Իրանի արտաքին գործերի նախարար Սեյիդ Աբաս Արաղչին ներկայանալի պատվիրակության ուղեկցությամբ հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին: Այդ մասին հաղորդում են Բաքվի իշխանական լրատվամիջոցները և Իրանի Irna պետական լրատվական գործակալությունը:
Իրանա-ադրբեջանական հարաբերությունների «պատմական ակունքների» մասին երկկողմ հավաստիացումների, սիրալիրությունների փոխանակման ֆոնին աչքի է ընկնում իրանական կողմի տեղեկատվության ընդգծումը, ըստ որի Իրանի արտաքին գործերի նախարարը կարևորել է «բարիդրացիության հանդեպ երկարաժամկետ մոտեցումը»:
Արաղչին «հրատապ» է համարել «դիվանագիտական մշտական խորհրդատվությունները, որպեսզի թյուրըմբռնումները հաղթահարվեն, և առկա խնդիրները կառավարվեն»: Իրանի արտաքին գործերի նախարարը փաստացի արձանագրում է, որ Ադրբեջանի հետ հարաբերություններում «առկա են թյուրըմբռնումներ» և դիվանագիտական խորհրդատվությունները, առաջին հերթին՝ իր այցը, նրա համար են, որպեսզի «իրավիճակը կառավարելի լինի»:
Ըստ էության, Արաղչիի Բաքու այցը կարելի է որակել «ստուգողական»: Ալիևի կազմակերպած «հաղթանակի զորահանդեսին» ցուցադրվել են Իսրայելից ձեռք բերված սպառազինություններ, որոնց նշանակությունը, ինչպես անգամ ադրբեջանցի փորձագետներն են վկայում, առավելապես կապված են «Կասպից ավազանում ուժային հավասարակշռության ապահովմանը»:
Իսրայելա-իրանական տասներկուօրյա պատերազմը, չնայած հրթիռակոծումների երկկողմ դադարեցմանը, իրավական առումով ավարտված չէ, փոխադարձ հարվածները կարող են ամեն պահի վերսկսվել:
Այս իմաստով Ադրբեջանի դիրքորոշման դիվանագիտական «հետախուզությունը», որ իրականացրել է Արաղչին, միանգամայն բնական և օրինաչափ է: Իրանի դեմ Իսրայելի օդային հարձակման օրերին և հետո Թեհրանից ամենատարբեր մակարդակով Ադրբեջանի հասցեին դժգոհություններ և անգամ սպառնալիքներ են հնչեցվել՝ կապված նրա տարածքից ԱԹՍ-երի արձակման, իսրայելական օդուժին «լոգիստիկ աջակցություն ցուցաբերելու» հիմնավոր կասկածների հետ:
Իրանն անցյալ շաբաթ պաշտոնապես մերժել է Միացյալ Նահանգների հետ բանակցությունների առաջարկությունը: Թեհրանը գտնում է, որ Վաշինգտոնի նախապայմաններն ընդունելի չեն, Իրանը «միջուկային խաղաղ ծրագիր իրականացնելու իրավունք ունի»:
ԱՄՆ պետքարտուղար Ռուբիոն ի պատասխան ասել է, որ «այսօրվա խաղաղ ծրագիրը վաղը կդառնա ռազմական և տարածաշրջանում լուրջ խնդիրներ կստեղծի», Վաշինգտոնը «դա թույլ չի տա»:
Ալիևի հետ հանդիպմանը կարեւորելով «երկարաժամկետ բարիդրացիությունը» և առկա «հարցերի կառավարելիությունը», Իրանի արտաքին գործերի նախարարը դիվանագիտորեն հրապարակայնացրել է, որ Թեհրանը Բաքվի հանդեպ վստահություն չունի:
Կողմերն, իհարկե, առևտրատնտեսական և կոմունիկացիոն ծրագրեր իրականացնում են, բայց ռազմավարական առումով փոխադարձ անվստահություն ունեն:
Ինչպե՞ս կզարգանան իրանա-ադրբեջանական հարաբերությունները: Ավելի ճիշտ, եթե Ադրբեջանը մնա Իրանի դեմ գործողությունների «թիկունքային հենակետ», պատասխան ի՞նչ քայլեր կարող է ձեռնարկել Իրանը:






Բաց մի թողեք
Չնայած Նիդեռլանդներում, Գերմանիայում և Մեծ Բրիտանիայում վերջին ընտրություններում տարած հաղթանակներին, ծայրահեղ աջակողմյանները ավելի ուժեղ են, քան երբևէ
Բաքվում «դատավարության» եզրափակիչ փուլի մի մասն էր
Մոսկվան և Վաշինգտոնը «խաղաղության ծրագրի ուկրաինական խմբագրումը» չեն ընդունի