Փետրվարի 17-18-ին Ժնևում կկայանան ուկրաինական կարգավորման հերթական «խորհրդատվությունները»: Այդ մասին ՏԱՍՍ-ին ասել է դիվանագիտական աղբյուրը: ՌԻԱ-Նովստին իր հերթին տեղեկացրել է, որ բանակցությունները տեղի կունենան ընդլայնված ձևաչափով:
ՏԱՍՍ-ի աղբյուրը մասնավորեցրել է, որ Ռուսաստանի պատվիրակության կազմում «կընդգրկվի առնվազն տասնհինգ անդամ, ներառյալ ԱԳ փոխնախարար Գալուզինը»: Ի՞նչ կազմով են բանակցություններին ներկայանալու Ուկրաինան և Միացյալ Նահանգները, այդ մասին դեռևս տեղեկություն չկա:
Հատկանշական է, որ բանակցությունների վայր ընտրվել է Ժնևը: Շվեյցարիան չեզոք երկիր է, որի տարածքում բանակցությունները սովորաբար ընկալվում են որպես առնվազն «հուսադրող»:
Կարելի է ենթադրել, որ Ուկրաինան և ԱՄՆ-ը նույնպես ընդլայնված կազմով պատվիրակություններ կգործուղեն Ժնև, ինչից ենթադրվում է, որ ուկրաինական կարգավորման բանակցություններում «որոշակի առաջընթացի հեռանկար կա»:
Ավելի վաղ Financial Times-ը գրել է, որ Ուկրաինան «համաձայնել է հունիսին նախագահի ընտրություններ և հանրաքվե անցկացնելու առաջարկին», բայց Վլադիմիր Զելենսկու գրասենյակից այդ տեղեկությունը հերքել են:
Ուկրաինայի նախագահը մասնակիորեն գաղտնազերծել է, որ տարածքային հարցում ԱՄՆ-ն Դոնբասի համար առաջարկում է «ազատ տնտեսական գոտու կարգավիճակ, բայց չի հստակեցնում, թե ով է կառավարելու այն»:
Ուկրաինայի նախագահը հայտարարել է, որ իր երկիրը «պատերազմում Ռուսաստանին չի պարտվում, և ուկրաինական տարածքներում պետք է գործի Ուկրաինայի իշխանությունը»:
Ուշագրավ է, որ Ժնևում ուկրաինական կարգավորման բանակցությունները կմեկնարկեն Մյունխենի անվտանգության խորհրդաժողովից հետո և կավարտվել Վաշինգտոնում «Խաղաղության խորհրդի» անդրանիկ նիստից մեկ օր առաջ:
Մինչ այդ մամուլը տեղեկացրել է, որ եվրոպական մի շարք երկրներ ընթացիկ տարվա կտրվածքով Ուկրաինային 35 միլիարդ դոլարի սպառազինությունների մատակարարման «հանձնառություն են ստանձնել»:
Ռուսաստանյան «Նեզավիսիմայա գազետա»-ի տեղեկություններով խոսքը վերաբերում է ԱԹՍ-ներին, ՀՕՊ և ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներին, հրետանային համակարգին և արկերին:
Լրատվամիջոցն ակնհայտ ենթատեքստով հավելել է, որ սպառազինությունների և ռազմական նշանակության սարքավորումների և տեխնոլոգիաների մեծ մասը ձեռք կբերվի ԱՄՆ-ից և հավելում, որ առաջին անգամ Ուկրաինային ռազմական աջակցություն ցուցաբերող երկրների շարքում «պաշտոնապես ընդգրկված է նաև Թուրքիան, որի ներգրավվածությունը, սակայն, չի բացահայտվում»:
Ժնևում բանակցությունների մեկնարկի մասին տեղեկությանը զուգահեռ ՌԻԱ Նովոստին, առանց հստակ աղբյուրներ նշելու, գրել է, որ «ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Կիևի վարչակազմին հստակ ուղերձ է փոխանցել: Ռուսաստանի հետ համաձայնության վերջնաժամկետը հունիս ամիսն» է:
Որքանո՞վ է հավաստի այդ տեղեկությունը, երևի հասկանալի կդառնա փետրվարի 18-ին Ժնևի բանակցություններին հաջորդած կողմերի հայտարարությունների վերլուծությունից:






Բաց մի թողեք
Ի՞նչ օրակարգ և ժամանակացույց ունի Ալիևի Մյունխեն այցը
Պուտինը կարտահանձնի՞ Ալիևի երբեմնի փաստացի մրցակցին
Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարներիին ներում շնորհելու հնարավորությունը բացառվում է․ Ալիև