14/02/2026

Պուտինը կարտահանձնի՞ Ալիևի երբեմնի փաստացի մրցակցին

Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայությունը նախագահի աշխատակազմի երկարամյա ղեկավար Ռամիզ Մեհթիևի «գործակալական գործունեության» մասին ընդարձակ հաղորդագրություն է տարածել, որտեղ նա մեղադրվում է «պետական դավաճանության և իշխանությունը բռնությամբ յուրացնելու փորձի», ինչպես նաև «պետական դավաճանության» մեջ:

Խիստ ուշագրավ է, որ ՊԱԾ-ը Մեհթիևի «հակապետական գործունեության» երկու դրվագ է ներկայացրել:

Առաջինը վերաբերում է 2013թ. նախագահական ընտրություններին, երբ Մոսկվայում կազմավորված «միլիարդատերերի ակումբը» մտադրվել էր Իլհամ Ալիևին մրցակից առաջադրել հայտնի կինոռեժիսոր Ռուստամ Իբրահիմբեկովին: Այդ փուլում խնդիր էր Իբրահիմբեկովի երկքաղաքացիությունը:

Նա ՌԴ քաղաքացիությունից դուրս գալու խնդրանքով դիմել էր Վլադիմիր Պուտինին, բայց հարցն այդպես էլ չէր լուծվել: Ադրբեջանի ընդդիմության տեղեկություններով, Պուտինը «ընդառաջել է Իլհամ Ալիևի խնդրանքին»:

Երկրորդ դրվագն արդեն վերաբերում է անցյալ տարվա սեպտեմբերին Մեհիթևի և ՌԴ ԳԱ աշխատակից մի կնոջ միջև հեռախոսազրույցին: Ադրբեջանի ՊԱԾ-ը պնդում է, որ այդ կինը ՌԴ ԱԴԾ աշխատակից է, որի միջոցով Մեհթիևը մտադիր է եղել «իշխանափոխության ծրագիրը ներկայացնել Ռուսաստանի հատուկ ծառայություններին»:

Այս վարկածն արժանահավատ չէ այնքանով, որ Մեհթևը քառորդ դար Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավար է եղել՝ միաժամանակ հանդիսանալով Անվտանգության խորհրդի քարտուղար և ԱԴԾ հետ կապվելու համար ՌԴ ԳԱ «մի կին աշխատակցի» կարիքը հաստատ չէր ունենա:

Մեհթիևի գործն, ինչպես ռուսներն են ասում՝ «կարված է սպիտակ թելերով», բայց շատ կարևոր է նկատի ունենալ, որ նրան և մյուսներին մեղադրանք առաջադրելու մասին պաշտոնական հաղորդագրություն տարածվել է ԱՄՆ փոխնախագահ Վենսի Բաքու այցի տառացիորեն հաջորդ օրը:

Փաստացի Ալիևը հրապարակայնացրել է, որ Ռուսաստանի հատուկ ծառայությունները Բաքվում ունեցել են «ռեզիդենտ»՝ ի դեմս Մեհթիևի, որն իր հերթին «հինգերորդ շարասյուն» է ձևավորել, որպեսզի իշխանափոխություն իրականացնի և «Ադրբեջանը տանի ՀԱՊԿ»:

Մեհթիևը տնային կալանքի է ենթարկվել անցյալ տարվա աշնանը: Վենսի Բաքու այցի նախօրեին դատարանը նրա տնային կալանքի ժամկետը ևս չորս ամսով երկարաձգել է, իսկ Բաքվից ԱՄՆ փոխնախագահի հեռանալու հաջորդ օրը ՊԱԾ-ը փաստացի հրապարակել է նրա մեղադրականը:

Իրադարձությունների ժամանակային համընկնումն ակնյատորեն պատահական չէ: Ըստ երևույթին, փակ հանդիպմանը Վենսը Ալիևին հավաստիացրել է, որ Ռուսաստանի նախագահ Պուտինը «թույլ է, հակաքայլ չի կարող անել»:

Որքանո՞վ է Ալիևի հաշվարկն արդարացված, ինչպե՞ս կընթանա Մեհթիևի և մյուսների դատավարությունը, հանրային ի՞նչ արձագանքներ կունենա՝ ցույց կտա ժամանակը: Մի բան ակնհայտ է. Մեհթիևի դեմ քրգործը, ՊԱԾ մեղադրականը և առաջիկա դատավարությունը քաղաքական են:

Այլապես Ալիևը չէր հիշեցնի 2013թ. ընտրությունները, երբ իր ճակատագիրը կախված էր Պուտինից: Այսօր նույն գործող մեղադրվում է նաև նախկին փոխվարչապետ Աբասովը: Վերջինս շուրջ քառորդ դար է, բնակվում է Ռուսաստանում:

Ադրբեջանի դատախազությունը նրա նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարել: Պուտինը կարտահանձնի՞ Ալիևի երբեմնի փաստացի մրցակցին: