12/12/2025

Ալիևյան քարոզչության սադրանք է, զգույշ եղեք

Բաքվի minval politika իշխանական կայքը դեկտեմբերի 11-ին Արցախի վերջին նախագահ Սամվել Շահրամանյանի մասին հրապարակում է արել և նրան ներկայացրել որպես «վախկոտ դավաճանի», ով «յուրայիններին մատնելու միջոցով» կարողացել է «տեղափոխվել Հայաստան»:

Այս հրապարակումն անվարան կարելի է անվանել ալիևյան քարոզչության սադրանք, ինչին, ցավոք, տրվել են սոցիալական մեդիայի որոշ հայ օգտատերեր:

Սամվել Շահրամանյանը Հայաստան է տեղափոխվել ավելի քան երկու տարի առաջ: Այդ ընթացքում ադրբեջանական որևէ լրատվամիջոց նրան չի անդրադարձել: Եվ հանկարծ Հայաստանում ընտրություններից վեց ամիս առաջ, երբ ներքաղաքական լարվածությունը մեծանում է, Բաքվի իշխանական լրատվամիջոցը գրում է, որ Սամվել Շահրամանյանը Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության տեղահանություն է «կազմակերպել, որպեսզի Հայաստանում հեղափոխություն իրականացնի»:

Սա միայն առաջին հայացքից է «փաստի արձանագրում» թվում: Իրականում ալիևյան քաղտեխնոլոգիան Հայաստանում իրավիճակ սրելու նպատակ է հետապնդում: Պաշտոնական Բաքուն մի իրավիճակում է, երբ ոչ խաղաղության և հարաբերությունների հաստատման պայմանագիրն ստորագրելու, ոչ բացահայտ հրաժարվելու քաղաքական կամք չունի և ձգտում է գործընթացը տապալել Հայաստանում անկայունություն սերմանելու միջոցով:

Հաշվարկը որքան խարդախամիտ, նույնքան էլ ակնհայտ է: Բռնատեղահանված արցախցիների միջոցով Երևանում «իշխանափոխություն իրականացնելու» խոսույթը նոր չէ: Այդ թեզը «յուրացնելով»՝ Բաքուն տպավորություն է թողնում, որ «հեղինակային իրավունքն իրենն է», այսինքն Հայաստանի իշխանություններին «օրակարգ ինքն է թելադրում»:

Սամվել Շահրամանյանը, Արցախի քաղաքական վերնախավն առհասարակ արժանի է ամենախիստ քննադատության, բայց դա մեր ներքին հարցն է: Որևէ մեկը պարզապես իրավունք չունի Արցախի վերջին նախագահի դեմ օգտագործել ալիևյան քարոզչության «վկայակոչած փաստերը»: Դա ոչ միայն բարոյական չէ, այլև քաղաքական առումով խիստ վտանգավոր է:

Քաղաքական տարաձայնությունները, Արցախի ողբերգության պատճառների հարցում մոտեցումների տարբերությունը, խաղաղության և Ադրբեջանի հետ հարաբերությունների հաստատման պատկերացումների շուրջ բանավեճը չեն կարող Հայաստանի ներքին կյանքում արմտական ջրբաժան անցկացնել:

Պատերազմը, գուցե, ավարտվել է սահմանի վրա, բայց հայ-ադրբեջանական հարաբերությունները նույնիսկ խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո երկար ժամանակ գործընկերային, լիովին վստահելի չեն լինելու: Բաքուն մշտապես ձգտելու է Հայաստանում «ներկա լինել»:

Վաղը-մյուս օրը տեղեկատվական արտահոսքեր են կազմակերպվելու Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարության «դատավարությունից»: Սա տեղեկատվա-քաորզչական, հոգեբանական պատերազմ է, որտեղ մենք բոլորս պարտավոր ենք մի ճակատում լինել: