մասին, բայց այսօր առաջին անգամ օգտագործում է «տրանզիտային» բնորոշումը, ինչից հետեւում է, որ խոսքը, ինչպես մի ժամանակ պնդում էր Իլհամ Ալիևը, ոչ թե «Ադրբեջանից՝ Ադրբեջան», այլ Ադրբեջանի հիմնական տարածքի արևմտյան հատվածից Հայաստանի տարածքով Նախիջևանի հետ հաղորդակցության մասին է, որը չի շոշափում Հայաստանի ինքնիշխանությունը:
Ալիևի «քարտեզագրական» վերջին ելույթի կապակցությամբ Հայաստանում ծավալված «քննարկումների» և «կանխատեսումների» ֆոնին Ադրբեջանի ԱԳՆ այս պաշտոնական մեկնաբանությունն, ինչ խոսք, պահանջված է, բայց Հաջիզադեի դիտարկումներում մի շատ վտանգավոր միտում կա:
Բանն այն է, որ նա Ադրբեջանի արևմտյան շրջաններ-Նախիջևան հաղորդակցության «հիմք» է ներկայացնում 2020թ. նոյեմբերի 10-ի Պուտին-Փաշինյան-Ալիև հայտարարության 9-րդ կետը, իսկ TRIPP նախագիծը՝ «Զանգեզուրի միջանցքի» երթուղի»:
Ճիշտ է, նա շեշտադրում է Վաշինգտոնի պայմանավորվածությունները, բայց վերոհիշյալ երկու «նենգափոխումներից» կարելի է տպավորություն ունենալ, որ պաշտոնական Բաքուն Ադրբեջանի արեւմտյան շրջաններ-Նախիջևան հաղորդակցության, պատկերավոր ասած՝ «հեղինակային իրավունքը» վերագրում է Վլադիմիր Պուտինին, Դոնալդ Թրամփին թողնելով միայն իր անունով երթուղում անվտանգության և անցումի հետ կապված հարցերը Հայաստանի հետ կարգավորելու «պարտականությունը»:
Խիստ ուշագրավ է, որ Ադրբեջանի ԱԳՆ-ն նման «խարդախամտություն» իրեն թույլ է տվել Վաշինգտոնում ԱՄՆ-Կենտրոնական Ասիա գագաթնաժողովի հաջորդ օրը: Իսկ Սպիտակ տանը կայացած բանակցությունների, թերևս, ամենաառանցքային քննարկումը, երևում է, ծավալվել է TRIPP նախագծի շուրջ:
Այս իմաստով չափազանց կարևոր է Դոնալդ Թրամփի շեշտադրումը, որ Հայաստանը և Ադրբեջանը նախագիծը կոչել են իր անունով: Փաստացի դա նշանակում է ԱՄՆ նախագահի կողմից «Զանգեզուրի միջանցք» տերմինի և դրա իրավա-աշխարհաքաղաքական ենթատեքստի չեղարկում:
Ալիևն, իհարկե, Թրամփի այդ հայտարարությունը հերքել, առավել ևս չեղյալ հայտարարել չի կարող: Բայց նա, կարծես, խնդիրը ռուս-ամերիկյան մրցակցության տիրույթին հասցեագրելու նպատակ ունի: Իսկ դա ոչ միայն զգաստացնող, այլև բոլոր առումներով ոչ արդյունավետ, նույնիսկ վտանգավոր «կողասահք» է:






Բաց մի թողեք
Արևելյան Եվրոպայի երկրները պետք է չբացառեն «պուգաչովյան բունտի» հավանականությունը և դրա աղետալի հետևանքները
Եվրամիությունը կստեղծի՞ «ռազմական Շենգեն»
Նոր երկրները կարող են դառնալ «Ռուսաստանի տրոյական ձիեր». ԵՄ-ն մտադիր է պետություններ ընդունել «փորձաշրջանով»