25/12/2025

Շողակաթ հեռուստաընկերությունը փակում են քաղաքական նպատակներով

Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը գրել է.

«Կառավարությունը կայացրել է «Շողակաթ» հեռուստաընկերությունը, որպես Հանրային հեռարձակվող, լուծարելու մասին:

Կարծում եմ՝ այստեղ բացարձակապես ավելորդ է խոսել այդ որոշման բացառապես քաղաքական նպատակի մասին, որ սպասարկվել է օրենսդրական նախաձեռնության եւ հետագա գործընթացի տեսքով:

Եթե այս ամենի հիմքում չլիներ քաղաքական քիմքը, ապա կդրվեր ոչ թե «Շողակաթ»-ը լուծարելու, այլ եթերային բարելավման խնդիր, որովհետեւ բարելավման տեղ, իհարկե, կա ցանկացածի պարագայում:

Իհարկե, ժամանակակից տեղեկատվատեխնոլոգիական միջավայրում կան լրատվամիջոցի գործունեության այլ ձեւեր, որոնցից էլ, կարծում եմ՝ կօգտվի «Շողակաթ»-ի անձնակազմը:

Այստեղ, սակայն, շատ էական է հարցի արժեքային, բարոյական կողմը, ընդ որում, թե՛ մեծ, թե՛ նաեւ որոշակի փոքր մասշտաբով: Փոքր՝ նկատի ունեմ մարդկային, հաշվի առնելով, օրինակ՝ այն, որ այս պրոցեսում այս կամ այն կերպ ընդգրկված են նաեւ մարդիկ, որոնք սերտ աշխատանքային առնչություն են ունեցել նույն «Շողակաթ»-ի հետ, ու մինչեւ քաղաքական իշխանության քմահաճույքը՝ չեն տեսել որեւէ խնդիր:

Սա, իհարկե, փոքր դրվագն է, որը, սակայն, ավելի մեծ պատկերի մի կտորն է: Ավելի մեծ պատկերում մենք տեսնում ենք մեր հանրային կյանքի ամենատարբեր ուղղություններով սոցիալ-հոգեբանական եւ արժեքային-բարոյական նշաձողերի փլուզման քաղաքականություն, երբ, պայմանական ասած, «ամեն ինչ դառնում է կարելի», իհարկե, բացառությամբ վերին քաղաքական կոնցեպտները կասկածի տակ դնելու:

Հասարակությունները, որոնց ներքին կյանքն աստիճանաբար մտնում է այդ ռեժիմ, ինքնին ամբողջապես վերածվում են մարգինալ երեւույթի, արդեն, բնականաբար, միջազգային ավելի լայն համայնապատկերում:

Չգիտեմ՝ ինչպիսին կլինի այդ ամենի մշակութաբանական, գիտական բացատրությունը, բայց, ըստ իս՝ մարգինալությունը նախ եւ առաջ արժեքային նկարագրի բացակայությունն է, եւ այդ բացակայության համեմատ՝ առերեւույթ էպատաժության հակադարձ համեմատական խրախճանքը»։