Ինչպիսի՞ն էր 2025 թվականը հայաստանյան քաղաքական կյանքում: Ի՞նչ ձեռքբերումներ ու կորուստներ ունեցանք այս տարի:
Հրապարակ թերթը զրուցել է մի խումբ քաղաքագետների հետ, որոնք ամփոփել են տարին:
Հրանտ Մելիք-Շահնազարյանը մեզ հետ զրույցում ասաց. «2025 թվականը հայերի համար տապալված հույսերի տարի էր: Ինչու, որովհետեւ տարեսկզբին որոշակի քաղաքական ակտիվություն էր նկատվում ներքաղաքական կյանքում, որոշակի ծրագրեր, որը հնարավորություն կտար փողոցային շարժումների միջոցով լուծել հարցեր, սակայն, ամեն դեպքում, ցավոք, մենք տեսանք, որ այդ ամենն ավարտվեց բռնաճնշումների, կալանավորումների եւ դատական գործերի միջոցով: Ըստ էության, եթե հարցին նայենք ընդդիմության տեսանկյունից, ապա 2025-ը կորուստներով լի տարի էր: Կորուստներ, որոնք ոչ միայն ձախողումների եւ քաղաքական բանտարկյալների մասին էին, այլեւ գաղափարախոսությունների, միավորման ներուժի եւ այլն: Շատ դեպքերում ամեն բան այս տարի կորսվեց: Ընդդիմության տեսանկյունից` այս տարին նահանջ տարի էր, իսկ իշխանությունները, իրենց հերթին օգտվելով այդ ամենից, հաստատեցին բռնապետություն: Այն, ինչ կորուստ էր ընդդիմության համար, իշխանության համար դարձավ ձեռքբերում: Ինչ վերաբերում է պետության եւ հայ ժողովրդի շահերին, ապա Թուրքիայի եւ Ադրբեջանի պահանջով, Արեւմուտքի աջակցությամբ, Հայաստանը շարունակում է հետեւողականորեն հրաժարվել ազգային շահերից` բոլոր ասպեկտներում: Արցախցիների վերադարձի իրավունք, միջազգային ատյանների դատական հայցերից հրաժարում, Թրիփի ուղի եւ այլն: Բոլոր այն բացասական զարգացումները, որոնք նախորդ տարիներին դանդաղորեն էին առաջ գնում, 2025-ին զարգացան մեծ թափով, այն աստիճան, որ արդեն թիրախավորել են Հայ առաքելական եկեղեցին եւ դեռ այս առումով հետեւողականորեն աշխատում են: Ունեցանք նաեւ փոքրիկ ձեռքբերում, հաղթանակներ:
Խոսքը ՏԻՄ ընտրությունների մասին է: Ընդդիմադիր ուժերը հաղթեցին տարբեր համայնքներում, սակայն, ինչպես տեսանք, այլ ճանապարհներով իշխանությունները կարողացան խլել այդ հաղթանակները: Սա վատ ազդակ է, որ ընդդիմությունն ու հասարակությունն իր փոքրիկ հաղթանակներին տեր կանգնել չկարողացավ: Այդ է պատճառը, որ ես 2025 թվականը չիրականացած կամ չեզոքացված սպասումների տարի կանվանեի:
2026 թվականի հետ կապված, եթե անկեղծ, այնքան էլ մեծ սպասելիքներ չունեմ, որքան, ասենք, 2025 թվականից առաջ էին:
Տեսնելով, թե ինչ ճանապարհներով է իշխանությունը փորձում վերարտադրվել, կարող ենք փաստել, որ նրանք արդեն թքած ունեն ամեն ինչի վրա` միջազգային հանրություն եւ այլ արժեքներ:
Մեծ մտավախություն ունեմ, որ եթե ընդդիմությունը շարունակեց այս պասիվ կեցվածքով առաջ շարժվել, իշխանությունը կարողանալու է վերարտադրվել: Որպեսզի նման բան տեղի չունենա, հարկավոր են կոնկրետ քայլեր` տարվա առաջին իսկ օրերից սկսած:
Թե՛ քաղաքական բանտարկյալների հարցը, թե՛ եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակը եւ թե՛ իմպիչմենտ նախաձեռնելու հարցը կարող են դառնալ այն գործիքները, որոնք կարող են հույս ներշնչել, որ իշխանափոխության խնդիրը լուծելի է, հակառակ դեպքում, եթե այսպես շարունակվեց, ոչինչ լավ չի լինելու, եւ Փաշինյանն իր բոլոր ծրագրերը կյանքի է կոչելու` 2026-ի հունիսից սկսած»:
Քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը, մեզ հետ զրույցում անդրադառնալով թեմային, ասաց. «Խոսելով 2025 թվականի մասին, ես կառանձնացնեի երկու կարեւոր իրադարձություն` օգոստոսին նախաստորագրված համաձայնագիրը եւ իշխանությունների կողմից բացահայտ սանձազերծված պայքարը Հայ առաքելական եկեղեցու դեմ: Այդ ամենին էլ զուգորդված` քաղաքական բանտարկյալները, խոսքի համար կալանավորվածներ, դատապարտվածներ:
Ըստ իս` սրանք են 2025 թվականի ամենակարեւոր ու առանցքային իրադարձությունները, եւ մեր ուշադրությունը պետք է հրավիրենք հենց այս հարցերի վրա:
Ներքաղաքական առումով 2025-ը խայտառակ վատ տարի էր, հաշվի առնելով եկեղեցու վրա հարձակումները, քաղաքական բանտարկյալները: Կարող ենք ֆիքսել մի բան, որ ընդդիմությունը չկարողացավ միասնական ճակատ ստեղծել եւ արդյունքի հասնել, ես այս ամենը համարում եմ ձախողում, թեպետ դեռ ժամանակ կա: Միեւնույն ժամանակ ես լիահույս չեմ, որ էական փոփոխություններ տեղի կունենան: Ինչ վերաբերում է թվացյալ խաղաղությանը, ապա այն իսկապես թվացյալ է, չհաշված նախաստորագրված պայմանագիրը: Ինչու, որովհետեւ այդ ամենի արդյունքում, փաստորեն, այն, ինչ կարող էինք ստանալ, չենք ստացել, հայ ռազմագերիները դեռեւս Բաքվում խոշտանգվում են, իսկ միակ շոշափելի արդյունքն այն է, որ Հայաստանի իշխանությունները խաղաղությունն օգտագործում են որպես նախընտրական քարոզչական թեզ, թե իբրեւ խաղաղությունը եկել է, այն դեպքում, երբ Բաքուն ամեն օր նոր պահանջներ է առաջ քաշում, իսկ Փաշինյանի իշխանությունը քայլառքայլ իջեցնում է նշաձողը»:
Բայց ՀՀ իշխանությունները շնորհակալություն են հայտնում Իլհամին եւ ասում, որ վերջապես Ադրբեջանի տարածքով նա հնարավորություն տվեց մեզ` ցորեն, բենզին ներմուծել Հայաստան։ «Դրանք, միանշանակ, ձեռքբերումներ չեն, դա ուղիղ աջակցություն է Ադրբեջանի իշխանությունների կողմից Հայաստանի ՔՊ-ական իշխանություններին, որպեսզի նրանք հեշտությամբ վերարտադրվեն եւ շարունակեն իրենց զիջումները: Եթե այս ամենը լիներ խաղաղության համաձայնագրի ստորագրումից հետո, ապա ես այս ամենը նորմալ կհամարեի: Այժմ ես՝ ինքս, ինձ հարց եմ տալիս` լավ, Ադրբեջանի ինչի՞ն էր պետք Հայաստան բենզին ուղարկել, եւ ես որեւէ այլ բացատրություն չեմ տեսնում, քան ընտրություններին ընդառաջ Փաշինյանի իշխանությանն աջակցելն է, եւ, ի վերջո, փորձում են այս քայլերով մեղմացնել այն քարոզչական ազդեցությունը, որը կապված է իրենց կողմից Արցախում հուշարձանների ոչնչացման եւ այլ վայրագությունների հետ: Ես կարծում եմ, որ գալիք 2026 թվականին շատ բան կկանխորոշվի` ընտրությունների արդյունքներից հետո, օրինակ` իշխանություններն ասում են, որ Թրիփը կսկսի գործել հուլիս ամսից, այսինքն` ընտրություններից հետո: Եթե այս իշխանությունները վերարտադրվեն, պարզ է, թե ինչով են վերադարձնելու Ադրբեջանին այն պարտքը, որն այժմ ստանում են բենզինի, ցորենի եւ, որ ամենակարեւորն է` սահմաններին չկրակելու տեսքով, որպեսզի իբր թե խաղաղության փուչիկը չպայթի»:
Ստեփան Դանիելյանը մեզ հետ զրույցում խոսեց այս տարվա բուռն քաղաքական զարգացումների մասին. «2025 թվականը նախընտրական տարի էր, այս տարվա գործընթացներն անպայմանորեն ազդելու են գալիք տարվա հունիսին կայանալիք ընտրությունների վրա: Գործող իշխանությունն այժմ ունի մեկ հիմնական նպատակ` առաջիկա ընտրություններում վերարտադրվել: 2025 թվականն առանձնահատուկ տարի էր քաղաքական բանտարկյալների եւ եկեղեցու դեմ գրոհի առումով: Հայաստանում կան բազմաթիվ մարդիկ, ովքեր խոսքի համար այժմ գտնվում են բանտերում:
Իշխանությունը մի գործելակերպ է որդեգրել, որ ընտրություններին պետք է մասնակցել բռնությունների միջոցով: Բոլոր այն թեկնածուները, ովքեր վտանգ են ներկայացնում, հակառակորդ են իշխանության համար․ կա՛մ կալանավորվում են, կա՛մ նրանց դեմ քրեական գործեր են բացում: Հայաստանի պատմության մեջ չի եղել նման իրավիճակ` քրեական գործերի առումով:
Արդեն նաեւ փորձ է արվում լրատվամիջոցներին լռեցնելու, լրագրողներ կձերբակալվեն եւ այլն:
Հայ առաքելական եկեղեցու դեմ հալածանքները եւս հասել են աննախադեպ չափերի: Աշխարհում ոչ մի տեղ` գոնե 21-րդ դարում դա գոյություն չունի: Փաշինյանի իշխանությունը եկեղեցու դեմ պատերազմ է հայտարարել, որն ունի բացահայտ քաղաքական նպատակներ:
Մյուս կարեւոր իրադարձությունը, որ տեղի է ունեցել 2025 թվականին, Թրիփի նախագիծն էր, որը մինչ այս պահն անհասկանալի է: Այն ակնհայտորեն աշխարհաքաղաքական նախագիծ է: Թե որ երկրներն են համագործակցելու, կամ որ երկրների դեմ է այն ուղղված, դեռեւս հստակ չէ: Արդյո՞ք Հայաստանը կարողանալու է ապահովել իր ինքնավարությունը Սյունիքի հատվածում, թե՞ արդեն 99 տարով Սյունիքը հանձնվել է արտաքին կառավարմանը:
Այս ամենն ի՞նչ հետեւանքներ կթողնի, եւ ինչպե՞ս կդրսեւորեն իրենց Իրանն ու Ռուսաստանը, արդյո՞ք Թուրքիան ամբողջովին իր վերահսկողության տակ չի վերցնելու Հարավային Կովկասը, այդ թվում` Հայաստանը: Այս հարցադրումներն ունեն բազմակի հարցականներ եւ ներկայացնում են պոտենցիալ վտանգներ: Մենք չենք կարող Հայաստանի ներքաղաքական զարգացումները տարանջատել աշխարհաքաղաքական զարգացումներից:
Կարծում եմ, որ 2026 թվականն աշխարհում մեծ փոփոխություններ է բերելու, եւ գուցե դրա ամենակարեւոր ցուցիչն այն է լինելու, որ Ուկրաինայի պատերազմը մոտենալու է ավարտին: Այն կնշանակի աշխարհի անվտանգության ճարտարապետության նոր սկիզբ: Այդ պատերազմը ե՛ւ միտված է Եվրոպայի անվտանգությանը, ե՛ւ Ռուսաստանի: Այդ ամենը, բնականաբար, անդրադառնալու է նաեւ Հարավային Կովկասի վրա եւ ոչ միայն:
2026 թվականի խորհրդարանական ընտրությունները Հայաստանում ունեն աշխարհաքաղաքական բաղադրիչ: Շատ կարեւոր է, որ հայաստանյան այն քաղաքական ուժերը, որոնք մասնակցելու են ընտրություններին, արտահայտեն նաեւ իրենց աշխարհաքաղաքական տեսակետները:
Փաշինյանի իշխանությունը տանում է Հայաստանը փակուղի:
2025 թվականին նրանք շարունակել են հանձնել Հայաստանի ինքնավար իրավունքները, սուվերենության աստիճանը շարունակաբար իջեցվել է, եւ կատարվել են Ադրբեջանի բոլոր պահանջները, եւ, որ ամենավտանգավորն է, եթե հանկարծ, ինչը, իհարկե, ես քիչ հավանական եմ համարում, այս իշխանությունը վերարտադրվեց, ապա հայկական կողմի զիջումները հասնելու են աննախադեպ չափերի, գուցե նաեւ հարցականի տակ դնելով Հայաստանի պետականությունը»:

Բաց մի թողեք
Պաշտպանենք իրար՝ մեկը՝ բոլորի, բոլորը՝ մեկի համար, բացառենք մեր նկատմամբ անհարգալից վերաբերմունքը
Նիկոլը գնում է Թրամփի ճանապարհով․ ժողովուրդը ոտքի՛ է կանգնելու
Զբոսաշրջիկները չեն կարողանում ավտոբուս նստել ու վճարել