16/02/2026

Ալիևի ընկեր Մադուրոյի ձերբակալությունից ի՞նչ եզրակացության կգան Բաքվում

Aliyev tsik

Միացյալ Նահանգները Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասում հատուկ գործողություն է իրականացրել: Այդ մասին սոցիալական հարթակում գրառում է կատարել անձամբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:

Նա հայտնել է, որ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն տիկնոջ հետ «առևնգավել է և դուրս բերվել երկրի տարածքից»: Ռուսաստանի ԱԳՆ-ն ԱՄՆ-ի այդ գործողությունը դատապարտել է: Եվրամիությունը և եվրոպական առաջատար երկրները Մադուրոյի «առևանգմանը» դեռևս չեն արձագանքել:

Ուշագրավ է, որ Վենեսուելայի մերձավոր դաշնակիցների շարքում ուրույն տեղ ունի նաեւ Ադրբեջանը: Կողմերը դիվանագիտական հարաբերություններ հաստատել են 1995թ.-ին, բայց իրական համագործակցություն սկսել են 2016-ից:

Այդ տարվա հոկտեմբերի 10-ին Ստամբուլի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակներում կայացել է Իլհամ Ալիևի և Նիկոլաս Մադուրոյի առաջին հանդիպումը: Տասը օր հետո Մադուրոն այցելել է Բաքու: Երկրորդ անգամ Վենեսուելայի նախագահն Ադրբեջան է այցելել 2019թ.-ին:

Վենեսուելան և Ադրբեջանը անդամակցում են Չմիացած երկրների շարժմանը: Պաշտոնական Կարակասը Նիկոլաս Մադուրոյի նախագահության շրջանում ղարաբաղյան կարգավորման հարցում բացահայտ սատարել է Ադրբեջանի դիրքորոշմանը, երկրի «տարածքային ամբողջականության վերականգնման» հարցում Ալիևին քաղաքական աջակցություն ցուցաբերել:

Կողմերի արտաքին գործերի նախարարությունները պարբերաբար խորհրդատվություններ են անցկացնում: Բաքուն և Կարակասը նաև առևտրա-տնտեսական գործընկերներ են:

Պաշտոնական Բաքուն Նիկոլաս Մադուրոյի «առեւնգմանը» դեռևս չի արձագանքել: Հաշվի առնելով առկա իրողությունները, Իլհամ Ալիևը հազիվ թե իրեն թույլ տա Միացյալ Նահանգների և նախագահ Թրամփի հասցեին քննադատական խոսք հնչեցնել: Այդուհանդերձ, Կարակասում տեղի ունեցածը չի կարող նրա համար աննկատ մնալ:

Վերջին տարիներին Ադրբեջանը վարել է «հակագաղութային» արտաքին քաղաքականություն: Անկախ քաղաքական համոզմունքներից և բռնատիրական հակումներից, Նիկոլաս Մադուրոն անկախ երկրի նախագահ էր:

Նրա «առևանգումը», որի նպատակը Միացյալ Նահանգներում նրան դատական պատասխանատվության ենթարկելն է, չափազանց զգաստացնող ազդակ է աշխարհի ավտորիտար առաջնորդներին:

Ռուսաստանի ԱԳՆ-ն բնորոշել է, որ ԱՄՆ-ում նախապատվությունը տրվել է գաղափարական, ոչ թե պրագմատիկ նպատակահարմարությանը: Դատելով ադրբեջանական կողմի դիտարկումներից, Բաքվում կայուն տպավորություն ունեն, որ Դոնալդ Թրամփին «գործարար գրավչությամբ կարելի է ամեն ինչ հրամցնել»:

Մադուրոյի «առեւանգումը», հավանաբար, ԱՄՆ նախագահի մասին պատկերացումներում սկզբունքային նշանակություն կունենա:

Ի՞նչ եզրակացության կգան Բաքվում: Տարեմուտի հարցազրույցում արտաքին քաղաքական հարցերով Ալիևի օգնական Հաջիևը վստահաբար հայտարարել է, որ Բաքուն «վայելում է Թրամփի վարչակազմի կատարյալ աջակցությունը»: Նա թույլ է տվել ասել, որ Թրամփն «աջակցում է Ադրբեջանի խաղաղարար նախաձեռնությանը»: