11/12/2025

Կոմպրոմիս կլինի Նիկոլ Փաշինյանի ու Եկեղեցու միջև

Վերջին շաբաթների իրադարձություններից, մասնավորապես` Նիկոլ Փաշինյանի ձեռնածությամբ պատարագներից տպավորություն է, որ Եկեղեցի–իշխանություն հակամարտությունը կարծես փոխակերպվել է ներեկեղեցական առճակատման։ Եթե շաբաթներ առաջ Փաշինյանն ու իր խմբակը մասնակցում էին եկեղեցու դեմ դուրս եկած, ապա կարգալույծ արված Հովհանավանքի քահանա Ստեփան Ասատրյանի մատուցած ֆեյք պատարագներին, ապա հետո իրավիճակը փոխվեց ու շրջիկ հավատաքննիչները պատարագի էին մասնակցում արդեն ոչ կարգալույծ քահանաների մատուցած պատարագներին՝  Թալինի, ապա Վայոց Ձորի Խաչիկ գյուղի, իսկ վերջում՝ Արարատ համայնքի եկեղեցիներում։

Հրապարակ թերթը գրել է․ Իսկ վերջին երկու դեպքում պատարագներին մասնակցում էին նաեւ մարզի հոգեւոր թեմերի առաջնորդները, ավելին՝ պատարագի ժամանակ հենց նրանց ներկայությամբ «զեղչում» էին պատարագի` կաթողիկոսին վերաբերող հատվածը, հանրության լայն շրջանակների մոտ հիմնավոր կասկածներ առաջացելով, որ Եկեղեցին սկսել է ներսից ճաքեր տալ․ բարձրաստիճան հոգեւորականներ են միացել «Կտրիճ Ներսիսյանի հրաժարականը» պահանջող Նիկոլ Փաշինյանին։

Սակայն այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հրավիրած եպիսկոպոսաց ժողովից առաջ սրբազաններից եւ հոգեւորականներից մի քանիս ուշագրավ  հայտարարություններ են արել լրագրողների հետ ճեպազրույցների ընթացքում։ Վայոց Ձորի թեմի առաջնորդ Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանն ասել է, որ Խաչիկում տեղի ունեցած պատարագից առաջ հանդիպել է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդին։

«Ես այդ պատարագից առաջ հանդիպել եմ վեհափառին։ Նա ինձ ասել է, որ ես պարտավոր եմ ու պետք է ներկա լինեմ թեմի պատարագներին, ինչպես նաև հետևեմ, որպեսզի կողքից միջամտություններ և խանգարողներ չլինեն։ Ես ուրախ եմ, որ այդ պատարագին ներկա է եղել և՛ վարչապետը, և՛ շատ մարդիկ։ Նրանք իրավունք ունեն ներկա լինելու պատարագներին, ես այդտեղ որևէ արտառոց բան չեմ տեսնում»,- նշել է սրբազանը։ Լրագրողի հարցին՝ արդյո՞ք ինքը կաթողիկոսի հետ կապված խնդիր ունի, Աբրահամ արքեպիսկոպոսը պատասխանել է՝ որևէ մեկի հետ խնդիր չունի, ժողովների ժամանակ էլ բաց և ուղիղ ասում է այն ամենը, ինչ մտածում է։

Լրագրողները նաև հետաքրքրվել են, թե կաթողիկոսի հրաժարականի վերաբերյալ ինչ կարծիք է հայտնել ինքը կամ հիմա ի՞նչ է մտածում, հոգևորականն ընդգծել է՝ որևէ ժողովի ժամանակ այդ հարցը չի բարձրացվել, լինելու դեպքում էլ իր կարծիքը կհայտնի։

Աբրահամ սրբազանը ոչ ուղիղ, բայց պատասխանել է հարցին՝ կարո՞ղ է արդյոք կարգալույծ քահանան պատարագ մատուցել, թե ոչ։ Նա ասել է, որ ինքը համամիտ է այդ հարցով եկեղեցու արտահայտած դիրքորոշմանը, հիշեցնենք, որ կարգալույծ Տեր Արամի, նույն ինքը՝ Ստեփան Ասատրյանի մատուցած պատարագներին Մայր Աթոռն արձագանքել է՝ այն որակելով պղծություն։

Փոխարենը նույն սրբազանն անդրադառնալով հարցին, թե կո՞ղմ էր Բագրատ Սրբազանի շարժմանը, պատասխանել է․ «Իմ դիրքորոշումը շատ հստակ է՝ եկեղեցին քաղաքականության մեջ  պիտի չխառնվի՝ ոչ նախկինում, ոչ այսօր։ Ես համամիտ չեմ եղել և այսօր էլ համամիտ չեմ, որ որևէ հոգևորական, այդ թվում` Բագրատ Սրբազանը, մտնի քաղաքականության մեջ»։ Իսկ Միքայել Սրբազանի կալանավայրում լինելը մեկ տարի առաջ հնչած խոսքի համար իր համար հանդուրժելի՞ է, Վայոց Ձորի թեմի Առաջնորդը խուսափողական պատասխան է տվել. «Դրա համար կան փաստաբաններ, որոնք աշխատում են»։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Ասողիկ աբեղա Կարապետյանն էլ պատասխանելով հարցին, արդյո՞ք հայ եկեղեցում պառակտում կա, ասել է, որ Եկեղեցին երբեք չի պառակտվում, միշտ կուռ է։ Լրագրողի դիտարկմանը՝ «Մենք տեսնում ենք, որ իշխանությունը…», Ասողիկ աբեղա Կարապետյանն արձագանքել է. «Դուք շատ բան չեք տեսնում։ Սպասեք՝ ամեն ինչ կիմանաք»։

Մասյացոտնի թեմի առաջնորդն էլ խուսափել է պարզաբանումներից։

Այսինքն, ստացվում է, որ հոգեւորականները հրապարակավ հերքում են եկեղեցում առկա տարաձայնությունների մասին լուրերը եւ եթե պատկերավոր ասենք՝ վստահեցնում են, որ ամեն ինչ Վեհափառի կոնտրոլի տակ է։ Գուցե Վեհափառը, իսկապես, չի ցանկանում սրել իշխանության հրահրած կոնֆլիկտը՝ մտածելով, որ նման զիջումներով  կկարողանա իշխանության հետ հաշտության գնալ։ Սակայն Նիկոլ Փաշինյանը մեկ անգամ չէ հայտարարել. «Չի լինելու կոմպրոմիս, բացառված է, Կտրիճ Ներսիսյանը պետք է գնա։ Ինչքան շուտ գնա, այնքան ավելի լավ, չի օգնելու, չի փրկելու ոչ մի բան»։ Հհետեւաբար Վեհափառն ու բարձրաստիճան հոգեւորականներն այսօրվա ժողովում պետք է ընտրություն կատարեն՝ կամ պայքարում են եւ դադարեցում անօգուտ կոմպրոմիսները, որոնք եկեղեցու պառակտման, թուլացման տպավորություն են թողնում։ Կամ` համաձայնում են Նիկոլ Փաշինյանի պահանջների հետ եւ Վեհափառը հրաժարական է տալիս: