Ժամանակակից աշխարհում քաղաքական պայքարը մեծ մասամբ տեղափոխվել է սոցցանցերի դաշտ: Քաղաքական գործիչները, հատկապես՝ իշխանավորները, կա՛մ անձամբ, կա՛մ իրենց տրամադրության տակ եղած աշխատակազմի միջոցով հետեւում են, թե ով որ հարթակում ինչ է ասել կամ գրել իրենց մասին, եւ իրենց պատկերացումներին համապատասխան՝ արձագանքում են այդ հրապարակումներին:
Այստեղ հնարավոր է մի քանի տարբերակ: Կարծր ավտորիտար երկրներում՝ Ռուսաստան, Չինաստան եւ այլն, իշխանությունը հարցին արմատական լուծում է տալիս՝ պարզապես արգելում է սոցիալական հարթակները՝ հասկանալով, որ ոչ բոլորը կցանկանան դրանք ամեն անգամ շրջանցել VPN-ի նման գործիքներով:
Այն ավտոկրատիաներում, որոնք ժողովրդավարության «ձեւեր են թափում», նման կտրուկ քայլերի չեն դիմում: Ամենափափուկ, «թավշյա» ձեւն է՝ օգտագործել սոցցանցերի ալգորիթմները, մեծացնել սեփական կոնտենտի սփռվածությունը եւ նվազեցնել «ընդդիմադիր» բովանդակության տարածումը: Որքան գիտեմ՝ Հայաստանի իշխանությունն էլ է այդ ուղղությամբ մեծածավալ աշխատանք տանում:
Բայց Հայաստանի դեպքում դա, իհարկե, բավարար չէ. կան նաեւ փոխազդեցության այլ միջոցներ, օրինակ, անհաճո հեղինակների վրա «քսի տալ» «ֆեյքերի ֆաբրիկայի» ուժերը: Բացի այդ, ՔՊ-ականները «միջոցներ են ձեռնարկում» իրենց ենթարկվող ռեպրեսիվ ապարատի օգնությամբ (դատարանները, ցավոք սրտի, մտնում են այդ ապարատի մեջ):
Դիմում են դատարան՝ լրատվամիջոցի համար նյութական խնդիրներ ստեղծելու նպատակով, կամ էլ՝ պարզապես ԱԱԾ ջոկատ են ուղարկում՝ «ասֆալտին փռելու» հրահանգով: Ընդ որում՝ դատի տալը բարձրացել է ամենաբարձր՝ վարչապետի մակարդակի, ինչը Հայաստանի նախորդ պատմության մեջ երբեք չի եղել: Նման քայլերը ոչ միայն ավտորիտար ռեժիմի, այլեւ անձնական մանրախնդրության դրսեւորում են:
…Ինձ էլ են ասում, որ զբաղվեմ իմ մասին կարծիքների «մոնիտորինգով», եւ երբեմն նաեւ ինձ փոխանցում են, թե՝ այսինչը քո մասին այնինչ բանն է ասել: Ես ոչ միայն չեմ զբաղվում այդ մշտադիտարկմամբ ու, բնականաբար, չեմ արձագանքում, այլեւ «փոխանցածը» չեմ կարդում: Նախ՝ ես դրա ժամանակը չունեմ:
Երկրորդ՝ ես դա հիմա չեմ կարեւորում: Բացատրեմ, թե ինչու: 2020-ի նոյեմբերի 9-ին մեզ հետ աղետ է պատահել, իսկ դրանից հետո այդ աղետի մեղավորը շարունակում է մեզ իշխել, ինչը առանձին, շատ մեծ ողբերգություն է: Ավելի վատ բան մեզ հետ չի կարող պատահել: Դրա հետ համեմատ այն, որ ինչ-որ մեկը, կամ 3 միլիոն կամ 10 միլիարդ մարդ ինձ չի սիրում, մի աննշան մանրուք է:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Բաց մի թողեք
Թուրքիայի ու Ադրբեջանի հետ խաղաղություն պետք է, բայց պիտի մի բան հասկանալ
Պետությունների շահերը, նույնիսկ եթե նրանք վաղեմի բարեկամներ են, միշտ չէ որ համընկնում են
Փաշինյանի թեզի հիմնական խնդիրը