19/11/2025

Ինչպես ՔՊ-ականներն արհամարհեցին Նիկոլ Փաշինյանին

Վերջին օրերին խորհրդարանում ընթացող բյուջեի քննարկումները հանրության աչքի առաջ մերկացրին այն լիակատար «բարդակը», որ տիրում է իշխանական թիմում, հետեւաբար՝ նաեւ երկրում։

Հրապարակ թերթը գրել է․ Փոքրիկ թվացող երկու միջադեպ, որոնք հերթական անգամ բացահայտեցին գոյություն ունեցող անպատասխանատու վերաբերմունքը պետության եւ երկիրը կառավարելու հարցում։

Առաջինը նախօրեին էր, երբ խորհրդարանի նիստն անսպասելի ընդհատվեց, քանի որ պարտադիր զեկուցողներից վերջինը՝ Անդրանիկ Քոչարյանը, դահլիճում չէր։ Նա միայն ընդմիջումից հետո շնչակտուր ներս մտավ, ապա մուննաթ եկավ ԱԺ քարտուղարության աշխատակիցների վրա, թե ինչու իրեն նախապես չէին տեղեկացրել, այսինքն՝ իր եւ իր մեծաթիվ աշխատակազմի պարտականությունները եւ կատարվածի մեղքը դրեց ուրիշների վրա։ Իհարկե, դա չմեղմեց Փաշինյանի զայրույթը, քանի որ նիստն արդեն տապալվել էր:

Բայց այն, ինչ կատարվեց երեկ, պարզապես խայտառակություն էր, եւ անգամ նախորդ գումարումների պատգամավորները չէին հիշում նման դեպք, երբ իշխող թիմի երեսփոխաններն ուշանան այն նիստից, որին իրենց քաղաքական ղեկավարն է մասնակցում։ Երեկվա նիստն էլ սահմանված ժամին չմեկնարկեց, քանի որ ՔՊ խմբակցությունից մոտ 20 պատգամավոր բացակայում էր, ոմանք, իհարկե, գործուղման էին։

Դահլիճում ներկա ընդդիմադիրներն էլ ՔՊ-ից վտարված Հովիկ Աղազարյանի հետ պայմանավորվեցին, որ ոչ մեկը չգրանցվի, եւ Նիկոլ Փաշինյանին անակնկալի բերեն` ցույց տալով, թե ՔՊ-ական պատգամավորներն ինչքան թքած ունեն թե՛ երկրի գլխավոր ֆինանսական փաստաթղթի վրա, որը քննարկվում էր, թե՛ իրենց աշխատանքի եւ ամենակարեւորը՝ անգամ Նիկոլ Փաշինյանի վրա, որը կարծում է, թե իշխանական թիմում ինքն անառարկելի հեղինակություն ունի, մոտավորապես` Հիսուս Քրիստոս։

Երբ պատգամավորների գրանցում հայտարարվեց, եւ լուսատախտակին երեւաց, որ ընդամենը 46 պատգամավոր է գրանցվել` չկա քվորում, որի համար 54 պատգամավորի  ներկայություն էր պետք, Փաշինյանի դեմքն այլայլվեց։ Նա «մանթրաշի» մեջ ընկավ, որ անգամ իր ուսապարկերն այլեւս չեն հարգում իրեն։ Տեղում սկսեց նյարդային շարժումներ անել, ոտքերը հատակին տմբտմբացնել, ատամները կրճտացնել, խոժոռված նայել աջուձախ, ներկա-բացակա անել։

Մեղավորի քայլքով Փաշինյանին մոտեցավ ուսապարկերի հիմնարկի ղեկավար Ալեն Սիմոնյանը, փորձեց սփոփել, որ շուտով կգան, սակայն Փաշինյանը մինչեւ լրագրողների օթյակ լսելի ձայնով նյարդայնացած նետեց` ձեռ ե՞ք առնում, էս ի՞նչ ձեւ ա։ Դահլիճում ներկա ՔՊ-ականները աչքները հառել էին դահլիճի դռների կողմը՝ հավանաբար աղոթելով, որ գործընկերները շուտ գան նիստին, եւ Փաշինյանն անկառավարելի չդառնա, միայն Անդրանիկ Քոչարյանն էր հանդարտ ճոճվում իր աթոռին՝ ասես հասկացնելով, թե երեկ ինձ վրա էիք չարախնդում, դե հիմա կերեք։

Ալեն Սիմոնյանը մոլորված այսուայնկողմ էր գնում, փորձում սիրաշահել ընդդիմադիրների սիրտը, որ քարը փեշներից թափեն, գրանցվեն, որ քվորում լինի: Նա անգամ դիմեց Հովիկ Աղազարյանին՝ գուցե Դուք եւ Հակոբ Ասլանյանը մասնակցեք, այն դեպքում, երբ ՔՊ-ից դուրս գալուց հետո Սիմոնյանը հատկապես Փաշինյանի ներկայությամբ առիթը բաց չի թողնում՝ կսմթելու Աղազարյան-Ասլանյան զույգին։

Սակայն Աղազարյանն անդրդվելի մնաց` ասելով, որ կսպասեն գործընկերներին: Սահմանվածից մոտ 15 րոպե անց նոր նիստը սկսվեց, սակայն Փաշինյանը մինչեւ օրվա վերջը նյարդային վիճակում էր, գրեթե չէր շփվում թիմակիցների հետ, անգամ ընդմիջումների ժամանակ, երբ թվում էր, թե Ալեն Սիմոնյանի հետ պետք է նրա սենյակում անցկացնեն, Սիմոնյանն իր «ախրաննիկների» շքախմբով շրջում էր խորհրդարանի միջանցքներում:

Մենք նկատեցինք, որ նիստը սկսվելուց հետո խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը հերթով ներկա-բացակա էր անում եւ ուշացողներից հետաքրքրվում պատճառների մասին: ՔՊ-ում խոսում էին, որ Փաշինյանն ուշացողների ցանկ է պահանջել, եւ այս միջադեպն անհետեւանք չի մնալու։ Ալեն Սիմոնյանն էլ լրագրողների հետ ճեպազրույցում փորձեց արդարացնել թիմակիցներին, թե ոմանք գործուղման են, առնվազն 4-5 կին էլ փոքր երեխա ունեն եւ այդ պատճառով են գուցե ուշացել։

Սակայն օրվա ընթացքում Կոնջորյանի անցուդարձն արդեն իսկ մատնում էր, որ Փաշինյանը ոչ մի արդարացում չի ընդունել եւ հրահանգել է անգամ նախապես ելույթի համար գրանցված ՔՊ-ականների ելույթները կրճատել, ի պատասխան իր նկատմամբ վերաբերմունքի: Հավանաբար ասել էր, որ մեկ օրում ավարտեն բյուջեի քննարկումը, ինքը վաղը խորհրդարան եկողը չէ։ Ուստի Կոնջորյանի մոտ մի ցանկ էլ հայտնվեց` նա հերթով մոտենում էր գործընկերներին, ինչ-որ բան ասում ու ջնջում տվյալ ելույթ ունեցողի անունը: Նկատեցինք, որ անգամ ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանն էր ելույթի համար գրանցվել, բայց հանեց ելույթը, որ քննարկումը չտեղափոխվի հաջորդ օրվան։

Մի խոսքով՝ այս երկու օրվա պատկերից պարզ դարձավ, որ ՔՊ-ականները ոչ միայն անպատասխանատու եւ փնթի վերաբերմունք ունեն պետության ու իրենց աշխատանքի նկատմամբ եւ միայն մեր հաշվին բարձր աշխատավարձեր են ստանում, այլեւ տարրական հարգանք չունեն իրենց առաջնորդի նկատմամբ։ Կամ էլ ՔՊ առաջնորդի ոտքի տակից հողը փախչում է նաեւ իր թիմի մասշտաբով: