12/02/2026

Կայքը՝ 2009թ․-ից․ սկսած՝ Միտք թերթից 2001թ.

Ժամկետանց սունկ՝ «Երեւան սիթի» սուպերմարկետում․ Լուսանկարներ

Հունվարի 12-ին գնումներ եմ կատարել Երեւանի Ավան-Նոր Նորք վարչական շրջանում գտնվող «Երեւան սիթի» սուպերմարկետում: Աչքիս զարնեց սուպերմարկետում զեղչված գնով շամպինիոն տեսակի սունկը:

Հրապարակ թերթը գրել է․ Տեղական արտադրության սնկի կես կիլոգրամանոց փաթեթի գինը 1270 դրամ էր, զեղչված գնով փաթեթը վաճառվում էր 795 դրամով: Փաթեթների վրա նշված էր ժամկետը՝ հունվարի 12, այսինքն՝ սնկի օգտագործման, պիտանելիության ժամկետն այդ օրն էր լրանում: Դրանով կարելի է բացատրել սնկի գնի էական զեղչը, սովորաբար կիլոգրամը 1590 դրամով շամպինիոն սունկ չի վաճառվում։ Հաջորդ օրը՝ հունվարի 13-ին նույնպես գնումներ կատարեցի նույն սուպերմարկետում: Հունվարի 13-ին շամպինիոն սունկը, նախկինի նման, վաճառվում էր զեղչված գնով՝ 795 դրամով: Սակայն սնկի փաթեթների վրա չկար հունվարի 12-ի մասին գրառումը, եւ ակնհայտ էր, որ սնկի նույն խմբաքանակն էր վաճառքում: Հունվարի 12-ը սնկի պիտանելիության վերջնաժամկետն է, ինչո՞ւ հունվարի 13-ին եւ դրանից հետո նույն սունկը շարունակում է մնալ նշված սուպերմարկետի վաճառքում, ո՞վ պետք է պատասխան տա, եթե ժամկետանց  սնկի օգտագործումից մարդկանց առողջությունը վատանա:

Նախկինում բազում հրապարակումներ եմ ունեցել նույն սուպերմարկետում ժամկետանց  սննդի, փչացած, մկնահոտ կոնֆետների, նաեւ՝ առանց հայերեն գրառումների «Ռեդդի» յուղի վաճառքի վերաբերյալ, եւ այդ հրապարակումները չեն հերքվել: Գրել եմ նաեւ այն մասին, որ  նույն՝ «Երեւան սիթի» սուպերմարկետում   որոշ բանջարեղենի գները գրված են 100 գրամի հաշվարկով, կողքին էլ մանր տառերով գրված է, որ դա 100 գրամի քաշն է: Անուշադիր, տեսողության խնդիր ունեցող կամ օտարերկրացի, հայերեն կարդալ չիմացող գնորդները, կարծելով, թե դա  բանջարեղենի մեկ կիլոգրամի գինն է, վերցնում էին «էժան» բանջարեղենը: Լրագրողիս բազմաթիվ հրապարակումներից հետո «Երեւան սիթի» սուպերմարկետում բանջարեղենի գինը 100 գրամի հաշվարկով չի գրվում:

«Երեւան սիթի» սուպերմարկետների գործունեության հետ կապված այլ հարցեր էլ կան: Քանիցս գրել եմ՝ ինչո՞ւ Հայաստան շաքարավազի ներկրմամբ  եւ դրանց մանրածախ վաճառքով զբաղվող Սամվել Ալեքսանյանին պատկանող «Երեւան սիթի» սուպերմարկետում  շաքարավազի գինը բավական բարձր է, քան Երեւանի այլ խանութներում, Իջեւան քաղաքի սուպերմարկետներում:

Ընդդիմադիր պատգամավոր եղած ժամանակ Նիկոլ Փաշինյանը Ս․ Ալեքսանյանին մեղադրում էր հումքի անվան տակ արտերկրից շաքարավազ ներկրելու, այդկերպ հարկեր չվճարելու, Արմեն Իսրայելյանի սպանությանն առնչություն ունենալու մեջ: 2016թ․ հունվարի 14-ին պատգամավոր Ն․ Փաշինյանն ԱԺ-ում հայտարարել է․ «Երեկ հայտնի դարձավ, որ Մոսկվայում սպանվել է «Ձկնկուլ» անունով հայտնի Արմեն Իսրայելյանը, որն Ազգային ժողովի պատգամավոր Սամվել Ալեքսանյանի խմբի նախկին անդամ էր եւ Ալեքսանյանի կողմից առեւանգումներ, ահաբեկումներ եւ այդ ծանր հանցանքները  կատարելու մասին հայտարարությունների հեղինակը եւ այդ հայտարարությունների հիման վրա հարուցված քրեական գործով առանցքային վկան: Հայաստանի հատուկ քննչական ծառայությունը Իսրայելյանի հայտարարությունների հիման վրա հարուցված քրեական գործը մեկ շաբաթ առաջ կարճել է, ինչը ՀՔԾ-ի եւ ընդհանրապես Հայաստանի իրավապահ համակարգի ծախու լինելու անհերքելի ապացույց է։ Ակնհայտ է, որ Իսրայելյանին Մոսկվայում վերացրել է վարձու մարդասպանը, եւ տեղի ունեցածի վերլուծությունը բերում է ուղիղ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով»:

2016թ․ մարտի 17-ին խորհրդարանում Ս․ Ալեքսանյանն իր կողմից հումքի՝ շաքարեղեգի անվան տակ արտերկրից շաքարավազ ներկրելու, այդկերպ հարկեր չմուծելու վերաբերյալ Ն․ Փաշինյանի հայտարարությունների վերաբերյալ լրագրողներին ասել է․ «Ինքն ուզում ա ցույց տա, որ ընդդիմություն ա, ինքը դրա  համար ա բան անում, թե չէ իրան բազուկը չի հետաքրքրում: Ինքը մեր հետ ա, պրոստո ուզում ա ցույց տա, որ մեր հետ չի, իրա նպատակը էդ ա, ուրիշ նպատակ չունի»։ Ապա   հավելել է․ «Ինքը մեր ախպերն ա, մեր հետ ա»: Բոլոր իշխանությունների հետ «ախպերացած» Ս․ Ալեքսանյանը 2018-ի թավշյա հեղափոխություն-իշխանափոխությունից հետո ախպերացել է Նիկոլ Փաշինյանի իշխանության հետ, Ալեքսանյանին եւ նրա ընտանիքին, հարազատներին պատկանող ընկերությունները կառավարության որոշումներով  միլիարդավոր դրամների հարկային արտոնություններ են ստացել: Ն․ Փաշինյանն այլեւս չի հիշում Ս․ Ալեքսանյանի  կողմից շաքարավազի մեծաքանակ ներկրմամբ հարկերից խուսափելու, Արմեն Իսրայելյանի չբացահայտված սպանությանը նրա առնչության մասին: Սամվել Ալեքսանյանը  նոր սուպերմարկետ է կառուցում, շարունակում գնորդներին ժամկետանց սնունդ վաճառել: