«Ասսալամ ալեյքում, եղբայրներ: Այսօր Պուտինը հայտարարեց, որ հրամայել է «ծրագրերին խիստ համաձայն» կարգով շարունակել մարտական գործողությունները: Դա նշանակում է, որ ոչ ոք չի պատրաստվում կանգնեցնել պատերազմը:
Շատերս հույս ունեինք, որ արյունահեղությունը կդադարի, որ մեր զավակները, եղբայրները և հայրերը տուն կդառնան, որ Կովկասն այլևս դագաղներ չի ստանա: Բայց՝ ոչ:
Եվ հիմա միայն ավելի խիստ է լինելու, որսալու են, ձերբակալելու են զինկոմիսարիատներում, օդանավակայաններում, ավտոճանապարհներին, խաբելու են, «հորդորելու են»: Նրանց համար կարևոր չէ, թե քանի երիտասարդ կյանք են խորտակում: Նրանք մի նպատակ ունեն՝ շարունակել պատերազմը, որպեսզի թաքցնեն իրենց վախը և պարտությունը:
Ուստի ես ձեզ խնդրում եմ, եղբայրներ՝ խնայեք ձեզ: Աշխատեք ամեն ինչ անել, որպեսզի ձեր հարազատներին դուրս քաշեք այդ դժոխքից: Տեղեկանքներ ստեղծեք, ախտորոշումներ գտեք, խուսափելու բոլոր օրինական միջոցները գործի դրեք: Եթե հնարավորություն ունեք, որդիներին ուղարկեք արտասահման՝ քանի դեռ ուշ չէ:
Ամեն ինչ արեք, որպեսզի սգատուն չդառնաք: Ձեզնից բացի ձեր որդիներին ոչ ոք չի պաշտպանելու: Մոսկվան կանգ չի առնելու, նա Կովկասից տանելու է բոլորին, ովքեր լռում են, ուստի ամենագլխավորը հիմա կյանք խնայելն է՝ մինչև այս փուլն անցնի»,- Facebook-ի անձնական էջում գրել է «Հարևան Մամեդ» անունով դաղստանցի օգտատերը:
Այս գրառումը կարելի էր անուշադրության մատնել կամ համարել, որ Ռուսաստանի «թշնամիները կեղծ քարոզչություն են ծավալում», եթե Regnum կիսապաշտոնական գործակալության թղթակիցը Մախաչկալայից չափազանց ուշագրավ տեղեկություն չհաղորդեր: Պարզվում է, Դաղստանի ղեկավար Մալիքովը ենթականերին խստորեն կշտամբել է, որ իրենց զավակներին «զորակոչից թաքցնում են»:
Լրատվամիջոցը մեջբերում է Մալիքովի զայրալի խոսքը: «Դուք կարծում եք, իմ որդին պարտական էր կռվել և զոհվել, իսկ ձեր զավակները՝ ո՞չ»: Ըստ Regnum-ի, Մալիքովի «հոգեորդին, որ զինվորական էր, անցյալ տարի զոհվել է ռազմաճակատի առաջնագծում»:
Եթե պատերազմից զավակներին փրկելու թեման հասնում է ինքնավար հանրապետության ղեկավարի աշխատանքային խորհրդակցության օրակարգ, ապա կարելի է պատկերացնել, թե Դաղստանում զորակոչի և «կամավորագրման» շուրջ հանրային ինչ տրամադրություններ են իշխում:
Բրիտանական Guardian-ի տեղեկություններով, ուկրաինական պատերազմը «հարստացրել է Ռուսաստանի բնակչության քսան տոկոսին, բայց քառասուներկու տոկոսն աղքատացել է»:
Պարբերականը գրել է, ինչպես թուրքական մամուլն է հայտնում, որ Կրեմլի պատվերով «անցկացված փակ հարցումների արդյունքներով ռուսաստանցիների կեսից ավելին կողմ է պատերազմը դադարեցնելուն, միայն չորս տոկոսն է համաձայն ռազմական գործողությունները «մինչև հաղթական ավարտ» շարունակելուն»:
Ըստ երևույթին, այս տեղեկությունը մոտ է իրականությանը: Տարեսկզբին Դաղստանի լեռնային աուլներից մեկում գյուղացիները հաշվեհարդար են տեսել ուկրաինական ճակատից վերադարձած երիտասարդի հետ:
Նա ծնողների աչքի առաջ գնդակահարվել է «անհավատների բանակում կռվելու և լեռնականի պատիվն արատավորելու» համար:






Բաց մի թողեք
Սիդնեյում ահաբեկչությունը տեղի է ունեցել, երբ տեղի հրեական համայնքի ներկայացուցիչները տոնում էին ազգային «Խանուկա» տոնը
Զինծառայողին ինքնասպանության են հասցրել․ Սուրեն Պապիկյանի արձագանքը․ Մանրամասներ
Ես չեմ կառչում աթոռից, մենք պատրաստ ենք ընտրություններ անցկացնել, եթե անվտանգային իրավիճակը թույլ տա. Զելենսկի