14/02/2026

Բերդերում տեղ են ազատում

Որոշ տեղեկություններով, Հայաստանի բանտերում նախնական կալանքի տակ պահվողների հատվածներում` մեկուսարաններում, ակտիվ բեռնաթափման աշխատանքներ են այժմ իրականացվում:

«Հրապարակ» թերթը գրել է․ Նշենք, որ նախնական կալանքի տակ գտնվողների եւ դատապարտյալների հիմնարկները տարբեր են` անձի դատավճիռն ուժի մեջ մտնելուց հետո նրան այլ հիմնարկ են տեղափոխում: Մեզ ասացին, որ նախնական կալանքի հատվածները հիմա ազատում են․ դատարանները մեծ թվով որոշումներ են կայացնում՝ ոմանց դատավճիռներն են արագացնում, մյուսների նկատմամբ այլընտրանքային խափանման միջոցներ են կիրառում, օրինակ՝ տնային կալանք, վարչական վերահսկողություն։

Տեղեկություններ կան, որ նման հրահանգ է իջեցվել, իսկ թե որն է դրա նպատակը, առայժմ հայտնի չէ։ Կարելի է ենթադրել, որ տեղ են ազատում առաջիկա ռեպրեսիաների համար: 2025 թվականին առաջին ատյանի դատարանները բավարարել են կալանքը որպես խափանման միջոց կիրառելու մասին միջնորդությունների գերակշիռ մասը` ներկայացվել է 3 հազար 530 միջնորդություն, որից մերժվել է ընդամենը 447-ը: