09/12/2025

Սուրեն Պապիկյանն ԱԺ է եկել քննարկելու խնդրահարույց նախագիծը

Ազգային ժողովի պաշտպանության մշտական հանձնաժողովում այսօր քննվում է ժամկետային զինծառայությունը երկուսից 1.5 տարի դարձնելու մասին խնդրահարույց նախագիծը:

Իշխանության հեղինակած այս նախագիծը ընդդիմախոսների կարծիքով անվտանգային լուրջ սպառնալիքներ է պարունակում, պոպուլիստական է եւ նախընտրական շրջանում փորձում են հանրության լայն շերտերի աջակցությունը ստանալ:

Ըստ լուրերի՝ նախագծին դեմ է նաեւ գեներալիտետը: Քննարկմանը ներկա է նաեւ նախարար Սուրեն Պապիկյանը։ Մասնակցում են նաեւ ՆԳ նախարարի ու ԱԱԾ տնօրենի տեղակալները։

«Պաշտպանունակությունն արտացոլում է մեր երկրի սուվերեն տարածքը պաշտպանելը, ինչը շատ ավելի լավ ու ճիշտ տերմին է»:

Այս մասին ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ ասել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններից մեկին, այն է, որ մեզ հիմա ոչ թե մարտունակ բանակ է պետք, այլ պաշտպանունակ:

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվում էր Զինծառայողի կարգավիճակի մասին օրինագիծը, որին հանձնաժողովը հավանություն է տվել:

Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը հավանություն տվեց պարտադիր զինվորական ծառայության ժամկետը 6 ամսով կրճատելու վերաբերյալ Կառավարության ներկայացրած օրենքի նախագծին:

Այն հանձնաժողովի նիստում ներկայացրել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:

«Նախատեսվում է շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 24-ամսյա ժամկետը փոխարինել 18-ամսյա ծառայության ժամկետով՝ դրա գործողությունը տարածելով 2026թ. հունվարի 1-ից հետո պարտադիր զինվորական ծառայության զորակոչվող քաղաքացիների վրա: 2025թ. ձմեռային զորակոչի շրջանակներում զինված ուժերի համալրումը սկսվելու է 2026թ. հունվարի 7-ից, որի արդյունքում 18-ամսյա ժամկետով ծառայություն են իրականացնելու 2025թ. ձմեռային զորակոչից սկսած՝ պարտադիր զինվորական ծառայության զորակոչված քաղաքացիները»,- ասել է Սուրեն Պապիկյանը:

Նրա խոսքով՝ ժամկետի կրճատումը հնարավոր է դարձել վերջին տարիներին պայմանագրային զինվորական ծառայության գրավչության ավելացման և ընդլայնման ուղղությամբ կատարված և շարունակական աշխատանքների շնորհիվ:

«Առաջիկա մեկուկես տարվա ընթացքում՝ հունվարի մեկից հետո, մենք հնարավորություն ենք ունենալու ևս երեք զորակոչի՝ ամառային զորակոչը, ձմեռային զորակոչը առաջիկա և հաջորդ ամառային զորակոչը «Պաշտպան հայրենյացի» համար՝ որպես հավելյալ ավելացման հնարավորություն»:

Նա նաև նշել է, որ, մոտավոր հաշվարկներով, նախորդ տարիների տենդենցը համալրում կունենա արդեն այն ժամանակ, երբ հունվարի մեկին զորակոչվողները կզորացրվեն:

«Մենք տեսնում ենք, որ մեր հնարավորությունները՝ մարդկային ռեսուրսի ավելացումը, էապես ավելին են լինելու: Ինձ զեկուցել են, որ կարող եմ հրապարակել, դրանք գաղտնի չեն, և ես հրապարակել եմ»,- ասել է նախարարը:

Ինչ վերաբերում է զորակոչի թվերին և ընդհանրապես զինված ուժերի թվաքանակին, նախարարը նկատել է, որ դրանք գաղտնի են և հրապարակման ենթակա չեն:

«Պայմանագրերի խզման կամ նոր պայմանագրերի արդյունքում բացի «Պաշտպան հայրենյաց» ծրագրից քանի հոգի կա՝ 2025 թվականի տվյալներով՝ 1000-ից ավելի է»,- նկատել է Պապիկյանը:

Նախարարի դիտարկմամբ՝ բանակում իրականացված բարեփոխումների արդյունքում բանակում ծառայելու գրավչությունն էապես մեծացել է:

«Պետք է ասեմ, որ նախագիծը երկրորդական արդյունքներ ու ազդեցություններ ունի: Մենք, բոլորս պետք է ուրախանանք, այդ թվում նաև՝ դուք, պարոն, Աբրահամյան, որովհետև վեց ամիս կրճատելով պարտադիր ժամկետային ծառայությունը, երիտասարդը շուտ կամուսնանա, շուտ երեխա կունենա, շուտ ուսում կստանա և վեց ամիս շուտ հարկ կվճարի»:

Այս մասին ասել է Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, պաշտպանության հանձնաժողովի փոխնախագահ Արմեն Խաչատրյանը՝ պատասխանեռլով Աժ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի կարծիքին այն մասին, թե հանրության համար հաճելի նախագիծ է քննարկվում, բայց, երբ մարդը սկսում է սառը դատողությամբ դիտարկել, սկսում է մտածել նաև այն մասին, թե այս փոփոխությունը միջնաժամկետ կամ երկարաժամկետ կտրվածքով՝ իր կամ իր անվտանգության միջավայրի վրա ինչ ազդեցություն է ունենալու:

Խաչատրյանի դիտարկմամբ՝ այս պրոցեսը նախատեսված է եղել դեռևս 2021 թվականին՝ կառավարության ծրագրով, որի մեջ հստակ նշված է եղել, որ պարտադիր զինծառայության ժամկետը պետք է կրճատվի:

«Պաշտպանության նախարարությունը սովորական նախագիծ չէ ներկայացնում, որովհետև, որպեսզի հասնենք սրան, բազմաթիվ բարեփոխումներ են իրականացվել զինված ուժերում, որի արդյունքում հնարավոր է եղել ստանալ այս հաճելի նախագիծը: Այո, հանրության համար պետք է հաճելի լինի»,- նշել է Խաչատրյանը: