02/12/2025

Պուտինը հետխորհրդային տարածքի «աշխարհաքաղաքական հսկողության հարցն արդեն իսկ լուծված է համարում»

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Բիշքեկում երկկողմ հանդիպում կունենա Վլադիմիր Պուտինի հետ, 27 –ին կմասնակցի ՀԱՊԿ առաջնորդների խորհրդի նիստին, որտեղ ծրագրված է նրա «սկզբունքային ելույթը», ապա կուղևորվի «հեռավոր արտերկիր»:

Այդ մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Բելառուսի նախագահի մամուլի ծառայությանը մոտ թելեգրամ-ալիքին: Ըստ այդմ, Լուկաշենկոն կայցի Հարավ-արևելյան Ասիա, Մերձավոր Արևելք ու Հյուսիսային Աֆրիկա, բայց նրա շրջայցի հանգրվան երկրների թվարկված չեն:

Իր նախագահության ավելի քան երեք տասնամյա ընթացքում Ալեքսանդր Լուկաշենկոն, ամենայն հավանականությամբ, առաջին անգամ է նման ճամփորդություն կատարում: Ընդ որում, քաղաքական-դիվանագիտական այդ առաքելությունը նա իրականացնում է ռուս-ուկրաինական կարգավորման չափազանց բարդ և բազմաշերտ գործընթացի դեռեւս անորոշ փուլում, բայց՝ ՀԱՊԿ Բիշքեկի գագաթնաժողովից հետո:

Իսկ այնտեղ, ինչպես անոնսավորված է, քննարկվելու են «միջազգային և տարածաշրջանային անվտանգության ապահովման խնդիրները»:

Ռուսաստանյան ՏԱՍՍ պետական գործակալությունը ներկայացրել է ՀԱՊԿ գագաթնաժողովում Լուկաշենկոյի ելույթի հիմնական թեզերը՝ «եվրասիական տարածքում հավաքական անվտանգության ապահովում և գործընկերների ուշադրությունը պահանջող ուղղությունների նախանշում»:

Կարելի է ենթադրել, որ ՀԱՊԿ-ի անդամ կենտրոնաասիական երկրներին իր գլխավոր ուղերձը հրապակայնացնելու «պատիվը» Ռուսաստանի նախագահը վերապահել է Ալեքսանդր Լուկաշենկոյին:

Ընդ որում, դա այնքան կարևոր է, որ առաջացել է ՀԱՊԿ Բիշքեկի գագաթնաժողովի որոշումները Հարավ-արևելյան Ասիայի, Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի որոշ երկրների ևս ներկայացնելու անհրաժեշտություն:

Լուկաշենկոյի շրջայցի աշխարհագրությունը հուշում է, որ Վլադիմիր Պուտինը շարունակում է հուսալ, որ այդ տարածաշրջաններում դեռևս հնարավոր է անվտանգային համակարգաստեղծ դաշնակիցներ գտնել:

Հարավ-արևելյան Ասիայի ուղղությամբ նման փորձ 2024 թվականին Պուտինը ձեռնարկել է անձամբ՝ այցելելով Վիետնամ, բայց ռազմավարական համագործակցության փաստաթուղթ բանակցությունների արդյունքում չի ստորագրվել:

Մերձավոր Արևլքում Ռուսաստանի դիրքերը խարխլվել են Սիրիայում Բաշար Ասադի վարչակազմի տապալումից հետո: Ու թեև կողմերի միջև վերջին շրջանում շփումներ հաստատվել են, հիմնական խնդիրը, որ կապված է արաբական այդ երկրում Ռուսաստանի երկու ռազմակայանների ճակատագրի հետ, դեռևս կարգավորված չէ:

Ինչ վերաբերում է Հյուսիսային Աֆրիկային, ապա Թուրքիային աջակցելով, որպեսզի այդ տարածաշրջանում Ֆրանսիայի ներկայությունը չեզոքացվի, Ռուսաստանը փոխարենը քիչ բան է շահել:

Կարելի է ենթադրել, որ Վլադիմիր Պուտինը ձգտում է Ուկրաինայի հարցում առկա իրավիճակը, երբ միջազգային տպավորություն կա, որ ԱՄՆ-ը և Ռուսաստանը «գնում են աշխարհաբաժանման գործարքի», օգտագործել առավելագույնս՝ Հարավ-արևելյան Ասիայում, Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում ամրապնդելու դիրքերը, բայց քանի որ շոշափելի հաջողությանը չի վստահում, փորձության է ենթարկում Ալեքսանդր Լուկաշենկոյին:

Բայց Լուկաշենկոյի շրջայցի աշխարհագրությունից տպավորություն է ստեղծվում, թե Ռուսաստանի նախագահը հետխորհրդային տարածքի «աշխարհաքաղաքական հսկողության հարցն արդեն իսկ լուծված է համարում»: Կենտրոնական Ասիայի երկրները դիմադրողունակ կգտնվե՞ն: