«Հրապարակի» զրուցակիցն Արտաշես սարկավագ Աջապահյանն է:
– Մի քանի օր է՝ տեղեկություններ են շրջանառվում, որ այս կիրակի` դեկտեմբերի 28-ին, Նիկոլ Փաշինյանն իր «շրջիկ կրկեսով» փորձելու է մայր տաճարում պատարագ անել: Պարզ է, որ նպատակը մեկն է` քայքայել ու պղծել Հայ առաքելական եկեղեցին, որպեսզի Բաքվի հավանությունը ստանա: Ի՞նչ եք կարծում` այս անգամ ինչի՞ են ուզում հասնել նրանք, եթե հաշվի առնենք, որ նախորդ անգամները մարդիկ ինքնաբուխ եկել էին եկեղեցուն պաշտպանելու, այլ ոչ թե Փաշինյանի կողքը կանգնելու: Ի՞նչ եք կարծում` չարժե՞, որ Վեհափառն այս անգամ գոնե դիմի հավատավոր զանգվածին, որպեսզի աջակցեն, սատար կանգնեն եկեղեցուն…. Երբ նման ակցիաներ քաղաքական ուժերն են կազմակերպում, դա քաղաքական պայքարի է նման, իսկ եթե դա անի եկեղեցին, ընկալումը կլինի այլ:
– Քաղաքական ուժերը՝ ամեն մեկն իր հնարավորությունների չափով ակցիա է կազմակերպում` իր համար, բայց Հայ առաքելական եկեղեցու հոտը պետք է մի բան հասկանա, որ, անկախ այն բանից՝ անդամակցո՞ւմ է ինչ-որ կուսակցությունների կամ սատար՞ում է ինչ-ինչ ուժերի, թե ոչ, ինքը մնում է որպես Առաքելական եկեղեցու հոտ եւ ինչ-որ չափով պարտավոր է վտանգների դեպքում պաշտպանել իր եկեղեցին, իր սրբությունները, որոնք դարերի ընթացքում մշտապես եղել են ազգապահպանության սյունը: Սա է ողջ հարցը: Մեր ժողովուրը պիտի գիտակցի, որ արտաքին ուժերին ծառայող այս փոքր խմբակը, որն իսկապես շատ փոքր է, թեպետ ուզում է համառորեն ներկայանալ ողջ ժողովրդի անունից, ծառայում է օտարի շահերին: Ոչ մի առումով այս մարդիկ ոչ մի կապ չունեն քրիստոնեության հետ: Անգամ իրենց նիստուկացով, իրենց ընտանեկան կարգավիճակով քրիստոնեական արժեքներին մոտ չեն: Ամեն ինչով նրանք հեռու են հայ ժողովրդից: Ժողովրդի մեջ մի փոքր գոյացություն են, խաժամուժ, որը ոչ մի իրավունք չունի ժողովրդին առաջնորդելու: Այդ խաժամուժը ոչ միայն չի կարող միջամտել հոգեւոր կյանքին, այլեւ անգամ աշխարհիկ կյանքում չի կարող ազդեցություն ունենալ: Ցանկացած ազգ առաջնորդ է ընտրում նրան, ով կլինի ազգային մտածողությամբ, հայրենասեր, ազնիվ, սակայն մենք այսօր ապրում ենք մի իրականության մեջ, որտեղ կա իբրեւ իշխանություն, որն ապրում է մեր արժեքներին ու կրոնին լրիվ հակառակ: Ինչ-որ անհասկանալի ձեւով իշխանության են եկել, բայց այժմ չունեն ո՛չ լեգիտիմություն, ո՛չ էլ վստահություն` հանրության կողմից: Գործ ունենք օտարի իշխանությունների հետ: Մեր հավատքին, մեր ապրելակերպին, մեր փիլիսոփայությանը դեմ մարդիկ են նրանք:
– Բայց, ամեն դեպքում, ունեն իշխանական ռեսուրսներ, ուժայիններ, իրավապահ մարմինները ստրկամտորեն ծառայում են նրանց: Այս հանգամանքները հաշվի առնելով, ի՞նչ եք կարծում` չարժե՞ դիմել հանրության հավատավոր շերտին, որպեսզի սատար կանգնեն եկեղեցուն:
– Ձեր հարցին հետեւյալ կերպ կպատասխանեմ․ պատկերացրեք՝ Ձեր հոր վրա դրսից ինչ-որ մարդիկ են գալիս կռիվ, արդյո՞ք Ձեր հայրը իր երեխաներին կցանկանա ներքաշել այդ կռվի մեջ՝ գիտակցելով, որ այդ երեխաները չունեն մեծ ռեսուրսներ, հզոր չեն եւ այլն: Եկեղեցու դիրքորոշումն էլ այդպիսին է: Փորձում է իր զավակներին հնարավորինս հեռու պահել վտանգներից, այդ պատճառով էլ ոչինչ չի անում` իր սիրուց ելնելով: Եկեղեցին այդ խաչը միայնակ է տանում, միայն թե իր հավատավոր զավակները չվնասվեն, թեպետ այդ զավակները չափահասություն պետք է դրսեւորեն ու իրենց կամքով գան, կանգնեն եկեղեցու կողքին` առանց հրավերի սպասելու: Երբ մենք տեսնենք, որ մեր ծնողի վրա հարձակվում են, չենք սպասելու, չէ՞, որ ծնողը մեզ օգնության կանչի, ասի` եկեք ինձ փրկելու: Իսկ այդ դեպքում ինչո՞ւ ենք հիմա հատուկ հրավերի սպասում: Անգամ անչափահաս լինելն այս պարագայում արդարացում չէ: Անգամ երեք տարեկան երեխան, երբ տեսնում է, որ ծնողին վնասում են, իր փոքրիկ ուժերը ներդնում է, որպեսզի ծնողին սատար կանգնի: Իրապես ամոթալի կլինի առաքելական եկեղեցու հետեւորդի համար, որ անհաղորդ նստի ու դիտի այս ամենը` կողքից, չմասնակցելով իր ծնողի` հոգեւոր հորը սատարելու գործին:
– Կիրակի օրը, ավանդույթի համաձայն, Մայր Աթոռում Սուրբ պատարագ է տեղի ունենալու: Տեղեկացանք, որ այն մատուցելու է Հայր Զաքարիան: Ի՞նչ եք կարծում` ի՞նչ տեղի կունենա, եթե այդ անբարեկիրթ զանգվածը սուլոցներով ու գռեհիկ վանկարկումներով գա ու ներխուժի տաճար:
– Նրանք հազար ու մի անշնորհքություն կարող են անել, իմ երեւակայությունը չի բավականացնում՝ պատկերացնելու համար, թե նրանք ինչ լկտիությունների ու լպիրշությունների են ընդունակ, սակայն մենք պետք է հասկանանք, որ նրանց ասած պատարագը ոչ մի կապ չունի իրական պատարագ ասվածի հետ: Նրանցը չաղոթելու, աղոթքին հակադրվելու միջոցառում է, որը կազմակերպում են եկեղեցիներում: Նրանց գլխավոր նախապայմանը Վեհափառի համար չաղոթելն է: Եթե իրենք քրիստոնյա են, իսկ քրիստոնեությունը մեզ սովորեցնում է աղոթել անգամ թշնամիների համար, այդ ինչպե՞ս է ստացվում, որ ինչ-որ մի խմբակ, որն ինքն իրեն քրիստոնյա է համարում, շեղվում է Քրիստոսի խոսքից եւ հրաժարվում է աղոթել Վեհափառի համար: Դրա համար մենք պետք է միանշանակ ֆիքսենք, որ այդ մարդիկ քրիստոնյա չեն: Նրանց վարքը կապ չունի քրիստոնյա մարդու վարքի հետ: Քրիստոսն ասում է` դատաստանի օրը շատերն են ասելու` տեր-տեր, սակայն ես ասելու եմ՝ երբ հիվանդ էի, ինձ այցի չեկաք… ջուր չտվեցիք: Այս մարդիկ եթե հրաժարվում են աղոթել, ապա հրաժարվում են աղոթել Աստծո համար: Աստծուն չծառայող տարրեր են նրանք: Մեր ժողովուրդը պետք է հասկանա, որ պատարագն իշխանության համար ապօրինությունների քող է: Եկեղեցաքանդ շարժումը հակաաստվածային է, եկեղեցու դեմ պայքարողը պայքարում է Աստծո դեմ: Աղոթքի դեմ պայքարողն ինչպե՞ս կարող է եկեղեցու համար մտածել: Սա ինչ-որ մի չաղոթողների աղանդ է: Լպիրշների ու լկտիների այս խումբը երբեք եկեղեցի չի մտել ու չունի հաղորդության գիտակցում: Նույնիսկ այս 10 եպիսկոպոսները սրտով եկեղեցում չեն եղել այս տարիներին, էլ ուր մնաց՝ այդ ամբոխը:







Բաց մի թողեք
«Ես չեմ պատրաստվում Ալիեւի տնային աշխատանքը կատարել, ովքեր մասնակցում են, նրանցից հարցրեք»
Ինչքան հնարավոր է վարկաբեկում է, ստորացնում
Մեր հավատացյալներն ավելի շատ են լինելու, եւ այն լինելու է իշխանության համար զսպաշապիկ