Այսօր ժամեր առաջ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ գերության մեջ հայտնված Գևորգ Սուջյանը, Դավիթ Դավթյանը, Վիգեն Էուլջեքջյանը և Վագիֆ Խաչատրյանը քիչ առաջ Հակարի կամրջով Ադրբեջանի Հանրապետության համապատասխան մարմինների ներկայացուցիչների կողմից հանձնվել են Հայաստանի Հանրապետության համապատասխան մարմինների ներկայացուցիչներին:
Հիշեցնենք, որ արցախցի Վագիֆ Խաչատրյանը առևանգվել էր Լաչինի միջանցքից ամռանը, երբ փորձել էր Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ Հայաստան տեղափոխվել բուժման նպատակով։
Բաքուն Վագիֆ Խաչատրյանին կեղծ մեղադրանքներով դատապարտել է 15 տարվա ազատազրկման։ Վագիֆ Խաչատրյանի դուստրը՝ Վերա Խաչատրյանը «Հրապարակի» հետ զրույցում նշեց, որ ընտանիքի համար տարեց հոր վերադարձի լուրը անակնակալ է եղել։ Վերան անչափ հուզված էր, սակայն միևնույն ժամանակ շատ երջանիկ։
Նա մեզ հետ զրույցում ասաց․ «Ոչ մի բան չենք իմացել, մեր տեղեկություններով՝ ժամը 9-ին հայրս կլինի Նորք-Մարաշ ԲԿ-ում։ Այնքան ուրախ ենք, այնքան անսպասելի էր այս լուրը, երջանկությունից չգիտեմ, թե ինչ անեմ։ Երանի թե բոլոր գերիներն անխտիր վերադարձած լինեին տուն։ Այլ բան չեմ կարող ասել, շատ հուզված եմ»։ Հարցին՝ ով է միջնորդել գերիների վերադարձի համար, ընտանիքը տեղյակ եղե՞ լ է արդյոք, թե՞ ոչ, Վագիֆ Խաչատրյանի դուտսրն ասաց, որ այդ մասին իրենց որևէ տեղեկություն չեն տրամադրել։


Բաց մի թողեք
Փետրվարի 22-ի աստղագուշակ․ Հաճույքով կօգնեն ընկերները, որոնց աջակցությամբ կպահպանեք լավ տրամադրությունը
Այստեղ եմ 21 000 ժամ․ Ռուբեն Վարդանյանի եզրափակիչ խոսքը՝ Բաքվի կեղծ դատավարության ավարտին
Վասիլիս Մարագոսը հայերենով ուղերձ է հղել Մայրենի լեզվի միջազգային օրվա առիթով և Սահյան ասմունքել․ Տեսանյութ