02/12/2025

Տակառում հայտնված առնետների պես արդեն իրար են սպանում․ Թուրքիա – Պակիստան – Ադրբեջան

Թուրքական մամուլը, հղելով Պակիստանի ոչ պաշտոնական SamaaTV-ի հաղորդմանը, հայտնում են, որ այդ երկրի նախկին վարչապետ Իմրան Խանը «Միջգերատեսչական հետախուզության ծառայության աշխատակիցների կողմից սպանվել է Ռավալպինդայի «Ադիալա» խիստ ռեժիմի բանտում»:

Turkiye պարբերականը վկայակոչել է Պակիստանի նախկին վարչապետի քրոջ վկայությունը, որ եղբոր հետ «տեսակցությունները դադարեցվել են երեք շաբաթ առաջ»: Ըստ տեղեկությունների, «իշխանությունները կոպտորեն մերժել են Իմրան Խանի հետ տեսակցելու նրա փաստաբանների միջնորդությունը»:

Ըստ նույն աղբյուրի, SamaaTV-ին «հարկադրել են հեռարձակել իր տեղեկությունը հերքող լուր»: Հեռուստաընկերությունում «համոզված են, որ իշխանությունները զգուշանում են ներքին խռովությունից»:

Իմրան Խանը կոռուպցիոն գործարքների մեղադրանքով պաշտոնանկ է արվել 2022թ. մարտին, երբ կորցրել է խորհրդարանական մեծամասնությունը:

Մեծ քաղաքականություն վերադառնալու մի քանի փորձից հետո նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել, և նախկին վարչապետը կալանավորվել ու դատապարտվել է տասներկուամյա բանտարկության: Վարչապետի պաշտոնում նրան փոխարինել է Շահբազ Շարիֆը:

Վերջինս Թուրքիայի և Ադրբեջանի հետ ռազմական դաշինքի ջատագով է: Շարիֆը միաժամանակ Հնդկաստանի հետ տարածքային վեճի հարցում ավելի կոշտ դիրքորոշում ունի:

Պակիստանի նախկին վարչապետի «սպանության» մասին տեղեկությունը, սակայն, ուշագրավ է նաև այլ առումով: Բանն այն է, որ 2022թ. փետրվարի 22-ին նա պաշտոնական այցով գտնվել է Մոսկվայում և բանակցություններ վարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Ինչպես հայտնի է, նույն օրը Վլադիմիր Պուտինը ընդունել է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին: Այդ հանդիպման արդյունքում կողմերը ստորագրել են ռազմավարական գործընկերության մասին համատեղ Հայտարարություն:

Իմրան Խանին անվստահություն հայտնելու գործընթաց սկսվել է նրա Մոսկվա այցից մի քանի օր հետո: Այդ ժամանակ միջազգային մամուլում տեղեկություն է հայտնվել, որ նրա «խորհրդարանական մեծամասնության մի շարք անդամներ ԱՄՆ հատուկ ծառայությունների կողմից «մշակման են ենթարկվել», որպեսզի Իմրան Խանը պաշտոնազրկվի որպես Ուկրաինայի դեմ պատերազմում Վլադիմիր Պուտինի աջակից»:

Բարդ է ասել, թե այդ տեղեկությունը որքանով է հավաստի, բայց, կարծես, պատահական չէ, որ Իմրան Խանի «սպանության» մասին տեղեկություն է տարածվել մի փուլում, երբ Միացյալ Նահանգները ներկայացրել է ուկրաինական կարգավորման ծրագիր, որի շուրջ ոչ միայն հակամարտության մասնակից և շահագրգիռ կողմերը, այլև բոլոր երկրներն են սրված հետաքրքրություն դրսևորում:

Ուկրաինական պատերազմի, Ռուսաստանի աշխարհաքաղաքական ծրագրավորումների մասին, բացառված չէ, Իմրան Խանը որոշակի տեղեկությունների տիրապետել է: Ուկրաինական կարգավորման հարցում Պակիստանի գործող վարչապետն ի՞նչ դիրքորոշում ունի, Թուրքիայի և Ադրբեջանի հետ ռազմական դաշինքի նրա ծրագիրը ներգրվո՞ւմ է աշխարհաքաղաքական հնարավոր վերադասավորումներին, նախկին վարչապետը կարո՞ղ էր խոչընդոտել դրա իրականացմանը:

Ադրբեջանական մամուլում թեև ոչ ուղղակի, բայց բավական թափանցիկ ակնարկ է արվել, որ անցյալ տարվա դեկտեմբերի 25-ին «էլեկտրոնային հարձակման է ենթարկվել նաև Ադրբեջանի նախագահի ինքնաթիռը»:

Ռուս-ադրբեջանական լարվածությունը կապ ունի՞ Թուրքիա-Պակիստան-Ադրբեջան ռազմական դաշինք ձևավորելու նախագծի հետ: Իմրան Խանը «սպանվել է», որպեսզի խոչընդոտ չհանդիսանա՞: