08/03/2026

EU – Armenia

Հայաստանում ընտանիք չկա, ում Փաշինյանը սուտ չի ասել․ Մարիաննա Ղահրամանյան

Կառավարության նիստից հետո լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ Փաշինյանը Ամանորի գիշերը մի շարք բնակավայրերում հոսանքազրկումների հարցին պատասխանելիս ասաց, թե պատճառը նախորդ շրջանում ՀԷՑ-ի սեփականատերերի կողմից ներդրումային պարտավորությունները չկատարելն ու սխալ կառավարումն է։

«Այն գործընթացները, որ վերջին ամիսներին դուք տեսել եք՝ սկսած մայիսից, հենց դրա արդյունքն են, որ ՀԷՑ-ը չի կատարել իր ներդրումային պարտավորությունները և, մասնավորապես, Հայաստանի մարզային բնակավայրերում: Եվ 6 ամսվա ընթացքի պրոցեսները, եթե տեղի չունենային, հոսանքազրկված բնակավայրերի թիվը կլիներ 3 անգամ ավելի, և ես հիմա շատ լուրջ կասկածներ ունեմ, որ այդ ամենն արվում էր Հայաստանում քաղաքական դժգոհություններ գեներացնելու համար՝ թաքնված լինելով Հայաստանի առանցքային ենթակառուցվածքներից մեկի թիկունքում»,- նշեց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ ՀԷՑ-ին լիցենզիայից զրկելը արդարացված որոշում է եղել, որը կարող են պաշտպանել տարբեր ատյաններում։ Փաշինյանի հայտարարություններին արձագանքել է ՀԷՑ–ի սեփականատեր Սամվել Կարապետյանի հիմնադրած «Մեր ձեւով» շարժման մամուլի խոսնակ Մարիաննա Ղահրամանյանը․

«Ի պատասխան Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների, ՀՀ-ում ընտանիք չկա, ում Փաշինյանը սուտ չի ասել։ Իսկ ո՞րն էր պարճառը, որ անցած տարի չկային այս հոսանքազրկումները, իսկ այս տարի կան: Մեկ բան է փոխվել` նշանակվել է ոչ պրոֆեսիոնալ կառավարիչ, որն արգելել է պլանային աշխատանքերը բազմաթիվ հասցեներում և աշխատանքից հեռացրել է քաղաքի գրեթե բոլոր էներգետիկ շրջանների մասնագետ պետերին: Անցած տարվա 45 մլրդ դրամ ներդրման տեղն էլ արել է 25 մլրդ դրամ ներդրում, այսինքն ինքն է թերակատարել: Նիկոլ Փաշինյանը էներգետիկայից չի հասկանում, նա թույլ ղեկավար է ու ոչ մասնագետ»: